Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախօրեին ձերբակալվել է կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Արաբկիր-1» բաժնի ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` Հովհաննիսյանը կասկածվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ` Քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 2-րդ մասի, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մասնավորապես, ըստ Դատախազության հաղորդագրության, նախաքննությամբ պարզվել է, որ Հովհաննիսյանը 2007թ. մայիս-հունիս ամիսներին իր աներոջը` անհատ ձեռնարկատեր Գառնիկ Սարգսյանին «դրդել եւ օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս, ինչպես նաեւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Սեւանի մասնաճյուղից Ա-Ձ Գ. Սարգսյանի հաշվից, կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008թթ. ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 107.976.000 դրամ, եւ օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող` Գ. Սարգսյանի մահվան կեղծ վկայականը»: