Նորածնի նորմալ զարգացման նշանները

22/07/2009

Մայրերին ավելի հաճախ մտահոգում է երեխայի մարմնի քաշը: Ներկայումս ընդունված է, որ առողջ, ժամանակին ծնված երեխայի քաշը 1 ամսականում, միջին հաշվով, ավելանում է 600 գրամով, երկրորդ եւ երրորդ ամիսներին` 800-ական գրամով, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա ընթացքում, նախորդ ամսվա համեմատությամբ, նվազում է 50 գրամով: Որպես ելակետ է ընդունվում ծնվելու պահին երեխայի քաշը: Լավ զարգացող երեխան 4-4,5 ամսականում կրկնապատկում, իսկ 1 տարեկանում եռապատկում է իր սկզբնական քաշը` կրծքով կերակրելու ժամանակաշրջանի ավարտին հասցնելով 10-10,5 կգ: Ընդ որում` աղջիկների քաշը 6 ամսականում 200-400 գրամով, իսկ 1 տարեկանում` 400-600 գրամով պակաս է նույն հասակի տղաների քաշից:

Ծնողները տագնապ են բարձրացնում՝ նկատելով, որ երեխայի քաշն ընդունվածից պակաս է, իսկ ահա ավելորդ քաշը նրանց ամենեւին չի անհանգստացնում, ոմանք նույնիսկ հպարտանում են` ասելով, թե՝ տեսեք ինչ հսկա է: Ավելորդ քաշը վնասակար է բոլոր տարիքներում: Դա տանում է վաղ ճարպակալման եւ հաճախակի հիվանդանալու պատճառ է դառնում:

Առաջին տարվա ընթացքում երեխայի հասակն աճում է մոտավորապես 25 սմ-ով: Նոր ծնված երեխայի հասակը, միջին հաշվով` 50 սմ է, սակայն 1 տարի հետո նրա հասակը աճում է 1,5 անգամ: Իսկ ահա մեկամյա տարիքում աճի ինտենսիվությունը հասակ առնելու համեմատ դանդաղում է: Աղջիկների մարմնի երկարությունն ամբողջ տարվա ընթացքում 1,5 սմ-ով պակաս է, քան տղաներինը: Այստեղ մեծ դեր ունի ծնողների հասակը, տարիքը եւ առողջական վիճակը: