Հոդվածում քննարկում են «քաղաքակրթություն» եւ «մշակույթ» հասկացությունները, դրանց հետ առնչվող մի շարք սկզբունքային հարցեր: Փորձ է կատարվում վերլուծելու «ազատություն» հասկացության ըմբռնման փոփոխվելը քաղաքակրթական համակարգերի փոփոխման եւ մշակութային համակարգերի զարգացման ընթացքում: Քաղաքակրթությունը մեկնաբանվում է որպես կանոնների եւ ինստիտուտների միասնություն, իսկ մշակույթը` որպես այդ կանոններով եւ ինստիտուտներով սահմանափակվող ազատություն: Ներկայիս զարգացումները միտված են ձեւավորելու նոր քաղաքակրթական համակարգ, որը կարելի է նկարագրել որպես գլոբալ ինֆորմացիոն եւ որի դեռեւս չստեղծված, սակայն արդեն որոշակիորեն երեւակվող կանոններին եւ ինստիտուտներին ադապտացվելը դառնում է մշակույթների հիմնական խնդիրը: Դժվար է կանխագուշակել, թե ինչ ձեւեր կընդունի եկող քաղաքակրթական համակարգը, սակայն հարկավոր է փորձել ըմբռնել այն հիմնական միտումները, որոնք առանցքային են դառնալու վերջինիս համար: Մեր` հայերիս, պատմական հանգամանքներով լիովին բացատրելի մշտական թերությունը` ինդիվիդուալիզմը եւ սեփական ընտանիքի սահմաններից դուրս գալու եւ հասարակական կյանքում անկեղծորեն համագործակցելու միտումի, մղումի եւ խիզախության պակասը ներկայում կարող է դառնալ իրական առաջընթացի գրավական, եթե այդ ինդիվիդուալ ազատությունը ծառայեցվի ընդհանուրի շահին եւ ստեղծվի Ցանցապետություն: Ժամանակակից իրականությունը առանձնանում է անցումային շրջաններին հատուկ ռեմիֆոլոգիզացման միտումներով, ինչն իր բաղադրիչներով կապված լինելով զանգվածային գովազդաբրենդային գիտակցության հետ, այնուամենայնիվ, սկզբունքորեն տարբերվում է վերջինից, քանի որ միայն արտահայտում է մերօրյա մարդու պահանջը՝ ամբողջական, ոչ ֆրագմենտար աշխարհայեցողություն, աշխարհընկալում ունենալու: Փիլիսոփայությունը դադարել է իր դերը կատարել՝ զիջելով այն, մի կողմից՝ բազմաթիվ մարդաբանություններին, մյուս կողմից` այդ բրենդագովազդային ամբողջականությունը վերլուծելու կոչված միֆոլոգիային: Վերը նշված պահանջը եւ միայն գիտության մասին ռացիոնալ պատկերացումների (եւ ոչ թե իրական գիտության, ինչպես երբեմն գրում են այս սյուժեներին անդրադարձող հետազոտողները) վրա հիմնված ռացիոնալ մոտեցման սահմանափակ եւ նույնիսկ աղճատող հնարավորությունները հանգեցնում են նրան, որ զանգվածային գիտակցության կառուցվածքի մեջ համակարգող դեր է սկսում կատարել ի սկզբանե չհամակարգված կենցաղային գիտակցությունը՝ կատարելով իր համար անսովոր եւ նույնիսկ անհնարին ֆունկցիա: Այստեղից էլ` խորհրդանիշերի անընդհատ իրար փոխարինող, երբեմն` մերժող շրջապտույտը, որ ի զորու է միայն ամբողջականության պատրանք ստեղծել, առաջարկելով աշխարհի քաոտիկ եւ հիերարխիկ կապերից հիմնականում զուրկ կաղապարանման ինչ-որ բան, որը, միեւնույն ժամանակ, անընդհատ փոփոխվում է, հեղհեղուկ է եւ մերժում է ինքն իրեն: Ինչպես նշում է Ջ.Վայնզեկերը, «արագ փոփոխվող իրականությունը վեր է ածվում պերմանենտ խորհրդանշական հեղափոխության»:
Այդ աշխարհում չկան կայուն արժեքներ, որոնց շուրջ հնարավոր կլիներ համընդհանուր անհերքելի համաձայնության գալ: Պատվիրանները մերժվում են, կյանքը, սեփականությունը, ընտանիքը այլեւս սուրբ եւ անձեռնմխելի չեն: Այլեւս չկա իրար չուտելու, իրար չսպանելու, միջուկային զենք չտարածելու համաձայնություն: Պետությունը զրկվել է բռնություն իրականացնելու իր մենաշնորհից (այս ամենը ապացույցների կարիք չունի: Պետք է միայն հիշել Հարավսլավիան, Իրաքը, Աֆղանստանը, Սեպտեմբերի 11-ը եւ այլն): Չկան նորմեր, որոնք հիմք լինեն սուբկուլտուրայից ավելի լայն հարթություններում, ուստի եւ կասկածի տակ են դրվում այն քաղաքակրթական կառույցները եւ կանոնները, որոնց միջոցով արտահայտվում եւ իրականացվում էին արժեքները եւ մշակութային նորմերը: Լավագույն դեպքում ժառանգված արժեքները նեյտրալ նշանակություն են ստանում, կորցնելով իրենց իմպերատիվությունը: Ինդիվիդուալ հոգեբանական ընկալման համատեքստում նման բնույթ ունեցող խորհրդանշական հեղափոխությունները ընկալվում են որպես աշխարհի կործանում` միֆոլոգեմ, որը կարող է դրսեւորումներ ունենալ, սկսած «Կատարյալ թագավորության /կայսրության կործանում»-ից եւ վերջացրած «Անձ-աշխարհ»-ով: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսին է լինելու աշխարհի փոխկապակցվածությունը արտահայտող երեւույթների եւ կապերի հիերարխիկ կաղապարը վերականգնող նոր կրոնադիցաբանական կամ դիցագաղափարական համակարգը, որի հիման վրա կարող է վերականգնվել աշխարհայեցողության ամբողջականությունը եւ հաղթահարվել գիտակցության ֆրագմենտարությունը: Նոր աշխարհի ստեղծման համար ժամանակ է պետք: Սակայն այս բավականին պարզ ճշմարտության գիտակցումը թույլ է տալիս հաղթահարել մեկուսացումը եւ որոնել կապակցվածություն: Երկիր մոլորակի վրա բնակվող մարդկության այլեւս միասնական ճակատագրի գիտակցումը բնականորեն առաջ է քաշելու համակեցության նոր ձեւեր եւ կանոններ` փոխելով ինֆորմացիոն դեֆիցիտից ազատագրված, սակայն ինֆորմացիոն հեղեղի մեջ դեռեւս դժվարությամբ կողմնորոշվող մարդու դերակատարությունը, հասարակության գործառույթները, պետության ձեւը եւ այլն: Մարդկային հանրակացարանը պետք է ունենա նոր կանոններ, որոնք էլ կվերածեն այն քաոսից` տիեզերքի, որն ունի էություն, իմաստ, առանցք եւ արժեք: Պատվիրանների, այսինքն` այն ընդհանուր կասկածի տակ չդրվող պայմանավորվածությունների, որոնց վրա է հիմնվում համամարդկային համակեցությունը, ցանկը էլ ավելի է ընդլայնվելու՝ ընդգրկելով մարդ արարածի անձնական ինքնիշխանությունը եւ ազատությունը վավերացնող սկզբունքներ եւ միաժամանակ սահմանափակելով նրան` տեխնոլոգիաների զարգացման հետեւանքով իր ազատության գրեթե անսահմանափակ հնարավորություններից օգտվելը: Դժվար է կանխագուշակել, թե ինչ ձեւեր կընդունի եկող քաղաքակրթական համակարգը, սակայն հարկավոր է փորձել ըմբռնել այն հիմնական միտումները, որոնք առանցքային են դառնալու վերջինիս համար: Մեր` հայերիս, պատմական հանգամանքներով լիովին բացատրելի մշտական թերությունը` ինդիվիդուալիզմը եւ սեփական ընտանիքի սահմաններից դուրս գալու եւ հասարակական կյանքում անկեղծորեն համագործակցելու միտումի, մղումի եւ խիզախության պակասը ներկայում կարող է դառնալ իրական առաջընթացի գրավական, եթե այս ամենը գիտակցվի, ուղղորդվի եւ ծառայեցվի ընդհանուրի, այսինքն` իրեն որպես գլոբալ աշխարհում ինտեգրված իմաստավորող Հայաստանի` որպես քաղաքակրթական կառույցի եւ Հայության` որպես համաշխարհային ցանցի շահերին: Այստեղ կարեւորն այն է, որ էությունը եւ երեւույթը գիտակցվեն եւ իմաստավորվեն, դրա հիման վրա հասկանալի կդառնան այն կանոնները եւ սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մեր հայկական մշակույթը առաջատարի միտումներ ունենա եկող քաղաքակրթական համակարգում: Այս ամենի համար անհրաժեշտ է մշակել այնպիսի համակարգ, որը թույլ տա ինդիվիդուալ ազատության մաքսիմալ ծառայեցումը ընդհանուրի շահերին, հնարավորինս քիչ այն սահմանափակելով, քանի որ ցանկացած մշակույթի էությունը եւ որակը կախված է այդ մշակույթի էությունը կազմող ազատությունից: Սակայն նախ ինչ է ազատությունը եւ հատկապես մեր` հայերիս ազատ մտածելու եւ գործելու ինքնատիպությունը:
***
Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրից սկսած մեր հասարակությունը ստիպված է անընդհատ լսել միեւնույն բառակապակցությամբ` «Քաղաքակիրթ երկրներում այսպես է…» հիմնավորվող հաճախ իրար ուղղակի հակադրվող մտքեր, առաջարկություններ, եզրակացություններ այն մասին, թե ինչպես մենք մեր պետության մեջ պետք է վարվենք, գործենք եւ այլն:
Այս տեսանկյունից, հավանաբար, իմաստ ունի անդրադառնալ «քաղաքակրթություն» հասկացության էությանը` անտեսելով, անշուշտ, պոստմոդեռնիստական մուլտիկուլտուրալ բնորոշումները վերջիններիս բացարձակ չհիմնավորված լինելու պատճառով: Հունական դասական շրջանում համարվում էր, որ քաղաքակիրթ են միայն հույները, իսկ մյուսները` բարբարոսներ, քանի որ վերջիններիս համար «ազատություն» հասկացությունը բացարձակապես զուրկ էր քաղաքական իմաստ ունենալուց: Արիստոտելի բնորոշմամբ, ազատ մարդիկ տարբերվում են բարբարոսներից, այսինքն, նրա տեսանկյունից` նրանցից, ով չգիտի, թե ինչ բան է ազատությունը, այն բանով, որ ազատների բնական եւ չօտարվող իրավունքն է «մասնակցել դատին եւ խորհրդին»: Դատական գործերի լուծմանը եւ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքը երաշխավորում է, նախ, իշխանություններին զսպելու հնարավորությունը, ապա` ընդհանուր, միասնական որոշումներին ենթարկվելու պատվի գիտակցումը: Այս դեպքում ենթարկվելը պատիվ է ազատ քաղաքացու համար, քանի որ ինքը, ըստ էության, կատարում է իր ընդունած որոշումը: Դարեր հետո մեկ այլ մեծ փիլիսոփա` Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, փաստորեն, շարունակում է Արիստոտելի միտքը` առաջարկելով հետեւյալ ձեւակերպումը. «Համաշխարհային պատմությունը ազատության գիտակցման առաջընթացի պրոցես է»: Մեկ այլ տեղ այս ձեւակերպումը ստանում է հետեւյալ տեսքը. «Համաշխարհային պատմությունը մարդու` իր ներքին արժանապատվության ձեռքբերման գործընթաց է»: Ա.Յանովի բնորոշմամբ, Հեգելի այս ձեւակերպումից բխում է, որ այն ժողովուրդները, որոնք իրենց առաջ չեն դնում ներքին արժանապատվության ձեռքբերման խնդիրը, քաղաքակիրթ չեն: Կամ, ըստ Հեգելի, մնում են բարբարոս վիճակում, քանի դեռ իրենց առջեւ նման նպատակ չեն դնում:
