ԼՂ հարցի կարգավորումը արագացվում է, եւ դա երեւում է համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից: Երեկվա ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր են որոշակի վերադասավորումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում ԼՂ հարցի բանակցային գործընթացի զարգացումներով պայմանավորված, Վ. Խաչատրյանն ասաց, թե ԼՂ հարցն այնպիսին է, որ կարող է ցանկացած փոփոխություն առաջացնել ներքաղաքական կյանքում: «ԼՂ հարցը մեր պետականության ձեւավորման առանցքային հարց է: Սա հարց է, որը համայն հայության խնդիրն է: Եվ այդ առումով, կամայական փոփոխություններ, հայ ժողովրդի շահերն անգամ լավ չսպասարկելու դեպքում, Հայաստանում հնարավոր են, սկսած իշխանափոխությունից, վերջացրած մինչեւ այնպիսի վերադասավորումներ, որոնք հնարավորություն կտան ավելի լիարժեք օգտագործել Հայաստանի պոտենցիալը, որովհետեւ մինչեւ հիմա մենք գործ ունենք վերտիկալի կիրառման հետ: Այսինքն` գոյություն ունի մարդկանց շատ նեղ խումբ, եւ այդ խումբն ուղղահայացով օգտագործում է Հայաստանը, Հայաստանի անունը, Լեռնային Ղարաբաղի շահերն է ներկայացնում: Բայց ասել, որ մենք հաջողում ենք գործընթացի մեջ, այսօր մենք չենք կարող»,- պատասխանեց պատգամավորը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը եւս, ըստ Վ. Խաչատրյանի, կախված է իրադրության զարգացումից: «Դա կախված է այդ իրավիճակում հնարավոր զարգացումներից, որովհետեւ չկա մի բան, որը փոփոխության չենթարկվի, եթե առկախված է այդպիսի սպառնալիք»,- նշեց նա: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվել ԼՂ հարցի հետ կապված վերջին 4-5 տարիների ընթացքում, որ սպառնալիքներից ու վտանգներից խոսելու առիթ է տվել, նա ասաց. «Փոփոխվել է այն, որ Հայաստանին եւ ԼՂՀ-ին կարող է պարտադրվել արագ լուծումների գործընթաց, ինչը պարզորոշ կերպով երեւաց 3 խոշոր տերությունների հայտարարությամբ»: Վ. Խաչատրյանի ասելով` մինչ այժմ նման իրավիճակ չէր եղել: «Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական այնպիսի շահերի բախման կիզակետում, որտեղ շատ բան կարող է մեզնից կախված չլինել»,- ասաց նա: Ըստ պատգամավորի՝ ամեն անգամ մեր իշխանությունները համարել են, թե միշտ կարելի է գնալ մինչեւ վերջ` համոզված լինելով, որ վերջին պահին լուծումից կարելի է հրաժարվել: Սակայն այժմ, Վ. Խաչատրյանի ասելով, իշխանությունները չունեն բավարար չափով լեգիտիմություն երկրի ներսում, որ կարողանան դիմանալ ճնշումներին: «Հիմա պարզ է դառնում, որ այդ վերջին պահին լուծումից խուսանավելու հնարավորություն կարող է չունենանք: Հարաբերական լեգիտիմությամբ իշխանությունը չի տանում նրան, որ մենք ի վիճակի ենք կոշտ դիմակայել միջազգային ճնշումներին: Այս ամենի միագումարում մեզ կարող է պարտադրվել որոշակի լուծում` հնարավոր բոլոր բացասական հետեւանքներով»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը: Նրա ասելով` վերջին տարում Ադրբեջանի ձեռքբերումն այն է եղել, որ Մայնդորֆյան հռչակագրով ֆիքսվեց, որ ԼՂ-ն այլեւս բանակցությունների կողմ չէ, իսկ Հայաստանի ձեռքբերում համարվում էր այն, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը բաժանվել է եւ տպավորություն է ստեղծվել, որ ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միմյանցից անկախ գործընթացներ են: Սակայն, ըստ Վ. Խաչատրյանի, ակնհայտ է, որ ԼՂ հարցը կապվում է հայ-թուրքական հարաբերությունների հետ, եւ «Թուրքիան նույնիսկ ճեղքում է կատարել` մտնելով ԼՂ հարցի դաշտ»:
Ըստ «Ժառանգության» պատգամավորի` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու: Նրա կարծիքով` հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Ադրբեջանի համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ բացառվում է ղարաբաղյան հատվածի մասնակցությունը բանակցություններին: «Իսկ Հայաստանի համար մեծագույն ձեռքբերում է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարվեց, թե հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացները պետք է դիտարկել առանձին»,- նշեց նա` հավելելով, թե Ղարաբաղին բանակցային գործընթացին մասնակից դարձնելը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է: