Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ջրամբարի տարածքում նախօրեին տեղի ունեցած միջադեպի արդյունքում գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը հրազենային վնասվածք էր ստացել: Միջադեպի հետ կապված դարձյալ շրջանառվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի անունը:
Գ. Հակոբյանին սկզբում տարել էին Մարալիկի հիվանդանոց, ապա տեղափոխել են Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Ըստ Ոստիկանության հաղորդագրության, սակայն, միայն նշված է, որ այդ օրն` «անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով ձախ ոտքի մասում վնասվածք է պատճառել 1955թ. ծնված Գեւորգ Հ.-ին: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»:
«Ազատություն» ռ/կ-ի տեղեկություններով, Գյումրիից մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ եղել է նաեւ Գյումրիի քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցուց դեպի Էջմիածին ուխտավորության են գնացել: Ճանապարհին նրանց հերթական կանգառը տեղի է ունեցել Սառնաղբյուր գյուղի վանքում: Իսկ Սառնաղբյուր գյուղի բնակիչների վկայությամբ` Գեւորգ Հակոբյանը փորձել է կանխել Գյումրիից եկած երիտասարդների մուտքը բարձր լարման հոսանքագծերով տարածք: Ի պատասխան՝ երիտասարդներից մեկը ատրճանակով կրակել է Հակոբյանի ուղղությամբ: «Պիստալետով ինչո՞ւ են եկել լիճ: Զինված մարդն ի՞նչ գործ ունի այդտեղ»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում իր վրդովմունքն է արտահայտել գյուղի բնակչուհիներից մեկը:
Դեպքի վայրում տեղազննություն կատարող ոստիկաններին, սակայն, գյուղի բնակիչներն ասել են, թե տեղյակ չեն, թե կոնկրետ ով է եղել կրակողը: «Ամբողջ գյուղն է վախեցած, միայն մենք չենք վախեցած»,- ասել է տարեց մի կին:
Երիտասարդների խումբը բերման է ենթարկվել ոստիկանության Անիի բաժին: Բերման ենթարկվածների թվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը: Վերջինիս անունն առաջին անգամը չէ, որ հիշատակվում է հրազենի օգտագործմամբ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: 2007թ. մայիսին Գյումրիի Տերյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով Գյումրիի քաղաքապետի որդին դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, սակայն, 2008թ. հունվարին, ժամանակից շուտ ազատ էր արձակվել: