Երեկ Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Երեւանի ժամանակով ժամը 17-ին սկսված եւ մոտ երկու ժամ տեւած դեմ առ դեմ հանդիպումից հետո նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարները: Ընդլայնված կազմով հանդիպումը եւս տեւել է շուրջ 2 ժամ: Թե ինչ արդյունքներ են արձանագրվել Սարգսյան-Ալիեւ թվով 7-րդ հանդիպման ընթացքում, հայտնի չէ: Ավելի ճիշտ կլինի ասել` հայտնի է, որ արդյունքներ չեն արձանագրվել: Հանդիպումից հետո ոչ նախագահները, ոչ էլ արտգործնախարարները որեւէ, թեկուզ արարողակարգային հայտարարություն չեն արել: Հանդիպումը դռների հետեւից լուսաբանող լրագրողները արձանագրել են միայն տեխնիկական դետալներ` ո՞ր սրահից դուրս եկավ Իլհամ Ալիեւը, ինչպես անցավ հանդիպման սկզբի ձեռքսեղմումը: Հայկական լրատվամիջոցները որպես «գլխավոր նորություն»՝ արձանագրել են նաեւ, թե հանդիպումից հետո որքան տխուր էր Ալիեւը եւ որքան բարձր էր Սերժ Սարգսյանի տրամադրությունը: Սակայն, ինչպես ցույց է տվել բանակցությունների ավելի քան տասնամյա ընթացքը, ոչ նախագահների տվյալ պահի հոգեվիճակի նկարագրությունը, ոչ ձեռքսեղմումների ջերմությունը կամ սառնությունը` որպես տեղեկատվություն, ոչինչ չեն ասում հանդիպման բովանդակության կամ արդյունքների վերաբերյալ: Այդ մասին, հավանաբար, որոշակի մանրամասներ կհրապարակվեն այսօր: Մինչ այդ, երեկ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն են կցկտուր հայտարարություններ արել: Մասնավորապես, Մեթյու Բրայզան ասել է, որ «ընթացիկ հանդիպման արդյունքներով միջնորդները որեւէ փաստաթղթի ստորագրություն չեն ակնկալում»: «Մենք հույս ունենք, որ երկու երկրների նախագահները գոնե համաձայնության կգան մի քանի կարեւոր սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ մինչ օրս համաձայնություն չի եղել»,- նշել է նա: Իսկ նրա ֆրանսիացի գործընկեր Բեռնար Ֆասիեն հայտարարել է. «Քայլ առաջ չեղավ, սակայն քայլ հետ նույնպես չեղավ»: Մի խոսքով, չնայած կանխատեսումներին, երեկ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, եւ դատելով նույնիսկ սեղմ տեղեկատվությունից, նման բան տեղի չի ունենա նաեւ այսօր` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ: Այսինքն` ինչպես մոռացված երգերից մեկում է ասվում` եւ վաղն ամեն ինչ կսկսվի նորից: