Կապանի վաղ անցյալը ստվարաթղթե արկղերում մեծ հոգատարությամբ փաթաթված այսօր սպասում է իր ապագային, հատկապես նրան, թե ՀՀ Կառավարությունը երբ կփոխանցի խոստացած 95 միլիոն դրամը:
Հունիսի 26-ին Կառավարության արտագնա նիստի ժամանակ պարզվեց, որ երկու տարի անց Կապանի Երկրագիտական թանգարանի հիմնանորոգման համար պետբյուջեից տրամադրվելու է 95 միլիոն դրամ, իսկ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանին` 60 միլիոն դրամ: Արդեն մեկ տարի է, ինչ Կապանի Երկրագիտական թանգարանը տեղափոխվել է նոր շենք, որը հիմնովին վերանորոգման կարիք ունի: Նախկին շենքը հասցրել է որոշակի վնասներ տալ թանգարանի ֆոնդին: Բանն այն է, որ նախկին շենքը գտնվում էր բնակելի հինգհարկանի շենքի առաջին հարկում, ու հենց առաջին հարկով էլ անցնում էին շենքի ջրագծերը, որոնք շատ հաճախ շարքից դուրս էին գալիս, ու ամբողջ ջուրը լցվում էր թանգարան: «Երբեմն մեզ ասում են, թե ինչո՞ւ ենք տեղափոխվել նոր շենք, բայց նախկին շենքում անհնարին էր մնալը: Պատկերացնո՞ւմ եք` մեծ տաշտակներ էինք դնում այդ ջրատար խողովակների տակ, որ գոնե նմուշները չվնասվեն: Դե հենց մեզ մեղադրողներին էլ պետք է կանչեինք, ու ասեինք` թափեք այս ջուրը»,- ասում է թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, ով վերջերս է հրատարակել իր` «Երկաթ վարագույրից այս կողմ» գիրքը: Այն Գրիշա Սմբատյանի թվով երրրորդ գիրքն է, որը բովանդակում է 1920-30-ականների Սովետական Հայաստանի բռնադատված կապանցիներին: Այս գրքի վրա հեղինակն աշխատել է շուրջ 10 տարի: «Մենք պարապ չենք մնում։ Թանգարանում յուրաքանչյուր աշխատակից ունի իր գործը: Հաճախ կազմակերպում ենք արտագնա ցուցադրություններ»,- նշում է Գրիշա Սմբատյանը: «Գիտեք, Թամանյանն աշխատում էր կղմինդրյա մի տնակում, սենյակի տեսքը կարեւոր չէ»,- նայելով սենյակի պատերին ասում է թանգարանի տնօրենը: Ըստ նրա` Կապանի Երկրագիտական թանգարանում կան բացառիկ նմուշներ, որոնք ներկայացնում են բրոնզե դարը: Այս նմուշներից շատերը հայտնաբերվել են շինարարական աշխատանքների ժամանակ: «Եթե Կապանում անգամ պեղումներ էին արվել, մեծամասամբ հնագետներն իրենց հեղինակությունը բարձրացնելու համար ցուցանմուշները հանձնել էին Մայր թանգարանին, իսկ ոմանք էլ՝ երեւի անձնական հավաքածուներն են հարստացրել»,- նկատում է թանգարանի տնօրենը, ով Կապանի Երկրագիտական թանգարանի առավելությունների մասին խոսելիս շեշտեց հատկապես Կապան քաղաքի առավելությունը Հայաստանի մյուս քաղաքների նկատմամբ: «Կապանը ոչ Ապարան ա, ոչ Գավառ ա: Եթե մենք Կապանը ներկայացնում ենք իբրեւ առանձին շրջան, ապա պետք է նկատել, որ Կապանը տվել է անվանի եզակի մարդիկ, որոնց կյանքն ու գործունեությունը ներկայացնելով` սերունդ ենք դաստիարակում: Մենք ունենք հատկապես հնագիտական արժեքներ, որոնք արտացոլում են մեր տարածքի պաշտամունքը, ծեսերն ու ավանդույթները»,- նշում է Գրիշա Սմբատյանը` շարունակելով խոսել Կապան քաղաքի առանձնահատուկ պատմության մասին, երբ Կապանը գրեթե բոլոր ժամանակներում ազգամիջյան ընդհարումների հրապարակ էր: Այս մասին անգամ փաստաթղթեր են պահվել: Սակայն, դժբախտաբար, դեռեւս երկու տարի է անհրաժեշտ, որպեսզի Կապան այցելող հյուրերին Կապանի պատմությունն ավելի համոզիչ ներկայացվի: Ու շատ անգամ, երբ դրսից հյուրեր են գալիս, թանգարանի աշխատակիցները հանում են արկղերի մեջ պահված ցուցանմուշներն ու ցուցադրում: Երբեմն էլ աշխատակիցներն իրենք են ձեռնամուխ լինում ցուցանմուշների մաքրման աշխատանքներին: Օրինակ, մեր գնալուց օրեր առաջ աշխատակիցներն իրենք էին լվացել 130 տարվա կենսագրություն ունեցող գորգերը, որոնք կախել էին թանգարանի շենքի պատշգամբում, որպեսզի չորանան: 1969 թվականից հիմնված թանգարանն այսօր գործում է միայն տնօրեն Գրիշա Սմբատյանի եւ աշխատակիցների համառության ու նվիրվածության շնորհիվ: Չնայած այս մասին նրանք խոսում են բավականին համեստությամբ: