Ուզում են հարմարավետ զգալ իրենց քաղաքում

27/08/2005

Տարբեր հանրային ու սպասարկման վայրերը՝ դպրոցները, ինստիտուտները,
խանութները, վարսավիրանոցները, ռեստորաններն ու սրճարանները, մշակութային
հաստատությունները, պոլիկլինիկաներն ու հիվանդանոցներն ու այլ
շինությունները որքանո՞վ են համապատասխանում հենաշարժողական խնդիրներ
ունեցող մարդկանց կարիքներին: Սա էր ուսումնասիրության ու քննարկման
հիմնական խնդիրը: Արդյո՞ք մատչելի են սայլակավոր հաշմանդամների համար
իրենց քաղաքի փողոցներն ու բակերը:

Փողոցի աստիճաններն ու «բորդյուրները» խոչընդոտ են գրեթե բոլոր
հաշմանդամների համար: Հիմնարկությունների աստիճանապատ մուտքերը մեծ մասամբ
թեքահարթակ չունեն կամ էլ թեքահարթակը կարճ է՝ 1 մետրից քիչ, 10-33 սմ,
ինչը դժվարություններ է առաջացնում: Շատ աստիճաններ զուրկ են բազրիքներից
(94%), այսինքն, չեն կարող օգնել սայլակներով կամ հենակներով մարդկանց
մուտք գործել հիմնարկություններ: Ուսումնասիրության առարկա էին դարձել
նաեւ դռները: Սայլակն անարգել կարող է անցնել 80 սմ-ից ոչ նեղ դռներով:
Հետազոտված հիմնարկների դռների 82 տոկոսի լայնությունը հաշմանդամների
կարիքներին համապատասխանում էր: Շենքերի ներսում վերելակ չլինելու
պատճառով հաշմանդամներին նոր դժվարություններ են սպասում: Կան վերելակներ,
որոնց դռների լայնությունը նույնպես անհրաժեշտ 80 սմ-ից քիչ է: Օպերայի եւ
բալետի եւ Տիկնիկային թատրոններում մատչելի չէ զուգարանների մուտքը: Այլ
հիմնարկներում՝ անմատչելի է միայն երկրորդ հարկը:

Բոլոր չափանիշներին համապատասխանում են ուսումնասիրված 202
հաստատություններից 47-ը, որոնցից 3-ի դեպքում՝ միայն առաջին հարկը: Եթե
փողոցի ու բակի խոչընդոտները չլինեն՝ մատչելի կարելի է համարել եւս 13-ը:
Քննարկման ընթացքում կոնկրետ փոփոխությունների ուղիներ են նշվել: Բոլոր
շինություններն էլ կարող են մատչելի դառնալ առանց լուրջ վերակառուցման ու
վերափոխման, բացի 11-ից: Օբյեկտների տերերի ու ղեկավարների 41 տոկոսն
անհրաժեշտ փոփոխություններ անելու պատրաստակամություն է հայտնել:
Բացասական պատասխան տված ղեկավարների հիմնավորումները հետեւյալն են.
տարածքը միայն վարձակալվում է եւ չկա վերափոխելու իրավունքը կամ ֆինանսներ
չունեն: «Իմաստ չկա»,- պատասխանել է հարցվողների 25%-ը:

Հաշմանդամի եւ շրջակա միջավայրի փոխհարաբերությունները հաճախ կոնֆլիկտային
են դառնում: «Ունիսոն» հ/կ տնօրեն Արմեն Ալավերդյանն իր փորձից մի օրինակ
բերեց. Արաբկիր համայնքում նոտարական գրասենյակ է զանգահարել եւ
ներկայացել որպես հաշմանդամ հաճախորդ, որն ուզում է խորհրդատվության գալ,
բայց հիմնարկության մուտքն անհասանելի է իր համար: Գրասենյակի աշխատակիցը
կոպիտ պատասխանել է, թե հեռախոսով ոչ մի խորհրդատվություն չի տրվում:
Հետագա զանգերի ընթացքում Արմենի ձայնը լսելիս հեռախոսն անմիջապես
անջատում էին: Եվս մի հետաքրքիր դրվագ մասնակիցների ուշադրությանը
ներկայացրեց մոնիտոր-հետազոտողներից մեկը: Երբ մատչելիության աստիճանը
որոշելիս փորձ էր կատարում մուտք գործել մի խանութ, նրան է մոտեցել
մենեջերը եւ համոզել, որ նա չմտնի խանութ, պատճառաբանելով, որ իր համար
այդտեղ ոչ մի «մատչելի» բան չկա՝ նկատի ունենալով թանկ գները:

Ն.Հ.