Անդրեյ Պլատոնով «Աֆրոդիտե»

22/07/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

«Արդյո՞ք ողջ էր իր Աֆրոդիտեն»,- այդ կասկածով եւ այդ հույսով Նազար Ֆոմինը դիմում էր արդեն ոչ թե մարդկանց ու հաստատություններին` նրանք նրան պատասխանեցին, որ ոչ մի տեղ չկա նրա Աֆրոդիտեի հետքը` այլ բնությանը, երկնքին, աստղերին եւ հորիզոնին եւ մեռած առարկաներին: Նա հավատում էր, որ կա ինչ-որ կողմնակի նշան կամ անպարզ ազդակ, որը ցուցանում է նրան, թե արդյո՞ք շնչում է դեռ իր Աֆրոդիտեն, թե՞ նրա կուրծքն արդեն սառչել է: Նա բլինդաժից դաշտ էր դուրս գալիս, կանգնում էր միամիտ երկնագույն ծաղկի առաջ, երկար նայում էր նրան ու հարցնում. «Դե՞: Դու ավելի լավ գիտես, դու ողջ երկրի հետ կապված ես, իսկ ես առանձին եմ քայլում, ո՞ղջ է, թե՞ ոչ Աֆրոդիտեն»: Ծաղիկը նրա տրտմությունից ու հարցից չէր փոխվում, նա լռում ու յուրովի էր ապրում, քամին անտարբեր գնում էր խոտի վրայով, ինչպես մինչ այդ, գուցե թե, ինքը Աֆրոդիտեի գերեզմանի կամ նրա ծիծղուն դեմքի վրայով: Ֆոմինը նայում էր հեռու, հորիզոնից վեր լողացող, մաքուր լույսով շողացող ամպերին եւ մտածում էր, որ այնտեղից, բարձրից թերեւս կարելի էր տեսնել, թե որտեղ է գտնվում իր Աֆրոդիտեն: Նա հավատում էր, որ բնության մեջ կա ընդհանուր տնտեսություն, եւ դրանով կարելի է նկատել կորստյան թախիծը, կամ գոհությունը քո բարիքի պահպանումից, եւ ուզում էր տեսնել աշխարհում բոլոր մեռածների եւ ողջերի հազիվ տարբերակվող ընդհանուր կապը, գաղտնի լուրն իր կնոջ` Աֆրոդիտեի ճակատագրի` նրա կյանքի կամ մահվան մասին:

Աֆրոդիտեն կորել էր պատերազմի սկզբին` գերմանացիներից դեպի արեւելք նահանջող ժողովրդի մեջ: Ինքը՝ Նազար Իվանովիչ Ֆոմինը, այդ ժամանակ արդեն բանակում էր եւ չէր կարող օգնել սիրած էակին նրա փրկության համար: Աֆրոդիտեն ջահել, ուշիմ, հաշտակյաց կին էր եւ չպետք է որ անհետ կորչեր կամ սովատանջ կարիքից մեռներ իր ժողովրդի մեջ: Կարելի էր ենթադրել, իհարկե, դժբախտություն հեռավոր ճամփեքին, կամ պատահական կործանում: Սակայն ոչ բնության մեջ, ոչ մարդկանց չէր կարելի նկատել ոչ մի ձայն ու ցնցում, որ տրտում լուրով կպատասխաներ մարդու բաց, սպասող սրտին, եւ Աֆրոդիտեն պետք է որ ողջ լիներ երկրի երեսին:

Ֆոմինը տրվեց հուշին, կրկնելով իր մեջ մեկ անգամ ապրածը հավերժական կանգնեցված երջանկության անշարժությամբգ

Նա հիշողությամբ տեսավ արեւով լուսավորված փոքրիկ քաղաքը, կուրացնող կրաշաղախ պատերը եւ նրա տների կղմինդրե կտուրները, տաք երանության մեջ կապույտ երկնքի տակ աճող մրգատու այգիները: Միջօրեին Ֆոմինը սովորաբար գնում էր նախաճաշելու սրճարանում, որը մոտ էր հրադիմացկուն շինարարության գրասենյակին, որտեղ նա աշխատանքների արտադրող էր ծառայում: Սրճարանում նվագում էր պատեֆոնը, Ֆոմինը մոտենում էր բուֆետին, իր համար կաղամբով նրբերշիկ էր խնդրում եւ, այսպես կոչված, «լետուչկա», այսինքն աղադրած սիսեռ, որն ազատ թռիչքով բերանդ է նետվում, եւ ի հավելումն՝ մի գավաթ գարեջուր էր վերցնում: Կինը, որ հատուկ գարեջրի վրա էր աշխատում, ըմպելիքը լցնում էր գավաթի մեջ, իսկ Ֆոմինը հետեւում էր գարեջրի շիթին, սկզբունքորեն պահանջելով, որ իրեն մինչեւ պռունկը լցնեն եւ տարան դատարկ փրփուրով չլցնեն, այդ գարեջրի փրփուրի դեմ ամենօրյա մարտում նա ոչ մի անգամ ուշադիր չնայեց իրեն սպասարկող կնոջը, եւ չէր հիշում նրան, երբ սրճարանից գնում էր: Բայց մի անգամ այդ կինն անպատեհ պահին խորը, հանկարծակի հոգոց հանեց, եւ Ֆոմինը երկար հայացքով նայեց վաճառասեղանի ետեւում կանգնած կնոջը: Նա էլ նրան էր նայում` փրփուրը լցրել էր գավաթը, իսկ ծառայողը, մտացրիվ, դրա վրա ուշք չէր դարձնում: «Հոպ»,- այնժամ նրան ասաց Ֆոմինը եւ առաջին անգամ հայտնաբերեց, որ կինը երիտասարդ էր, պարզ դեմքով, մուգ շողշողուն աչքերով, որոնք իրենց արտահայտության մեջ միավորում էին մտախոհությունն ու քմծիծաղը, գլխին թավ, վայրի ուժով աճող վարսերով: Ֆոմինը հեռացրեց նրանից իր հայացքը, բայց նրա զգայությունն արդեն հրապուրվել էր այդ կնոջ պատկերով, եւ նրա այդ զգայությունն այնուհետեւ սկսեց հաշվի չնստել ոչ իր բանականության, ոչ էլ նրա հոգեկան հանգստության հետ, այլ գնաց ի հակառակ դրանց, տանելով մարդուն առ իր երջանկությունը: Նա այդ ժամանակ նայում էր սեղանի վրայի գարեջրի փրփուրին եւ արդեն անտարբեր էր, որ փրփուրը զուր լիանում է վաճառասեղանի մարմարե հարթության վրա: Հետո նա Նատալյա Վլադիմիրովնային ժպտալով Աֆրոդիտե կոչեց, ում պատկերը նույնպես հայտնվեց նրան փրփուրի վրայից, թեպետ ոչ թե ծովի ջրի, այլ ուրիշ հեղուկի: Եվ իր Աֆրոդիտեի հետ Նազար Իվանովիչն ապրեց, որպես ամուսին կնոջ հետ, քսան տարի, եթե չհաշվենք երկուսուկես տարի տեւած մի ընդմիջումը, եւ լոկ պատերազմը բաժանեց նրանց, եւ հիմա նա ապարդյուն հարցնում է նրա ճակատագրից բույսերից եւ երկրի ամենայն բարի արարածներից եւ նույնիսկ նույն հարցով դիմում ամպերի երկնից երեւույթներին ու աստղերին: Տարահանվածների հարցերով տեղեկատու բյուրոն ջանադրաբար եւ վաղուց փնտրում էր Նատալյա Վլադիմիրովնա Ֆոմինային, բայց դեռեւս չէր գտել նրան: Աֆրոդիտեից մոտիկ Նազար Ֆոմինը ոչ մի մարդ չուներ, նա ողջ կյանքում սովոր էր նրա հետ զրուցելու, որովհետեւ դա օգնում էր նրա խոհածությանը եւ նրան արած գործի հանդեպ վստահություն էր ներշնչում: Եվ հիմա, պատերազմում, արդեն չորրորդ տարին Աֆրոդիտեից բաժանման մեջ գտնվելով, Նազար Իվանովիչ Ֆոմինը յուրաքանչյուր ազատ ժամանակ նրան երկար նամակներ է գրում եւ ուղարկում է դրանք Բուտուրուսլան տարահանվածների տեղեկատու բյուրո, որպեսզի հասցեատիրոջը գտնելուն պես այդ նամակները փոխանցվեն նրան: Պատերազմի ընթացքում, երեւի թե, էդպիսի շատ նամակներ են կուտակվել տեղեկատու բյուրոյում, դրանցից ոմանք կփոխանցվեն, ոմանք` երբեք, եւ առանց ընթերցվելու փոշիանում էին: Նազար Իվանովիչը կնոջը գրում էր հանգիստ եւ հանգամանալից, հավատալով նրա գոյությանն ու գալիք հանդիպմանը նրա հետ, բայց դեռ ոչ մի անգամ նա Աֆրոդիտեից պատասխան չէր ստացել: Կարմիրբանակայիններն ու սպաները, որոնց հրամանատարն էր Ֆոմինը, մանրակրկիտ հետեւում էին փոստին, որպեսզի հրամանատարին հղված որեւէ նամակ չկորչի, որովհետեւ նա գնդում համարյա թե միակ մարդն էր, որ ոչ կնոջից, ոչ բարեկամներից նամակ չէր ստանում:

Հիմա վաղուց արդեն անցել էին այն երջանիկ խաղաղ օրերը: Եվ դրանք չէին կարող մշտապես շարունակվել, քանզի երջանկությունն էլ պետք է փոփոխվի, որ պահպանվի: Պատերազմում Նազար Իվանովիչ Ֆոմինը գտավ իր այլ երջանկությունը, այլ, քան նախկին խաղաղ աշխատանքը, բայց նույնպես նրան հոգեհարազատ, իսկ պատերազմից հետո նա հուսով էր ճանաչել առավել վսեմ մի կյանք, քան այն, որն արդեն ապրել էր, լինելով աշխատավոր ու մարտիկ:

***
Մեր առաջատար զորամասերը գրավել էին այն հարավային քաղաքը, որում մինչեւ պատերազմը ապրում եւ աշխատում էր Ֆոմինը: Ֆոմինի գունդը գնում էր ռեզերվի եւ գործի չէր դրվել դրա կարիքը չլինելու պատճառով:

Ֆոմինի գունդը տեղավորվել էր քաղաքի շրջանում երկրորդ էշելոնում, որպեսզի այնուհետեւ շարժվի հեռավոր մարշով դեպի արեւմուտք: Նազար Իվանովիչը հենց առաջին օրահանգստին Աֆրոդիտեին նամակ գրեց եւ գնաց մնալու ռուսաց հողի վրա իր համար ամենաքնքուշ քաղաքում: Քաղաքը ջախջախվել էր հրետանային կրակից, այրվել էր հրդեհների հրից, իսկ նրա ամրակուռ շինությունները թշնամին փոշու էր վերածել: Ֆոմինն արդեն սովոր էր տեսնելու մեքենաներով տրորված հացահատիկի արտերը, խրամատներով վիրավոր հողը եւ կրակե հարվածներով փոսորակված մարդկանց կացարանները, դա պատերազմի հերկն էր, ուր հողում ցանվել էր այն, ինչն այլեւս երբեք պիտի չաճեր` չարագործների դիակները, եւ այն, ինչ ծնվել էր բարի գործունյա կյանքի համար, բայց դատապարտված է սոսկ հավերժ հիշատակի` մեր զինվորների մարմինները, որ հետմահու հսկում են ընկած հակառակորդներին:

Ֆոմինը մրգատու այգու միջով մոտեցավ այն տեղին, ուր մի ժամանակ գտնվում էր Աֆրոդիտեի սրճարանը: Դեկտեմբեր ամիսն էր: Մերկ բերքատու ծառերը ձմեռվա վրա պաղել էին եւ տրտմալի քնի մեջ համրացել էին, եւ նրանց ձգված ճյուղերը, որ աշնանը պահում էին պտուղները, հիմա թրատված էին փամփուշտների կրակահերթերով եւ անօգ կախվել էին ցած բնափայտի մազմզուկի մնացուկների վրա, եւ լոկ որոշ հազվագյուտ ճյուղեր պահպանվել էին առողջ ամբողջության մեջ: Շատ ծառեր գերմանացիք քոքից սղոցել էին, որպես պաշտպանության հումք:

Տունը, ուր քսանից ավելի տարի առաջ գտնվում էր սրճարանը, իսկ այնուհետեւ բնակավայր էր, հիմա ընկած էր մանրախիճի ու աղբի վերածված, սպանած ու մահացած, քամուց քշված տարածության մեջ: Ֆոմինը դեռ հիշում էր այս տան տեսքը, բայց շուտով, ժամանակի ընթացքում, այն կկորչի նրանում, եւ նա կմոռանա այն: Արդյո՞ք այնտեղ մի ինչ-որ հեռավոր, խուլ դաշտում պառկած չէ հիմա Աֆրոդիտեի պաղ մեծ սիրելի մարմինը, եւ այն խժռում են դիամիջատները, այն հալչում է օդում եւ ջրում, եւ այն չորացնում ու տանում է քամին, որպեսզի Աֆրոդիտեի կենաց ողջ նյութը աշխարհում հավասարապես ու անհետ վատնվի, որպեսզի մարդը մոռացվի: Նա ավելի հեռու գնաց` քաղաքի ծայրամասը, ուր ապրում էր մանուկ հասակում: Անմարդաբնակությունը պաղեցնում էր նրա հոգին, ուշ հետմահու քամին փչում էր լռած կացարաններում: Նա տեսավ այն վայրը, ուր մանուկ հասակում ապրում ու խաղում էր: Հինավուրց փայտե տունը հիմնահատակ այրվել էր, ուժեղ տապից փշուր-փշուր եկած կղմինդրը ընկած էր նրա մանկական բնակավայրի վերնամասում հրդեհված հողի վրա: Բակի բարդենին, որի տակ փոքրիկ Նազարը քնում էր ամռանը, սղոցվել էր ու ընկած էր իր կոճղի մոտ, մահացած, քայքայված կեղեւով:

Ֆոմինը երկար նստած էր իր մանկության այդ ծառի մոտ: Նրա ընդարմացած սիրտը հանկարծ ասես անզգա էր դարձել, որպեսզի իր մեջ այլեւս տրտմություն չընդունի: Այնուհետեւ Ֆոմինը մի քանի անխաթար մնացած կղմինդրներ ժողվեց եւ դրանք շարեց փոքրիկ ճիշտ դարսվածքով, ասես գալիք շինարարության համար հումքի պատրաստում անելով, կամ սերմեր հավաքելով, որպեսզի դարձյալ ցանի Ռուսաստանը: Այդ կղմինդրը եւ ողջ մնացածը, որ կար շրջանում, պատրաստված էր այն արհեստանոցներում, որոնք այստեղ բարի խաղաղ ժամանակներում կարգել էր Ֆոմինը եւ որոնք նա ղեկավարում էր երկար տարիներ:

Ֆոմինը գնաց տափաստան, այնտեղ քաղաքից երկու վերստի վրա նա հիմքը դրել ու սարքել էր իր առաջին լճակի ամբարտակը: Նա այն ժամանակ երջանիկ շինարար էր, բայց հիմա տրտում ու դատարկ էր նրա երիտասարդության դաշտը, փորված պատերազմով եւ անպտուղ, հալչող մանրամաղ ձյան վրա երբեմնակի անծանոթ ցողուններ էին երեւում, եւ մարդու հանդեպ անտարբեր, հլու օրորվում էին քամու տակգ Հողե ամբարտակը պայթեցվել էր իր մարմնի մեջտեղում, եւ ջրամբարը չորացել էր, եւ նրա միջի ձկները մեռել էին:

Ֆոմինը քաղաք վերադարձավ: Նա գտավ Շեւչենկոյի անվան փողոցն ու տունը, որում նա ապրել էր Ռոստովից վերադառնալուց հետո, երբ այնտեղ ավարտել էր պոլիտեխնիկական ուսումնարանը: Տունը չկար, բայց մնացել էր նստարանը: Այն ժամանակին դրված էր նրա բնակարանի պատուհանների տակ. նա երեկոյան ժամերին նստում էր այդ նստարանի վրա, սկզբում մենակ, իսկ հետո Աֆրոդիտեի հետ, եւ այդ, այժմ զոհված տանը նրանք առաջ ապրում էին երկուսով դուրս նայող պատուհաններով մի սենյակում: Նրա հայրը, ձուլման գործարանի վարպետը, հանկարծամահ էր եղել, երբ դեռ Ֆոմինը սովորում էր Ռոստովում, իսկ մայրը երկրորդ անգամ ամուսնացավ եւ մշտական ապրելու գնաց Կազան: Պատանի Նազար Ֆոմինը այն ժամանակ մնաց մենակ ապրելու, բայց արեւով լուսավորված, հաճելի մարդկանցով լի պատանության ու չլուծված հարցերի ձգող աշխարհը, ողջ աշխարհը, դեռեւս չկազմավորված ու խղճուկ, բայց խանդավառված աշխատավոր բոլշեւիկների հույսով ու կամքով` այդ աշխարհը սպասում էր պատանուն, եւ ծանոթ հայրենի եզերքը, առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքներից քաղցի ու սովի մատնված, փռված էր նրա առջեւ:

Ֆոմինը նստեց նստարանին, ուր նա բազում ամառային խաղաղ երեկոներ էր անցկացրել Աֆրոդիտեի հետ զրուցելով ու սիրելով: Այժմ նրա առաջ դատարկ, ավերված աշխարհն էր, եւ նրա լավագույն ընկերն արդեն, գուցե թե, չկա աշխարհի երեսին: Հիմա ամեն բան պետք է նորից անել, դեռեւս քառորդ դար առաջ մտածածը:

***
Երեւի թե, միանգամայն այլ կերպ կընթանար Նազար Ֆոմինի կյանքը, եթե պատանության անցած օրերին նրան չխանդավառեր հավատն առ բանվոր դասակարգի կյանքը: Նա, հնարավոր է, առավել հանգիստ ապրեր իր կյանքը, բայց տաղտկալի ու անպտուղ, նա կունենար իր առանձին վիճակը, սակայն չէր իմանա այն ճակատագիրը, երբ, վստահելով ժողովրդին մեն միայն քո սիրտը, նա զգաց ու իմացավ ավելին, քան տրված է մեկին, եւ նա սկսեց ապրել մարդկության ողջ շնչառությամբ: Առանձին մարդը չի կարող հասկանալ իր գոյության իմաստն ու նպատակը։ Իսկ երբ նա փարվում է իրեն ծնած ժողովրդին, եւ նրա միջոցով բնությանն ու աշխարհին, անցյալ ժամանակին ու գալիք հույսին` այնժամ նրա հոգու համար բացվում է այն թաքնաթաքուր աղբյուրը, որից պետք է սնվի մարդը, որպեսզի իր գործունեության համար անսպառ ուժ ունենա եւ հավատի ամրություն իր կյանքի անհրաժեշտության հանդեպ:

Սովետական Ռուսաստանը այնժամ դեռ նոր սկսել էր իր ճակատագիրը: Ժողովուրդը մեծ, անվերադարձ ուղի էր բռնել` դեպի այն պատմական ապագան, ուր դեռեւս ոչ ոք իր առջեւով չէր քայլել. նա կամեցավ գտնել իր բոլոր հույսերի իրականացումը, աշխատանքում եւ սխրագործություններում ձեռք բերել հավերժական արժեքներն ու մարդկային կյանքի արժանապատվությունը եւ դրանցից բաժին հանել այլ ժողովուրդներինգ Ֆոմինը երիտասարդ տարիքում Ազովյան ծովում մի տեսիլք էր տեսել: Նա ափին էր, եւ մենավոր ձկնորսական առագաստանավը շողուն բաց-ոսկեգույն երկնի տակ կապույտ ծովով հեռուն էր գնում. նավակն ավելի ու ավելի հեռանում էր, նրա ճերմակ առագաստն իր հեզահամբույր գույնով արտացոլում էր արեւը, բայց նավը դեռ երկար տեսանելի էր ափին կանգնած մարդկանց, հետո նա բոլորովին անհետացավ դյութական հորիզոնի ետեւում: Նազարն այն ժամանակ տրտմացող բերկրանք զգաց, ասես նրան սիրող ինչ-որ մեկը կանչեց իր ետեւից առ երկրի ու երկնքի շողշողուն տարածությունը, իսկ նա դեռ չէր կարողանում գնալ նրա ետքից: Եվ դեպի լույսի հեռաստաններն ընթացող այդ նավի պես, նրան այդ պահին պատկերանում էր աշխարհի եւ ժամանակի հեռուները գնացող Սովետական Ռուսաստանը: Նա դեռ հիշում էր մի մոռացված օրվա միջօրյա ժամը: Նազարը գնում էր դաշտով, իջնելով վայրի հիասքանչ խոտով աճած հեղեղատը, արեգակը վերեւից բոլորին դեպ իրեն էր կանչում, իսկ երկրի խավարից առ նա հյուր էին բարձրացել բույսերն ու արարածները` նրանք ամենքը գույնզգույն էին, յուրաքանչյուրը` այլ եւ ոչ մեկին չնմանվող. ով ոնց կարողացել տեղավորվել եւ կենդանացել էր հողում, միայն թե ի դերեւ ելնի, շնչելով ու հրճվելով, եւ լինելով իր ժամկետում ողջ գոյություն ունեցողի համընդհանուր հանդիպմանը, որպեսզի հասցնես սիրել ապրողներին ու այնուհետեւ դարձյալ ընդմիշտ բաժանվես նրանցից:

Պատանի Նազար Ֆոմինն այն ժամանակ զգաց տիեզերքի մեծ մունջ վիշտը, որը կարող է հասկանալ, արտահայտել եւ հաղթահարել լոկ մարդը, եւ դա նրա պարտականությունն է: Նազարն այնժամ ուրախացավ մարդու իր պարտավորությունից. նա նախօրոք գիտեր, որ կիրագործի այն, որովհետեւ բանվոր դասակարգն ու բոլշեւիկներն իրենց վրա էին վերցրել մարդկության ամենայն պարտավորություններն ու ծանրությունը, եւ հերոսական աշխատանքի միջոցով, երկրի երեսին քո գոյության իմաստի ճիշտ հասկացողությամբ` աշխատավոր ժողովուրդը կիրականացնի իր կոչումը, եւ մարդկության մթին ճակատագիրը կհամակվի ճշմարտությամբ: Այդպես էր մտածում Նազար Ֆոմինը պատանության օրերին: Նա այն ժամանակ ավելի շատ զգում էր, քան գիտեր, նա դեռ չէր կարողանում պարզ բառերով արտահայտել բոլոր մարդկանց գաղափարը, բայց նրան բավ էր սոսկ այն երջանիկ վստահությունը, որ աշխարհը ծածկող եւ մարդկային սիրտը մթագնող խավարը` հավերժական խավար չէ, այլ լոկ մշուշ լուսաբացից առաջ:

Նազար Ֆոմինի տարեկիցները, կոմերիտականներն ու բոլշեւիկները, խանդավառված էին նոր աշխարհի ստեղծման միեւնույն գաղափարով, նրանք, ինչպես եւ Նազարը, համոզված էին, որ նրանք կանչված են Լենինի կողմից մասնակցելու մարդկային համաշխարհային սխրագործությանը, հանուն այն բանի, որ վերջապես երկրի երեսին սկսվի ճշմարիտ կյանքի ժամանակը, որպեսզի մարդկանց բոլոր հույսերն իրականանան, ինչին որ նրանք արժանի են աշխատանքի եւ մահացու զոհերի դարերով, եւ որոնք նրանք պահպանել են երկարատեւ փորձում եւ համբերատար խոհածությունների մեջ:

Ռոստովի հատուկ ուսումնարանն ավարտելուց հետո Նազար Ֆոմինը վերադարձավ հայրենիք, հենց այն քաղաքը, ուր նա հիմա միայնակ նստած էր: Նազարն այն ժամանակ տեխնիկ-շինարար դարձավ, եւ սկսվեց նրա կենաց վարքը: Ողջ նյութականը, գորշն ու սովորականը նա այնքան սրտին մոտ ընդունեց, որ այն նրա համար հոգեւոր դարձավ եւ սնում էր նրա կիրքն առ աշխատանքը: Հիմա նա արդեն չէր հիշում, որ ամենայն վսեմ բան ծնվում է սոսկ առօրյա հոգսից, բայց այն ժամանակ նա իր ձեռքերով էր անում այդ նյութականի փոխակերպումը հոգեւորի, եւ նա հավատում էր հեղափոխության ճշմարտությանը, որովհետեւ ինքն էր իրագործում այն եւ տեսնում էր նրա ազդեցությունը ժողովրդի ճակատագրի վրա: Սկզբում Նազար Ֆոմինը ղեկավարում էր շրջանում գյուղական հրակայուն շինարարությունը, դա մեծ պաշտոն չէր համարվում: Բայց նա խանդավառվել էր այդ աշխատանքով, ընդունել էր այն իր սրտում ոչ որպես ծառայություն, այլ որպես իր գոյության իմաստ, եւ նա կրքոտ աչքերով նայում էր տնայնագործական արհեստանոցում առաջին անգամ պատրաստված կղմինդրե արտադրանքին, նա այն ժամանակ շոյեց առաջին կղմինդրե սալիկը, հոտոտեց այն ու տարավ իր սենյակը, ուր ապրում էր, որպեսզի երեկոյան եւ լուսադեմին մի անգամ եւս զննի այն` թե իրոք այն լիովին լավ ու ամուր է, որպեսզի երկար տարիներ փռվի ծղոտի փոխարեն գյուղական հյուղերի կտուրներին եւ դրանով գյուղական կացարանները փրկի հրդեհներից: Նա այն ժամանակ ուսումնասիրեց նաեւ հրդեհների վիճակագրությունը ինքնավար տնտեսությունների տվյալների իր շրջանում եւ հաշվարկել էր, որ եթե կղմինդրով փոխարինվի ծղոտե կտուրը, ապա գյուղացիությունը միայն կորուստների խնայողության վրա կարող է, օրինակ, երեք տարի հետո յուրաքանչյուր գյուղում առատ առողջ ջրով մեկական արտեզյան ջրհոր կառուցել կամ էլի ինչ-որ բան, իսկ հետագա երեք-չորս տարվա ընթացքում կարելի է կղմինդրով հրդեհից փրկված նույն միջոցներով ջրաղացով ու ձավաջաղացով տեղական էլեկտրակայան կառուցել: Այդ դատողություններով Նազար Ֆոմինը կարող էր, առանց ձանձրանալու, երկար նայել կղմինդրե սալիկին եւ մտածել այն մասին, թե ինչպես այն ավելի ամուր ու էժան պատրաստել, կղմինդրն այն ժամանակ դեռ զգացողություն ու ապրում էր, այն փոխարինում էր գրքին ու ընկերոջը` մարդուն, հետագայում նա հասկացավ, որ ոչ մի առարկա չի կարող փոխարինել մարդուն, բայց երիտասարդ հասակում նրան բավում էր մարդու մասին երեւակայությունն իսկ:

Լինում են ժամանակներ, երբ մարդիկ ապրում են լոկ հույսերով եւ իրենց ճակատագրի փոփոխության սպասումով, լինում է ժամանակ, երբ միայն անցյալի մասին հիշողությունը մխիթարում է ապրող սերնդին, եւ լինում է երջանիկ ժամանակ, երբ աշխարհի պատմական զարգացումը մարդկանց մեջ համընկնում է իրենց սրտերի շարժմանը: Նազար Ֆոմինն իր ժողովրդի երջանիկ ժամանակի մարդն էր, եւ սկզբում, ինչպես նրա շատ տարեկիցներն ու համախոհները, նա մտածում էր, որ եկել է հեզաբարո հրճվանքի, խաղաղության, եղբայրության եւ երանության դարաշրջանը, որը հետզհետե կտարածվի ողջ երկրով մեկ: Այն բանի համար, որ դա իրոք լինի, բավական է լոկ կառուցել եւ աշխատել` այդպես էր հավատում այն ժամանակ երիտասարդ Ֆոմինը:

Եվ Նազար Ֆոմինն իր համար հոգեկան հանգիստ էր ստեղծել կնոջ` Աֆրոդիտեի հանդեպ սիրով եւ առ նա իր հավատարմությամբ, նա դրանով իր ներսում խոնարհեցրել էր բոլոր աղոտ կրքերը, որ մղում էին նրան դեպի զգայական աշխարհի մութ կողմերը, ուր կարելի էր միայն անօգուտ, թեպետ, գուցե թե, եւ քաղցրալից վատնել կյանքը, եւ նա իր ուժերը տվեց աշխատանքին եւ նրա սրտի մղումը դարձած գաղափարին ծառայելուն` այն բանին, ինչը չէր քայքայում մարդուն, այլ դարձյալ ու անդադար վերածնում էր նրան, որն էլ հենց նրա հաճույքն էր, ոչ թե մոլեգին ու հոգնատանջ, բայց հեզաբարո, ինչպես լռին բարիք:

Նազար Ֆոմինն այն օրերին, ինչպես եւ մարդկանց իր սերունդը, զբաղված էր աշխարհի ոգեշնչմամբ, որը մինչեւ այդ գոյում էր խղճուկ տեսքով, մասնատված եւ առանց համընդհանուր պարզ իմաստի:

Իր աշխատանքի սկզբում Ֆոմինը կղմինդր էր սարքում հրակայուն ծածկերի համար, հետո նրա պարտականությունները շատացան, եւ շուտով նա վանային Խորհրդի տեղակալ ընտրվեց. իր գործունեության իրական նշանակությամբ նա դարձավ ավանում եւ այն շրջապատող շրջանում բոլոր աշխատանքների գլխավոր ճարտարագետը: Այն ժամանակ այս քաղաքը դեռ ազատաբնակների ավան էր համարվում, որը շրջանային կամ մարզային կենտրոն էր համարվում:

Ֆոմինը չորուկ տափաստանում անասունների ջրելատեղի համար ամբարտակներ էր սարքում, նա գյուղակներում բետոնային օղակների ամրացմամբ ջրհորներ էր փորում եւ ողջ շրջանով մեկ տեղական քարի տեսակով սալարկում էր ճանապարհները, որպեսզի բոլոր միջոցներով հաղթահարի տնտեսության չքավորությունը եւ ողջ ժողովրդին հաղորդակից դարձնի մենավոր գյուղական հոգին:

Բայց նա արդեն այն ժամանակ ավելի էական բան էր մտածում, եւ նույնիսկ երազատեսիլներում միեւնույն միտքն էր շարունակվում նրանում, նրան երջանկությամբ հուսադրելով: Երկու տարի Ֆոմինը պատրաստում էր իր գործը, մինչեւ որ շրջանային գործադիր կոմիտեն վստահեց նրան սկսել այն: Այդ գործը ազատաբնակների ավանում էլեկտրակայան կառուցելն էր, էլեկտրական ցանցի հետզհետե ընդլայնմամբ ողջ մարզ-շրջաններով մեկ, որպեսզի ժողովրդին գիրք ընթերցելու լույս տրվի, մեքենայական ուժը նրա աշխատանքի թեթեւացմանը եւ ջերմությունը ձմեռ ժամանակ բնակարանների ու անասնագոմերի համար: Այդ պարզ երազանքի իրագործումից բնակչության ողջ նիստուկացը պիտի փոխվի, եւ մարդն այնժամ կզգա ազատագրումը աղքատությունից եւ վշտից, մինչեւ ոսկորներն ուժասպառող աշխատանքի ծանրությունից, այդուհանդերձ անհուսալի, նրան կենաց բարեհաջողություն չպարգեւողգ

Հուշերի ստվերներն այժմ անցնում էին գնդապետ Ֆոմինի դեմքի վրայով, որ նստած էր ավերակաց մեջ ընկած քաղաքի, որը նա մի ժամանակ ստեղծել էր իր ընկերակիցների հետ: Հիշողությունները նրա դեմքին դրոշմում էին մեկ ժպիտ, մեկ տրտմություն, մեկ էլ վաղուց անցածի հանդարտ երեւակայությունը:

Նա այն ժամանակ սարքեց էլեկտրակայանը: Մարզքաղլուսավորչության ակումբում այն ժամանակվա համար հզոր ուժային էլեկտրատեղակայման պատվին բալ էր, եւ Աֆրոդիտեն այն ժամանակ պարում էր էլեկտրականությամբ լուսավորված այդ բալում, երեք բայանով նվագախմբի երաժշտության տակ, եւ նա Նազարից էլ երջանիկ էր, որովհետեւ իր ամուսնու գործը հաջողվել էր:

Սակայն այն ժամանակ Ֆոմինի համար դժվար էր շինարարությունը ղեկավարելը: Ըստ բյուջեի մարզային միջոցները քիչ էին հատկացրել, այդ պատճառով հարկ եղավ մարզային ողջ բնակչությանը բացատրել էլեկտրականության օգտավետությունը, որպեսզի ժողովուրդը կայանի կառուցման համար ներդնի միասին կուտակած միջոցները: Դրա համար Ֆոմինն այն ժամանակ երեսունչորս գյուղական ընկերություններ կազմակերպեց էլեկտրիֆիկացման համար եւ դրանք միավորեց մարզային միության մեջ: Դա նրանից շատ սիրտ, տագնապ եւ անհանգիստ աշխատանք էր պահանջում: Նա հիշեց մի գյուղական որբ աղջնակի` Եվդոկիա Ռեմեյկոյին. ծնողները նրան մի փոքրիկ աղջկական օժիտ էին թողել, նա այն անմնացորդ ներմուծեց եւ շատերից ավելի ջանադրաբար եւ հաճույքով էր աշխատում, որպես երկրորդ ձեռք հյուսն էլեկտրակայանը կառուցելիս: Հիմա Եվդոկիա Ռեմեյկոն եթե դեռ ողջ է աշխարհի երեսին, ապա նա արդեն տարեց կին է, իսկ եթե երիտասարդ լիներ, ապա կծառայեր, երեւի թե, Կարմիր բանակում կամ կմարտնչեր պարտիզանական ջոկատում: Ֆոմինը էլի շատ մարդկանց հիշեց, որ այն ժամանակ աշխատել էին իր հետ` գեղջուկներին եւ գեղջկուհիներին, ազատաբնակների ավանի բնակիչներին, ծերերին եւ պատանիներին: Նրանք ողջ անկեղծությամբ ու սրտաբացությամբ, իրենց ողջ բանիմացությամբ կառուցում էին երկրի երեսին նոր աշխարհը: Նրանց թաքուցյալ, ճնշված ունակությունները այն ժամանակ ի դերեւ ելան եւ սկսեցին զարգանալ գիտակցված, բարեբեր աշխատանքում, նրանց հոգին, կյանքի նրանց ըմբռնումը այն ժամանակ պայծառանում ու աճում էին, ինչպես բույսերն են աճում հողից, որից հանված են քարե սալիկները: Կայանը դեռ լիովին չէր կառուցվել ու սարքավորվել, իսկ Ֆոմինը բավականությամբ արդեն տեսնում էր, որ նրա կառուցողները` գյուղացիները, որ կամավոր աշխատում էին, դաշտերում իրենց հացի աշխատանքից հավելյալ, այնքան էին խորացել գործի մեջ եւ դրա միջոցով զգացել էին հետաքրքրությունը միմյանց հանդեպ եւ իրենց կապը բանվոր դասակարգի հետ, որ մեքենաներ էին սարքում էլեկտրականության արտադրության համար, եւ նրանց սրտերի խղճուկ մենությունը հեռացել էր նրանցից, եւ մենատնտեսական-բակապահ անտարբերությունը առ ամենայն անծանոթ աշխարհը եւ ահը դրա հանդիման նույնպես լքում էր նրանց: Ճիշտ է, յուրաքանչյուր մարդու գաղտնի մտահղացման մեջ կա իր բակից, իր մենությունից հեռանալու ցանկությունը, որպեսզի տեսնեն ու ապրեն ողջ տիեզերքը, բայց դրա համար հարկ էր գտնել դրա համար ամենքի համար հանձնակատար ու հասանելի ուղիները: Ծեր գեղջուկ Երեմեեւն այն ժամանակ այդ մասին Ֆոմինին իր աղոտ միտքն արտահայտեց.

«Կամ մենք չենք զգում, Նազար Իվանովիչ, որ սովետական իշխանությունը մեզ կյանքի խիզախությունն է տալիս` գործիր, իբր, ուրախացիր եւ ինքդ պատասխան տուր բարու եւ չարի համար, դու, իբր, հիմա երկրի երեսին օտար անցորդ չես: Իսկ առաջ էդ ինչ կյանք էր` պառկած ես մորդ արգանդում` ինքդ քեզ չես հիշում, դուրս եկար թե չէ` վիշտն ու դժբախտությունն է քեզ ճնշում, ապրում ես խրճիթում, հանց հրետանախցում, եւ լույս էլ չես տեսնում, իսկ մեռար թե չէ` պառկիր խաղաղ դագաղում եւ մոռացիր, որ դու եղել ես: Ամենուր մեր տեղը նեղ էր, Նազար Իվանովիչ` արգանդը, հրետանախուցն ու գերեզմանը, եւ միայն ուշագնացությունը, եւ չէ որ յուրաքանչյուրն ամենքին խանգարում էր: Իսկ հիմա յուրաքանչյուրը ամենքին օգնության է հասնում` ահա թե որտեղ է սովետական իշխանությունն ու կոոպերացիան»:

Ո՞ւր է հիմա այդ ծերուկ Երեմեեւը: Գուցե թե, դեռ գոյություն ունի, թեեւ` հազիվ թե, շատ ժամանակ է անցելգ

Էլեկտրակայանը երկար չաշխատեց. այն գործի դնելուց յոթ օր հետո այրվեց: Նազար Ֆոմինն այդ ժամին ազատաբնակների ավանից քառասուն վերստի վրա էր, նա գնացել էր, որպեսզի զննի Դուբրովկա ագարակի մերձակայքում գտնվող ամբարտակը, որը ողողել էր աշնանային տեղատարափը, եւ ճշտի դրա վերականգնման աշխատանքների ծավալը: Նրան այնտեղ հեծյալ սուրհանդակի միջոցով հայտնեցին հրդեհի մասին, եւ Ֆոմինը մեկեն ետ գնաց:

Ազատաբնակների ավանի ծայրամասում, ուր դեռ երեկ կանգնած էր էլեկտրակայանի նոր աղյուսե շինությունը, հիմա դատարկ էր: Ամեն ինչ փոշու էր վերածվել: Մնացել էին լոկ մեքենաների մեռյալ մետաղական մարմինները` ուղղահայաց շարժիչն ու գեներատորը: Տապից շարժիչի մարմնի վրա ծորացել էին նրա բոլոր պղնձե մասերը` իջել ու պաղել էին հիմքի վրա, ինչպես հորդահոս արցունքներ` առանցքակալերն ու հիմնակմախքը, գեներատորի շփման օղակները հալչել ու հոսել էին, փաթույթը փոշի էր դարձել եւ ողջ պղինձը եռալով ոչնչի էր վերածվել:

Նազար Ֆոմինը կանգնած էր այն ժամանակ իր մեռած մեքենաների կողքին, որ իրենց այրված նուրբ մասերի կույր անցքերով նայում էին նրան, եւ լալիս էր: Թխպոտ քամին տխրալի դղրդացնում էր հատակի տապից ոլորված երկաթյա թերթերը: Իր կյանքի այդ տրտմալի ժամին Ֆոմինը նայեց երկնքին` վերեւում ընթանում էին մռայլ եղանակից քշվող աշնան մթին ամպերը, այնտեղ ձանձրալի էր եւ մարդու հանդեպ կարեկցանք չկար, որովհետեւ ողջ բնությունը, թեպետ այն մեծ է` ամբողջովին միայնակ է, բացի իրենից՝ ոչինչ չճանաչող:

Շարունակելի…