Կարգավիճակ` տարածքի՞ դիմաց

22/07/2009

«Քաղաքական առումով մեզ խստագույնս մտահոգում է այն զարգացումը, որը կապված է Ղարաբաղյան հիմնախնդրի հետ»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը` անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքներին: Նրա ասելով, իրենք այսօր զգում են, թե ինչպիսի խորը եւ վտանգավոր զարգացումներով հագեցած աշխարհաքաղաքական խաղի կիզակետում է գտնվում ԼՂ հարցը: «Մենք ոչ թե ունենք արդեն մարտահրավերներ, արդեն կարող ենք խոսել սպառնալիքների մասին»,- նշել է նա` եւս մեկ անգամ կրկնելով, որ խնդրի կարգավորման ամենակարճ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է: Ինչ վերաբերում է ԼՂ հարցի ռազմական լուծմանը, Վ. Խաչատրյանը ասել է, թե այսօր Ադրբեջանը զգում է, որ ինքը պատրաստ է նման ուղուն: «Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ ոչ դրական շրջադարձային պահերի: Բոլոր պետություններն ու պետականությունները ձեւավորվել են պատերազմի միջոցով»,- նշել է նա` հավելելով, որ այսօր Հայաստանը ավելի մոտ է կանգնած պատերազմին, քան խաղաղությանը: Վ. Խաչատրյանը ԼՂ հարցի լուծումը տեսնում է «Կարգավիճակ` տարածքի դիմաց» բանաձեւով: Ըստ նրա, ԼՂ հարցի կարգավորման գործընթացում որպես բանակցային կողմ պետք է հանդես գա ԼՂՀ-ն: Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը, նա նշել է, թե քանի դեռ Հայաստանն ունի ներմուծման եւ արտահանման հարաբերակցության նման ահռելի տարբերություն, տնտեսական աճի մասին խոսք լինել չի կարող: Ըստ նրա, այս իրավիճակի ելքը միայն ներքին իրական մրցակցության խթանումն է: «Սակայն Հայաստանում նման բան հնարավոր չէ, քանի որ օլիգարխիկ համակարգն ամրակայվել է այն մակարդակի վրա, որ արդեն անձնավորված են տնտեսության ոլորտները»,- հավելել է նա: