Թույլ չե՞ն տալու

17/07/2009

«Ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ ԱՄՆ-ը իրենց չդրսեւորեցին որպես նորմալ խաղաղարար: Ռուսաստանն Աբխազիան եւ Հարավային Օսիան առանձնացրեց Վրաստանից, իսկ ԱՄՆ-ը` Կոսովոն` Սերբիայից: Այդ իսկ պատճառով, եթե մենք չենք ցանկանում արժանանալ այդ նույն ճակատագրին, չպետք է թույլ տանք, որպեզի Ղարաբաղում հայտնվեն այս երկրների խաղաղարարները»,- երեկ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով` Ադրբեջանը պետք է «ելնի» քի-ուեստյան համաձայնագրից, համաձայն որի՝ Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվել են Ղարաբաղում օտարերկրյա խաղաղարար ուժեր չտեղակայել, այլ անվտանգությունն ապահովել սեփական ուժերով: Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ՝ Զարդուշտ Ալիզադեն, համաձայն է այն մտքի հետ, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խաղաղարարների հայտնվելը չափազանց վտանգավոր է հակամարտության գոտու համար: Ալիզադեն նաեւ նշել է, որ ամեն ինչ կախված է Բաքվի` Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ ունեցած պայմանավորվածությունից: «Ադրբեջանը Սերբիան չէ, որի մոտ խորը անհամաձայնություններ կային ԱՄՆ-ի հետ, եւ ոչ էլ Վրաստանն է, որը լուրջ խնդիրներ ուներ Ռուսաստանի հետ: Մենք ոչ ԱՄՆ-ի եւ ոչ էլ Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ չունենք: Սակայն Բաքուն պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ղարաբաղում խաղաղարարներ չլինեն»,- նշել է նա: