«Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը եղել է կառուցողական: Չնայած հանդիպումից հետո երեք երկրների նախագահներից եւ ոչ մեկը հայտարարություն չի արել քննարկված հարցերի վերաբերյալ, այնուամենայնիվ, բանակցությունների ընթացքում բարձրացվել են ամենակոնկրետ եւ ամենալուրջ խնդիրները, ինչը եւ վկայել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան»,- երեկ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Մոսկվայում կայացած բանակցությունները կարեւոր էին այն պատճառով, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այս անգամ ձգտել է հանդիպել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ առանց որեւիցե վկայի: Նրանք շատ հանգիստ նստել ու խոսել են ոչ միայն Ղարաբաղի հարցի կարգավորման, այլ այն բոլոր թեմաների շուրջ, որոնք կապված են տարածաշրջանի հետ»,- ասել է Ս. Շաքարյանցը: Ըստ նրա՝ բանակցությունների անկյունաքարը պետք է լինի երկու հարց` համաձա՞յն է արդյոք Ադրբեջանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի որպես անկախ պետություն, եւ երկրորդ` տարածքների վերաբերյալ: Նրա խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ հարց է դրել Ադրբեջանի առաջ. տարածքների հարցով Ադրբեջանը պետք է պայմանավորվի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, քանի որ ԼՂ բանակն է հսկում դրանք: «Սա նշանակում է, որ օրակարգում Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղանի շուրջ շուտափույթ վերադառնալն է»,- ասել է նա: Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ Ս. Շաքարյանցը նշել է, որ դրանց հրապարակումը նշան է, որ գերտերությունները կորցրել են համբերությունը: