Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի աշնանային հանդիպումը նախապատրաստելու շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 25-26-ը Կրակովում: Այս մասին երեկ հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ես հուսով եմ, որ հոկտեմբերի սկզբին Քիշնեւի հանդիպմանը կհաջողվի այն, ինչը թերի մնաց նախագահների Մոսկվայի հանդիպմանը»,- ասել է Մերզլյակովը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Քիշնեւում տեղի է ունենալու ԱՊՀ պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Ըստ Մերզլյակովի՝ Մոսկվայում նախագահների երկկողմ հանդիպումը չի կարելի դիտարկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումից կտրված: «Ըստ իս, այդ հանդիպումների ընթացքում հաջողվեց շոշափել հնարավոր շատ հետաքրքրական հանգուցալուծումներ, համենայն դեպս մի քանի հարցերի, որոնց շուրջ կողմերը տարաձայնություններ ունեին: Կան հետաքրքրական լուծումներ, որոնց նախագահները եկել են հենց երեքով: Կարծում եմ, որ ապագայում դա կարող է դրական արդյունք տալ»,- ասել է նա: Մերզլյակովը նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու համար Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանելու սեպտեմբերի երկրորդ կեսին: