Վարկածները տարբեր են

17/07/2009

Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը երեկվա ասուլիսում` պատասխանելով հարցին, թե ո՞րը կարող է լինել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ՏՈՒ 154 ինքնաթիռի վթարի ամենահավանական վարկածը, ասել է. «Երեւի թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել, ու անձնակազմը սխալվել է: Բայց բացառված չէ, որ անձնակազմն ամեն հնարավոր միջոցի դիմել է, սակայն վիճակն այնպիսին է եղել, որ այդ միջոցները քիչ են եղել»: Ըստ մասնագետի` ՏՈՒ 154 ինքնաթիռները 3 շարժիչներ ունեն, եւ անգամ, եթե երկու շարժիչն էլ փչանար, ինքնաթիռը կարող էր թռչել մեկ շարժիչով: Իսկ այդ դեպքում, ինչո՞ւ է կործանվել ինքնաթիռը. այս հարցին Դ. Ադբաշյանը պատասխանել է, թե տարբերակները շատ են, սկսած անձնակազմի սխալվելուց: Սակայն նա չի բացառել նաեւ ահաբեկչության վարկածը: Դմիտրի Ադբաշյանը հավանական է համարել նաեւ այն, որ վթարի պատճառ կարող էր դառնալ նաեւ Իրանում այս ընթացքում տեղի ունեցող ավազային մրրիկները: Ըստ նրա` դա հնարավոր վարկած է, քանի որ ավազային մրրիկի կամ հրաբխի դեպքում թռիչք կատարելը խիստ վտանգավոր է: «Ես 3000 ժամ, 3000 ժամից ավելի թռչել եմ ՏՈՒ 154 ինքնաթիռով, ու դրանք շատ ապահով օդանավեր են, եթե դրանց հետ ճիշտ վարվես»,- ասել է Ազգային ավիացիոն միավորման նախագահը: Նրա պնդմամբ` այդ օդանավերի միակ թերությունն այն է, որ շատ վառելիք է ծախսում, ինչի պատճառով էլ «Աերոֆլոտ» ընկերությունը հրաժարվել է դրանք գործածել:

Դմիտրի Ադբաշյանը նշել է, որ օդանավերի տեխնիկական անձնագրում մի քանի ուղղություններով նշվում են նրանց գործածելիության ժամկետները: Մասնավորապես, ՏՈՒ 154-ի տեխնիկական անձնագրում, ըստ նրա, օրացուցային պիտանելիության ժամկետը 30 տարի է, թռիչքային ռեսուրսը՝ 25.000 ժամ, վայրէջք-թռիչք հարաբերակցության պիտանելիությունը` 13.000 վայրէջք` երկու ժամը մեկ պարբերականությամբ:

Հարցին էլ, թե` հնարավո՞ր է ինքնաթիռի կործանման պատճառը լիներ նրա հնությունը` Դ. Ադբաշյանը պատասխանել է, թե օդանավերի հնությունն ու նորությունը հարաբերական հասկացություններ են եւ, օրինակ, կարող է օդանավը հին լինի, բայց շարժիչները` նոր: Այսինքն, ըստ նրա` ՏՈՒ-154 օդանավերի տարբեր մասերը փոխելով, դրանց գործածության ժամկետը կարելի է հասցնել 45 տարվա: