Հղիների բուժումը մեծ բարդություն է ներկայացնում իրենից այն պատճառով, որ մորն օգնելով կարող ենք վնասել պտղին, քանի որ պտղի մոտ կարող է նկատվել ռեակցիա տվյալ պրեպարատի նկատմամբ: Այդ պատճառով յուրաքանչյուր հղիի, այսպես ասած` բժիշկ պետք է բացատրի, թե տվյալ պրեպարատն ինչ կողմնակի ազդեցություն կարող է ունենալ պտղի վրա, կամ հնարավո՞ր է արդյոք այն փոխարինել մեկ այլ դեղամիջոցով:
Իսկ ինչո՞ւ է վտանգավոր հղիներին դեղեր ընդունելը: Բանն այն է, որ պտղի հյուսվածքների բջիջներն անընդհատ բաժանվում են, իսկ դեղերը կարող են բացասական ազդեցություն ունենալ բջիջների բաժանման պրոցեսի վրա: Իսկ այդ ազդեցության հետեւանքով ոչ միայն ֆիզիկական թերզարգացում կարող է լինել, այլ նաեւ հնարավոր է հոգեկան զարգացման արգելակում: Այդ պատճառով ընդունված է առանձնացնել 5 վտանգավոր շրջան. առաջինը` բեղմնավորման պահից հաշված մինչեւ 10 օր ընկած ժամանակահատվածն է: Նշված 10 օրվա ընթացքում, որպես կանոն, դեղամիջոցների ազդեցությունը կարող է հասցնել պտղի մահվան:
11-28 օր ընկած ժամանակահատվածում առաջանում է դեղորայքի տերատոգեն ազդեցությունը, որի հետեւանքով առաջացած արատի կոնկրետ տիպը պայմանավորված է հղիության ժամկետով, այսինքն` թե այդ ժամանակահատվածում կոնկրետ ո՞ր օրգանն է ձեւավորվում:
Հղիության 4-րդ շաբաթվա սկզբից մինչեւ 9-րդ շաբաթվա սկիզբը, որպես կանոն, դեղորայքային միջոցներն արդեն տերատոգեն ազդեցություն չեն թողնում, բայց պտղի զարգացման աճի վրա ազդում են:
Սկսած հղիության 9-րդ շաբաթից մինչեւ հղիության ավարտն ընկած ժամանակահատվածում սովորաբար պտղի օրգանների եւ հյուսվածքների աճի վրա դեղորայքը չի ազդում, սակայն նրանց տոքսիկ ազդեցությունների արդյունքում հնարավոր են ինչ-որ օրգանների անոմալիաներ:
Ծննդաբերությանն անմիջապես նախորդող ժամանակահատվածը կամ ծննդաբերության ժամանակ դեղորայքի գործածությունը կարող է վատացնել նեոնատալ պրոցեսի ընթացքը: Օրինակ` կան պրեպարատներ, որոնց գործածությունն անմիջապես ծննդաբերությունից առաջ կարող է հանգեցնել շնչուղիների օբստրուկցիայի կամ անորեքսիայի: Այնպես որ` հղիին դեղորայք պետք է նշանակել խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ` ընտրելով ամենաարդյունավետ տարբերակը, որպեսզի կողմնակի ազդեցությունից զերծ մնան թե՛ մայրը, թե՛ երեխան: