ԲՀԿ-ն համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը ԼՂ հարցի վերաբերյալ դրական է գնահատում:
Երեկ նման հայտարարություն է արել այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Սա դրական երեւույթ է, քանի որ ստեղծում է պատշաճ միջազգային ֆոն` բանակցությունները շարունակելու եւ մեր դավանած սկզբունքներով հաջող մասնակցելու համար: Ինչ վերաբերում է համաձայնեցված սկզբունքների հրապարակմանը, ապա ուզում եմ ասել, որ այս սկզբունքների միայն մի մասը, այն է` համաձայնեցված սկզբունքներն է, որ համաձայնեցված է: Մենք համոզված ենք եւ գիտենք, որ ՀՀ դիվանագիտությունը ունի նաեւ այլ սկզբունքներ ԼՂ հարցի կարգավորման, որոնք առաջ են մղվում այս բանակցային գործընթացում եւ որոնք դեռ ենթակա են համաձայնեցման»,- հայտարարեց Ա. Սաֆարյանը: «Առաջին անգամ է, որ երեք երկրների նախագահները որեւէ փաստաթղթում ընդունում են, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշման հանրաքվեի ճանապարհով եւ միջազգային իրավունքի այլ մեխանիզմների կիրառմամբ: Սա միանշանակ դրական է, ահա թե ինչու մենք ասում ենք, որ բանակցությունները պետք է շարունակել»,- ասում է նա: Այնուհետեւ Սաֆարյանը խոսեց ավելի անշառ թեմայով` Ադրբեջանի նախագահի ու պաշտոնյաների կոշտ հայտարարությունների մասին: «Ադրբեջանը շարունակում է քարոզչական հարձակումներ իրականացնել Հայաստանի նկատմամբ` նպատակ ունենալով վարկաբեկելու ՀՀ-ի իմիջը միջազգային ասպարեզում, նպատակ ունի սպառնալիքներով խեղճացնել, ծնկի բերել Հայաստանը եւ փորձել նախքան ռազմական գործողությունները հոգեբանական պարտության մատնել Հայաստանին: Ադրբեջանը նպատակ ունի նաեւ վերադարձնել բանակցային գործընթացը 1988-1991թթ. մակարդակին»,- դժգոհեց Ա. Սաֆարյանը` սրանից եզրակացնելով, թե Ադրբեջանը ոչ «կառուցողական» է տրամադրված: Եվ քանի որ ադրբեջանցիները շարունակ կոշտ հայտարարություններ ու հակահայկական քարոզչություն են իրականացնում, որից, ըստ ԲՀԿ-ականի, բխում է, որ նրանք պատրաստ չեն կոմպրոմիսային լուծման, Ա. Սաֆարյանն ու ԲՀԿ-ն եզրակացրել են, որ ԼՂ հարցի կարգավորումը դեռ հեռու է: «Մենք լավատեսորեն պետք է վերաբերվենք նախագահների բանակցություններին, բայց աչքի առաջ ունենանք, որ ադրբեջանական դիվանագիտության եւ արտաքին քաղաքական զինանոցում դեռեւս չեն նկատվում էական փոփոխություններ, որոնք կարող են խոսել մոտալուտ հաշտության կամ համաձայնության մասին: Ցավում եմ»,- ցավում է Ա. Սաֆարյանը: Պատասխանելով հարցին` ինքը ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին պատկերացումները միայն ադրբեջանցիների հայտարարությունների՞ց է կազմել, թե՞ ինֆորմացիայի այլ աղբյուրներ էլ ունի, Ա. Սաֆարյանն ասաց. «Ես բազմաթիվ տեղերից տեսակետներ ունեմ, եւ իմ տեսակետների սխալ լինելու մեջ առայժմ ինձ ոչ ոք չի կարող համոզել»: Իսկ արդյո՞ք ադրբեջանցիների հայտարարություններն այդքան կարեւոր են` նրանց դիրքորոշումը բանակցությունների սեղանի մոտ պատկերացնելու տեսանկյունից: «Այո՛, բայց քաղաքականություն անելու ուրիշ էլ ի՞նչ ձեւ կա»,- հարցին հարցով պատասխանեց ԲՀԿ-ականը: Նա, այնուամենայնիվ, նշեց, որ բանակցային գործընթացի մանրամասներին չի տիրապետում: Բանակցային գործընթացում ներգրավված մարդկանց էլ Ա. Սաֆարյանը հարցեր չի տվել, քանի որ գիտի` պայմանավորվածություն կա, որի համաձայն՝ դրանք չպետք է գաղտնազերծվեն: Բայց բանից պարզվում է` կոալիցիայի ներսում ԼՂ հարցի մասին էլ են խոսում, եւ դա Ա. Սաֆարյանին վստահություն է ներշնչում: «Վերջին խոսակցությունը, որի շուրջ կա համաձայնություն կոալիցիայի մեջ, այն է, որ ԼՂՀ միջազգային ճանաչման փոխարեն, կամ դրա հաշվին ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվելու: Կա վստահություն, որ բանակցությունների հիմքում ԼՂՀ անկախության ճանաչմանն ուղղված դիվանագիտական քայլերն են: Մնացած հարցերում հնարավոր են զիջումներ: Ընդունում եմ, որ կարող են լինել զիջումներ, եւ դրա մասին պետք է լինի ներքաղաքական համաձայնություն»,- ասաց նա: «Կարճ ասած, ԲՀԿ տեսակետը ԼՂ հարցի կարգավորման նկատմամբ հետեւյալն է` մենք կարծում ենք, որ բանակցությունների նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»,- հավելեց պատգամավորը: