«Սովետական Միությունում անեկդոտ պատմելու համար համարձակություն էր
անհրաժեշտ»,- գրում է Բրյուս Ադամսն իր «Փոքրիկ հեղափոխություններ
Ռուսաստանում» գրքում։ Այդ գրքով նա լույս է սփռում սովետական պատմության
վրա անեկդոտների միջոցով, որոնց մեջ կան եւ ծիծաղելի, եւ
ողբերգակատակերգական, եւ ցնցող, եւ տափակ թեմաներ։ Այդպիսի անեկդոտներ
լսել է ցանկացած օտարերկրացի, ում բախտ է վիճակվել մի բաժակ օղի խմել
ռուսների հետ։
Գրքի «Փոքրիկ հեղափոխություններ» վերնագիրը հուշում է, որ ամբողջատիրական
ռեժիմի պայմաններում հումորը հղի է ծանր հետեւանքներով։ Նոբելյան
մրցանակակիր Ալեքսանդր Սոլժենիցինն ութ տարի է անցկացրել բանտերում ու
ճամբարներում՝ միայն այն բանի համար, որ համարձակվել է անձնական
նամակներում անեկդոտ գրել Ստալինի մասին։ «Անեկդոտը թաքնված հումոր էր,
որով կարելի էր կիսվել միայն ամենամերձավոր մարդկանց հետ»,- գրում է
Ադամսը։
«Փոքրիկ հեղափոխություններ» գիրքը վեց գլուխ ունի, որոնք նվիրված են
տարբեր ժամանակաշրջանների առաջնորդների։ Լենինին, Ստալինին, Խրուշչովին եւ
Բրեժնեւին նվիրված են առանձին գլուխներ, մինչդեռ Անդրոպովն ու Չեռնենկոն՝
փլուզվող միության այդ խորհրդանիշները, ծվարել են մի գլխում։ Նույնկերպ մի
գլխում են Միխայիլ Գորբաչովը, Բորիս Ելցինն ու Վլադիմիր Պուտինը։
Այդ անեկդոտներն արտացոլում են սովետական կյանքի անհեթեթ կողմերը։ Դրանք
շատ հաճախ սադրիչ նշանակություն են ունեցել՝ ծաղրելով բոլորին, Լենինից ու
Ստալինից՝ մինչեւ նոր ռուսներ։
Լենինի ժամանակաշրջանում է առաջ եկել անեկդոտների հայտնի հերոս
Ռաբինովիչը՝ հրեա, ով ոչ մի կերպ չէր մերվում սովետական հասարակությանը։
Երբ Կոմինտերնի համագումարին Աֆրիկայից ոչ մի պատվիրակ չէր եկել,
Մոսկվայից հեռագիր են ուղարկում Օդեսա (ապազգային քաղաք, որտեղ ապրում էին
մեծ թվով հրեաներ). «Շտապ նեգր ուղարկեք»։ Օդեսայից գալիս է պատասխանը.
«Ռաբինովիչին ներկել ենք, չորանում է»։
Քաղաքական անեկդոտներն անցան նաեւ ստալինյան ժամանակաշրջան։ Դրանք
վերաբերում էին կյանքի բոլոր կողմերին՝ դեֆիցիտին (հատկապես պարենի),
առաջին հնգամյա պլանին, ահռելի շինարարական ծրագրերին, ինչպիսին էր
Բելամորսկ-Բալթիական ջրանցքը, որտեղ ահավոր պայմաններում պարզունակ
գործիքներով հարյուր-հազարավոր բանտարկյալներ էին աշխատում։ Նրանց մասին
էլ անեկդոտ կա։
«- Ո՞վ է կառուցել Բելամորսկ-Բալթիական ջրանցքը։
– Մի կողմից՝ նրանք, ովքեր անեկդոտներ են պատմել, մյուս կողմից՝ լսողները»։
Ամենածիծաղելի անեկդոտները վերաբերում են խրուշչովյան եւ բրեժնեւյան
ժամանակներին։ Եվ ոչ այն պատճառով, որ այդ երկու առաջնորդներն էլ
գայթակղիչ էին անեկդոտների համար, այլեւ՝ շնորհիվ Ստալինի մահվանը
հաջորդած քաղաքական ձնհալի։ Ադամսը Խրուշչովի եւ Բրեժնեւի ժամանակները
կոչում է «անեկդոտների ոսկե դար»։
Իր ճաղատով հայտնի Խրուշչովի անհարկի միջամտությունները գյուղատնտեսության ոլորտին արտացոլված է «Հայկական ռադիոյի» այս կատակում։
«- Ինչպե՞ս է կոչվում Խրուշչովի սանրվածքը։
– Բերք-1963,- պատասխանում է հայկական ռադիոն»։
Բրեժնեւի մասին անեկդոտները ծաղրում էին նրա աճող զառամախտը։ 1980 թվականի
օլիմպիադայի բացմանը Բրեժնեւը սկսում է կարդալ իր ճառը՝ «Օ.Օ.Օ»։ Օգնականը
շշուկով ընդհատում է նրան. «Լեոնիդ Իլյիչ, ճառի տեքստը ներքեւում է, իսկ
սրանք օլիմպիական օղակներն են»։
Բրեժնեւի մասին անեկդոտներում առկա է նաեւ օտար լրտեսների եւ արեւմտյան
քարոզչության հետ կապված մոլագարության հասնող կասկածամտության թեման։
Քանի որ BBC ռադիոկայանը միշտ շատ արագ իմանում էր սովետական գաղտնիքները,
որոշվում է Քաղբյուրոյի հերթական նիստն անցկացնել դռնփակ՝ ոչ մեկին
չթողնելով ներս կամ դուրս։ Հանկարծ Կոսիգինը բռնում է փորն ու խնդրում
դուրս գալ։ Թույլ չեն տալիս։ Մի քանի րոպեից դուռը թակում են։ Մտնում է
դռնապանը՝ դույլը ձեռքին. «BBC-ին հաղորդեց, որ Ալեքսեյ Նիկոլաեւիչը լցրել
է տակը»։
Ի տարբերություն նախորդ գլուխների՝ Գորբաչովի, Ելցինի եւ Պուտինի բաժնի
անեկդոտներն ավելի շատ ոչ թե քաղաքականությանն են առնչվում, այլ նոր
ռուսների մասին են։ «Երկու նոր ռուս հանդիպում են Փարիզի փողոցներից
մեկում. «Նայիր,- գլուխ է գովում մեկը,- հենց նոր Կարդեն փողկապ գնեցի 300
դոլարով»։ «Մեծ բան,- պատասխանում է մյուսը,- ես ճիշտ այդպիսի փողկապ երեկ
500-ով եմ գնել»։
«Փոքրիկ հեղափոխություններ» գիրքը կարելի է համարել ռուսական պատմությանը
վերաբերող լավ փաստաթուղթ։ Հավանաբար վատ չէր լինի այն օգտագործել
Ռուսաստանի համալսարաններում պատմություն դասավանդելիս։
Տ.Պ.