Այսպիսով, դասական մոտեցումը քաղաքակիրթ լինելու հիմնական նախապայմանը եւ էությունը տեսնում է ազատության եւ մարդկային արժանապատվության կատեգորիաների գիտակցման եւ դրանց արմատավորման մեջ, ինչը իմաստավորում է անցյալը եւ ժամանակի պարզ ընթացքը վեր է ածում Պատմության:
Այսպիսով, քաղաքակիրթ հասարակությունը այն հասարակությունն է, որի անդամները գիտակցում են, եթե օգտվելու լինենք ժամանակակից սոցիալ-քաղաքական բառամթերքից, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններում իրենց մասնակցությունը ունենալու ազատությունը եւ այդ մասնակցությունը մարդկային արժանապատվության ամբողջական գիտակցմամբ իրականացնելու արժեքները որպես իրենց հասարակության հիմնարար արժեքներ: Այս բավականին խիստ եւ հստակ սահմաններ դնող ձեւակերպումից բխում է նախ այն, որ` չլուծելով հասարակության հիմնարար սկզբունքների արմատականացման հիմնահարցը, անիմաստ է ձգտել ոչ էական բնույթ ունեցող պետական եւ հասարակական կառուցվածքի եւ ինստիտուցիոնալ զարգացման առանձին դետալներ փոխ առնել այն պետություններից եւ հասարակություններից, որոնք մեր` քաղաքակիրթ լինելուց շատ հեռու գիտակցությանը թվում են քաղաքակիրթ: Եվրամիության ստեղծման գաղափարի հեղինակ Ժան Մոնեն` փորձելով սահմանել «քաղաքակրթություն» հասկացությունը, գալիս է այն եզրակացության, որ այն բնորոշվում է հետեւյալ կերպ. «քաղաքակրթությունը հավասար է կանոններ+ինստիտուտներ»: Այս սահմանումը` չափազանց ընդգրկուն եւ լիովին հասկացության իմաստը բացատրելով հանդերձ, առաջացնում է մի կարեւոր հարց եւս. իսկ ի՞նչ է այդ դեպքում մշակույթը: Չէ՞ որ առօրյա գործածության մեջ մենք հաճախ նույնացնում ենք այս երկու եզրերը, օգտագործում ենք դրանք որպես հոմանիշներ` շատ դեպքերում չտարբերակելով այս հասկացությունների իմաստները:
Մոնեի ձեւակերպումից բխում է, մեր տեսակետով, միակ հնարավոր բնորոշումը կամ, ավելի հստակ, բանաձեւը` «Մշակույթը հավասար է ազատություն+ստեղծագործություն»:
Մարդ արարածի ոչնչով չսահմանափակված ազատությունը դրսեւորվում է նրա մտքերի, զգացմունքների, արարքների միջոցով, որոնց այն մասը, որը արարչական կարող է որակվել, քանի ազատ կամքի ստեղծագործական դրսեւորումը մարմնավորվում է նորարարության մեջ, դառնում է մշակույթի փաստ, ընդ որում, այս պարագայում դեռեւս չկան գնահատականներ, արժեքային մոտեցում դեռեւս չի ձեւակերպվել: Ստեղծվում է ամեն ինչ` առանց բաղդատելու լավի եւ վատի, չարի եւ բարու. սուր քարը օգտագործվում է եւ՛ տանիքի համար փայտ տաշելու, եւ՛ մերձավորին սպանելու նպատակով, շղթայական