«Ես ո՞ր մեկը հիշեմ. կան դիմորդներ, որ չեն հիշում «Սամվել» վեպից
դավաճանների անունները, Թումանյանի պատմվածքների վերնագրերը, չեն
պատկերացնում՝ դերբայն ինչ է: Նրանք կարող են կանոններն անգիր անել եւ
ասել, բայց որ նախադասության մեջ է հանդիպում՝ խեղճանում են»,- ընդգծեց
Հայոց լեզվի եւ գրականության առարկայական հանձնաժողովի նախագահ Վազգեն
Սաֆարյանը: Այս երեւույթը մտահոգել էր նաեւ կրթության եւ գիտության
նախարար Սերգո Երիցյանին. «Երեւի բանասիրական մասնագիտությունը մեզանում
համարվում է մնացորդային»,- օրերս մտահոգվել էր նա: Հանձնաժողովի նախագահն
այլ կարծիք ունի: Ըստ նրա, երեխաների չկարդալու պատճառը «տեխնիկական
գրոհն» է եւ դասագրքերի հետ կապված թերությունները: «Պետք չէ հույսը միայն
դասագրքերի վրա դնել»,- շեշտեց պրն Սաֆարյանը: Հանձնաժողովականների
դիտարկումները ցույց են տվել, որ մարզերից եկած դիմորդները, Երեւանի
դիմորդների համեմատ, ավելի պատրաստված են: Քննության ներկայացածների 30%-ը
ստացել է անբավարար: Այս քննության արդեն 4-րդ օրը ներկայացել էր 4 տղա:
Պարզվում է՝ դիմորդները տեղյակ չեն նաեւ հայոց պատմությունից: Հայոց
պատմության քննության 6-րդ օրը ներկայացած մի աղջիկ քննության ավարտից 2
ժամ շուտ դուրս եկավ եւ, ինչպես ինքն ասաց, կիսատ գրված պատասխաններով: Նա
քննության մտնելիս վախեցել էր, որ իրեն կընկնի հենց իր չիմացած հարցը:
Այդպես էլ եղել էր. բախտը չէր ժպտացել աղջկան, եւ նա չէր կարողացել
ներկայացնել Վարդանանց պատերազմը: Հայոց պատմության քննության 5 օրերի
ընթացքում գրանցվել է 117 անբավարար: «Դա պայմանավորված է եւ՛
հանրակրթական դպրոցի վիճակով, եւ՛ աշակերտների գիտելիքների ցածր
մակարդակով»,- մեզ հետ զրույցում նկատեց Հայոց պատմության առարկայական
հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը: Այնուամենայնիվ, վերջինս քննության
արդյունքները վատ չի համարում:
Է. Գեւորգյանը վստահեցնում է, որ իրենց քննության ընթացքում սթրեսային
վիճակում հայտնված դիմորդներին իրենք հանգստացնում են, իսկ գնահատման
հարցում «պեդանտություն» չեն դրսեւորում:
Իսկ ահա Մաթեմատիկայի քննության ժամանակ դիմորդներն առողջական խնդիրներ
շատ են ունենում: Ինչպես վկայեց բժշկուհի Լալա Բադալյանը, դիմորդների մոտ
առավել հաճախ են պատահում նյարդային համակարգի խանգարումներ եւ արյան
ճնշման տատանումներ: Մեր ներկայությամբ մի դիմորդ էլ փորացավ ուներ։
Բժշկուհին նրան զննեց եւ համապատասխան ցուցումներ տվեց: Դիտորդներից մեկի
վկայությամբ՝ հնարավոր է նաեւ, որ գտնվեն «սիմուլյանտներ» եւ լավ չզգալու
պատրվակով ցանկանան դուրս գալ քննությունից: Մինչեւ մաթեմատիկայի 5-րդ
քննությունն անառողջ զգալու պատրվակով քննասենյակից դուրս է եկել 4
դիմորդ: Մաթեմատիկայի քննական առարկայական հանձնաժողովի նախագահ Արկադի
Հայրապետյանը նորմալ է համարում այն, որ քննության մասնակիցների 20%-ն
անբավարար է ստանում: «Նայելով մեր դպրոցների մակարդակին՝ ես գտնում եմ,
որ դա նորմալ է»,- նկատեց նա:
Կենսաբանության առարկայական հանձնաժողովի նախագահ Տիգրան Թանգամյանը
դիմորդների իմացության մակարդակը միջին եւ միջինից բարձր է գնահատում:
Սակայն այստեղ դիմորդների համար դժվար է «վաստակել» առավելագույն 20
միավոր, իսկ 18-19 բալ շատ քչերն են ստացել: Բացատրությունը մեկն է. «Եթե
7 տեսական հարցերի մեջ նույնիսկ մեկ առարկայական սխալ է թույլ տրվում, ապա
0,25 միավոր դուրս է գալիս: Քիչ է պատահում, որ 7-ից 1 միավոր ստանան»,-
բացատրեց պրն Թանգամյանը: