Բժիշկները վաղուց ի վեր նկատել են, որ մարդու առողջական վիճակն ազդում է մազերի աճի վրա: Որպես օրինակ՝ կարող են ծառայել անժամանակ ճաղատացումը, մազերի թեփոտումը եւ մի քանի այլ հիվանդություններ, որոնք վկայում են օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին: Այստեղից էլ հարց ծագեց. արդյո՞ք մարդու մազերը չեն կարող օգնել ախտորոշելու նրա հիվանդությունները: Ըստ մասնագետների, հիվանդի գլխից վերցրած մի հատիկ մազի մանրակրկիտ հետազոտումը կարող է ընդարձակ տեղեկություն տալ ոչ միայն նրա առողջական վիճակի մասին տվյալ պահին, այլեւ հետեւել հիվանդության ընթացքին: Այդպիսի հետազոտությունների համար որպես հիմք կարող է ծառայել միկրոտարրերի կուտակումը, որոնք մազածածկույթում 10 անգամ ավելի շատ են, քան, ասենք, արյան շիճուկի մեջ: Բացի այդ, մազը երկար պահելուց չի փչանում եւ անհրաժեշտության դեպքում կարելի է «կարել» հիվանդության պատմությանը:
Գիտությանն արդեն հայտնի են որոշ հիվանդությունների ախտորոշման համար մազերի օգտագործման ոչ քիչ օրինակներ: Օրինակ` շիզոֆրենիայով տառապողների մազերը պարունակում են ավելի քիչ կադմիում եւ մանգան, բայց դրա փոխարեն՝ ավելի շատ կապար եւ երկաթ, քան առողջ մարդու մազերը: Իսկ Դաունի հիվանդությամբ տառապողների մազերում կալցիումի, պղնձի, մանգանի քանակը ցածր է:
Օրգանիզմում վիտամինների անբավարար քանակը, հատկապես երեխաների մոտ, արտահայտվում է մազերում ցինկի նվազ կուտակմամբ: Եվ վերջապես ախտորոշման այս եղանակը թույլ է տալիս դատել շրջակա միջավայրի աղտոտման մակարդակի կամ ծանր մետաղներով հիվանդի թունավորման մասին: