Աշխարհը սրընթաց փոփոխվում է, եւ այն, ինչ բացարձակ անհնարին էր թվում անգամ ամենահամարձակ կանխատեսումներում, այժմ իրականություն է դառնում: Կահիրեում, ապա եւ Մոսկվայում ԱՄՆ-ի նախագահի ելույթներն ու գործողությունները թույլ են տալիս մտածել, որ աշխարհի պատկերը միանգամայն այլ կոնֆիգուրացիաներ է ձեռք բերում, որտեղ Հայաստանը կարող է գտնել իր դրական եւ ֆունկցիոնալ տեղը: ԱՄՆ-ը կարող է եւ պետք է Հայաստանին դիտարկի իբրեւ տարածաշրջանային հարցերում կարեւոր ռազմավարական սեգմենտ: Եվ հնարավոր է, որ Հայաստանը վաղուց շահած լիներ ԱՄՆ-ի վստահությունը` իբրեւ տարածաշրջանային խնդիրների լուծման համար կարեւոր հենակետ, եթե չլիներ քաղաքական իրավիճակների վերլուծման հարցերում հայկական լոբբիի թուլությունը, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի բացահայտ անբարյացակամ, ու ամենակարեւորը` ոչ օբյեկտիվ ելույթներն ու հրապարակումները Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին: Նա հայ հասարակությանը ներկայացնում է իբրեւ ամերիկանաֆոբ: Եվ սա՝ այն դեպքում, երբ անգամ ստալինյան դաժան տարիներին հայ ժողովուրդը միշտ էլ հատուկ համակրանք է ունեցել Ամերիկայի նկատմամբ: Բայց աստված Լիպարիտյանի հետ, նա երբեք էլ աչքի չի ընկել քաղաքական իրականության լուրջ եւ խորը գնահատականով. մաղձը միշտ խլել է նրա խելքի վերջին մնացորդները:
Այսօր` ԱՄՆ-ում Օբամայի իշխանության գալու հետ, ինչպես նաեւ հաշվի առնելով այլ գործոններ (համաշխարհային ճգնաժամը, 2008-ի օգոստոսը, Մեդվեդեւի` իշխանության գալը եւ այլն), իրավիճակը փոխվում է, եւ երկիրը հնարավորություն ունի տարածաշրջանային հարաբերություններում օգտակարության վարկանիշի ավելի բարձր աստիճանի բարձրանալու: Պաշտոնական Երեւանին հարկավոր է իրականում ցույց տալ, թե ինչի է ընդունակ երկիրը, այսինքն` թե ինչպես է մտածում, ինչպես է կարողանում իրականացնել կարեւոր մի բան` տարածաշրջանում իր փոխհարաբերությունների ֆունկցիոնալ եւ համակարգված գնահատականը, ընդ որում` երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Տարածաշրջանում իրադրությունը դինամիկ զարգացման միտում ունի, բայց միաժամանակ իրար բացառող ուղղություններով: Օբաման մահմեդական աշխարհին եւ մասնավորապես Իրանին միանգամայն այլ առաջարկներ է անում, քան մինչ օրս առաջարկում էր Բուշ կրտսերի աշխատակազմը: Եվ ընդհանրապես, միջազգային համագործակցության հարցերում Օբամայի ստրատեգիան միանգամայն այլ գծեր է ձեռք բերում: Օբամայի համար կարեւոր են եւ՛ Ռուսաստանն ու Չինաստանը, եւ՛ Բրազիլիան, եւ՛ Հնդկաստանը, ճիշտ այնպես, ինչպես Ճապոնիան ու Եվրոպան` ԱՄՆ-ի հին գործընկերները: Նոր մոտեցում առաջարկվեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Նոր են նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններին մոտեցումները: Իրաքից զորքի դուրսբերումը, պաղեստինա-իսրայելական նախագծերը, Իրաքից ծանրության կենտրոնի տեղափոխումը Աֆղանստան ու Պակիստան. այս ամենը այս կամ այն չափով վերաբերում է նաեւ մեզ, եթե ոչ ուղղակիորեն, ապա միջնորդավորված կերպով:
Ունե՞նք արդյոք մենք որոշակի փորձ այս նոր իրականությունն արագ եւ օբյեկտիվ ընկալելու: Մենք դեռ նոր ենք մի կերպ փորձում հասկանալ այն, ինչ տեղի էր ունենում վերջին 20 տարիներին, իսկ այդ ընթացքում քիչ հիմարություններ չենք արել: Նոր իրականությունն ընկալելուն մեզ խանգարում է պատմության մեր ըմբռնումը` որպես գիտության, որը պետք է նախազգուշացնի, սովորեցնի ազգին ու պետությանը պատմությունն ընկալելու իբրեւ իրականությունը հասկանալու համակարգ: Բացի այդ, մենք իրականության արագ փոփոխվող պատկերը ըմբռնելու փորձ չունենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում եւ ողջ աշխարհում ընդհանրապես: Ըստ էության` մենք այդ ամենը պետք է հընթացս սովորենք: Եվ մենք ստիպված ենք շատ արագ սովորել, առանց հավակնությունների. մենք` բոլոր հայերս, ներգրավված ենք լուրջ խնդրի մեջ` պաշտպանել Հայաստանի շահերը: Իշխանությունը չպետք է հիշաչար լինի սեփական ինտելեկտուալ ռեսուրսների նկատմամբ: Առանց այդ էլ այդ ռեսուրսները խիստ սակավ են: Հանրահայտ է, որ հիշաչարությունը, որը հատուկ էր մեր երկու նախկին նախագահներին էլ, խելամտության պակասից է, եթե այդ չարությունն ուղղված է սեփական երկրի ինտելեկտուալ ներուժը ոչնչացնելուն: Ինչին էլ ականատես ենք եղել նախկին երկու նախագահների իշխանության օրոք: Ռազմավարության հիմքի վրա հարաբերություններ կառուցելու անկարողությունը ինչպես մեր պատմական մտածելակերպի, այնպես էլ այսօրվա իշխանության կարեւորագույն թերությունն է: Հաճախ մենք չենք գիտակցում մեր առավելությունները: Հաճախ ենք մեր թուլությունները ներկայացնում որպես առավելություն եւ ընկնում անհեթեթ դրության մեջ: Մի անգամ չէ, որ ես բերել եմ Վրաստանի օրինակը. այդ երկիրը հարաբերությունների իրավահավասարության սխեմայում չի ցանկանում լինել Հայաստանի բարեկամ երկիր: Վրացական ազգայնամոլությունը վրաց հասարակության զարգացման կարեւոր ուղղություն է: «Ժողովրդավարություն» կոչվող ներկայացման մեջ Վրաստանը կարող է եվրոպացիների ու ամերիկացիների համար ժողովրդավարի դեր խաղալ: Վրաստանի քաղաքականության նպատակաուղղված ագրեսիվությունը Ջավախքի՝ իր իսկ քաղաքացիների, նաեւ Հայաստանի նկատմամբ մեզ համար նորություն չի: Վրացիները մեզ թերագնահատում են, քանզի մի կողմից՝ նրանք իրենց մեջ արմատավորել են 20-րդ դարասկզբի` ցեղասպանության ժամանակների հայի կերպարը, մյուս կողմից` ցանկանում են ինքնահաստատվել, երրորդ կողմից` մենք գերագնահատում ենք նրանց առավելություները: Այստեղ թերեւս դեր է խաղում ընկեր Ստալինի` «ժողովուրդների հոր» սինդրոմը: Վրաստանի աննախանձելի վիճակը պաշտոնական Թբիլիսին փորձում է բացատրել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվելու հանգամանքով, այնինչ աբխազներն ու օսերը վերջապես դուրս պրծան վախի ու ատելության մթնոլորտից եւ հիմա ազատ են: Նույն կերպ մենք պետք է վերանայենք Թուրքիայի մեր ընկալումը, մի երկիր, որը բազում խորը, երբեմն անլուծելի խնդիրներ ունի: Սակայն դրա համար աշխարհի, մասնավորապես՝ Թուրքիայի մասին հարկավոր է միանգամայն այլ ընկալում: Այսպես է սկսվում համագործակցությունն ու մրցակցությունը միաժամանակ: Այսպես պետք է արդարացի գին ստանանք մեր այս կամ այն ծառայության, առավելության կամ թուլության համար: Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես կզարգանա այդ երկիրը անգամ այն բանից հետո, երբ մյուս ուղղություններով կայուն կապեր կհաստատենք: Մենք պետք է ուշադիր հետեւենք Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը` խորապես ըմբռնելով բոլոր գործընթացները: Սա վերաբերում է մեր հարեւանների բազում այլ խնդիրներին: Սակայն մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ հասարակություն եւ պետություն ենք կառուցում: Բարձրաստիճան պաշտոնյաներից եւ ոչ մեկը` նախագահները, վարչապետները, խորհրդարանի ներկայացուցիչները, չեն հայտարարել, թե ինչ հասարակություն ենք կառուցում եւ ինչ չափանիշներով: Եվ սա՝ այն դեպքում, երբ անընդհատ խոսում ենք Եվրամիության, Արեւմուտքի եւ այլ չափանիշներից, քաղաքական ուղղություններից ու կողմնորոշիչներից: Առանց արդար ընտրության ու գնահատականի բարձր աստիճան ունեցող հասարակության՝ մենք դատապարտված ենք քայքայման, ինչը տեսանք Հայաստանի քաղաքացիների զանգվածային արտագաղթով: Այդ արտագաղթը մինչ օրս շարունակվում է: Ռուսաստանը հայ հասարակության հիմնական դաստիարակն է: Եվ սա փաստ է: Պետք չէ խորամանկել ու ստել, թե մեր երկրում ամեն ինչ ավելի լավ է, քան մյուս անբարենպաստ երկրներում: Ես չեմ անդրադառնա այն հարցերին, թե այդ երկրներում ինչն ինչպես է, կասեմ միայն, որ մեր պատմական բազմաթիվ խնդիրներով (պետականության լիակատար քայքայման 1000 տարին` սկսած Անիի անկումից մինչեւ մեր օրերը, մեր թռիչքներն ու անկումները, ցեղասպանությունը) աշխարհում միակն ու անկրկնելին ենք: Սակայն ուզո՞ւմ ենք մենք արդյոք ապրել մեր սեփական երկրում` արժանապատվությամբ ու նյութապես ապահով: Եթե ուզում ենք, ապա պետք է արդարացի լինենք եւ՛ մեր սեփական որակների, եւ՛ մեր հակառակորդների նկատմամբ: Հայաստանում սոցիալական արդարությունը ազգային պետության հիմքն է: Մի բան, որ մեզնում չի եղել` սկսած 1991թ.-ից: Ցեղասպանություն ապրած ժողովուրդ. յաթաղանի առաջ բոլորն էլ հավասար էին. ունեւորները կորցրին իրենք ունեցվածքը, գյուղացին ու արհեստավորը` Հայրենիքը, իսկ բոլորս միասին` ազգային արժանապատվությունը: Իշխանությունը, որը չի սիրում խելացիներին ու կրթված պրոֆեսիոնալներին ու ամեն կերպ շրջանցում է նրանց, ի վերջո դուրս է նետվելու պատմության նավից, քանի որ պատմությունը փողով չես առնի: Դրա վառ օրինակը ԽՍՀՄ-ն էր` իր հզոր քարոզչական մեքենայով, որ փլվեց թղթե տնակի պես:
Աշխարհը սրընթաց փոփոխվում է: Բոլորը քաղաքականապես հասունանում են եւ ամրանում, անգամ աբխազների ու օսերի նման փոքրաթիվ ազգերը: Նրանք նույնպես դառնում են կովկասյան մեծ խաղի սուբյեկտներ: Իսկ ո՞րն է մեր տեղը: Ի՞նչ եզրակացություններ կանենք մենք այս նոր դրական ազդանշաններից, ու ինչպիսի՞ն կլինի մեր քաղաքական կամքի օգտակար գործողության գործակիցը:
Հարավային Կովկասում մենք պետք է դառնանք լիդեր: Առանց դրա 21-րդ դարում մեր գոյությունը կդառնա ԳՈՅԱՏԵՎՈՒՄ, ոչ թե ԶԱՐԳԱՑՈՒՄ, ինչը նշանակում է հասարակության անկայունություն եւ հայոց կյանքի անարդյունավետություն: Այսօր սա գիտեն եւ դեռ կզգան բոլոր հայերը եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Ֆրանսիայում, քանզի հզոր պետությունը ամրապնդում է ազգային կապիտալը եւ բազմապատկում այն, իսկ թույլը` ամոթահար է անում ու ստիպում մի կերպ դուրս պրծնել, արդարանալ…