ռեակցիան` միջուկային ռումբ եւ միջուկային ռումբ ունենալու համար: Եվ մոնեական իմաստով քաղաքակրթությունը հաստատում է այն կանոնները (այս ամենն ապացույցների կարիք չունի: Պետք է միայն հիշել Հարավսլավիան, Իրաքը, Աֆղանստանը, Սեպտեմբերի 11-ը եւ այլն), որոնք արգելում են մերձավորին սպանել, եւ ստեղծում է այն ինստիտուտները, որոնք հետեւում են նրան, թե ինչպես է այս կանոնը իրականացվում: Փաստորեն, որոշակի հակասություն է ծագում սահմանումների մեջ, եթե հիշենք հեգելյան «ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է» ձեւակերպումը: Բանն այն է, որ կանոններով սահմանափակվող ազատությունը (Հիշենք նաեւ Բ.Սպինոզայի սահմանումը. «Ազատ է կոչվում այն բանը, որը գոյություն ունի միայն իր սեփական էության անհրաժեշտությամբ եւ գործողության է մղվում միայն ինքն իրենով: Անհրաժեշտը, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել` ստիպվածը կոչվում է այն, որը ինչ-որ այլ բանով է դրդվում գոյության եւ գործողության հայտնի եւ որոշված ձեւով»: Հենց այն «գիտակցված անհրաժեշտությունն» է, որի մասին եւ ասում է գերմանական դասական փիլիսոփայությունը, որն այս դեպքում խնդիր չուներ տարբերակելու քաղաքակրթությունը մշակույթից: Ստացվում է, որ մշակույթի կարեւորագույն պայմանն է անսահմանափակ ազատությունը: Էմիլ Բենվենիստը «Հնդեվրոպական սոցիալական եզրերի բառարանում» գրում է, որ չնայած բոլոր հնդեվրոպական ժողովուրդների համար բնորոշ է «ազատ մարդ-ստրուկ» հակադրությունը, այնուամենայնիվ, «ազատություն» ընդհանուր հասկացությունը բնորոշող եզր նրանք չունեին: Հին հունարենում եւ լատիներենում մարդու ազատ լինելը բխեցվում էր նրա արյունակցական կապերով պայմանավորված սոցիալական պատկանելությունից: Հռոմեացիք կոչում էին օրինական զավակներին liberi, այսինքն՝ նրանց համար օրինական զավակ լինելը եւ ազատ լինելը նույն բանն էր նշանակում: Մարդը, ըստ նրանց, ծնվում է ազատ կամ ստրուկ, ազատը տեր է, ազատությունը` տիրակալություն, իշխանություն: Գերմաներենում, համաձայն Է.Բենվենիստի, հստակ է կապը frei (ազատ) եւ Freund (ընկեր, բարեկամ) բառերի միջեւ, ինչը թույլ է տալիս վերականգնել «ազատություն» հասկացության նախնական իմաստը. այն ըմբռնվում էր որպես պատկանելություն մարդկանց սահմանափակ խմբի, որոնք շփվելիս իրար «ընկեր» էին անվանում: Այս խմբի անդամ լինելով՝ մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաեւ անձնավորություն էր, որը որպես այդպիսին՝ ճանաչվում էր յուրայինների կողմից, եւ, այսպիսով` ինքն էլ յուրային էր: Այստեղից բխում է անազատության երկրորդ` սոցիոմշակութային ըմբռնումը. անազատ է այն ամենը, ինչը օտար է, դուրս է յուրայինների շրջանակից, հետեւաբար` թշնամական է, անձից, էությունից զուրկ: Հասկանալի է, որ ազատություն /անազատություն հասկացությունների հիմքում ընկած «օտար-յուրային», «ընկեր-թշնամի» օպոզիցիան հատուկ է գրեթե բոլոր մշակույթներին:
Շարունակելի…
Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