Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 10 գյուղական համայնքներում երկրորդ տարին է` «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ «ՕՔՍՖԱՄ-Մեծ Բրիտանիա» կազմակերպության աջակցությամբ իրականացնում է «Համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում. կարողությունների եւ հանձնառությամբ հզորացում» ծրագիրը: Դրա նպատակը ֆերմերային տնտեսությունների ստեղծումն ու զարգացումն է: Ծրագրում Սյունիքից ընդգրկված են 2-ական համայնքներ Մեղրիի, Կապանի ու Սիսիանի տարածաշրջաններից: Կազմակերպության Կապանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Բադալյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում այս համայնքների շուրջ 50 սոցիալապես անապահով ընտանիքների արդեն տրամադրվել է 40 մեղվաընտանիք եւ 500 հավի ճուտ: Բացի մեղվաբուծությունից եւ հավաբուծությունից, առաջիկայում կազմակերպությունը նախատեսել է այս համայնքներում զարգացնել նաեւ ոչխարաբուծությունը: Կազմակերպությունը գյուղացիների հետ կնքում է 6 ամսից 1 տարվա պայմանագիր` տրամադրած մեղվաընտանիքը կամ թռչունները չվաճառելու, այլ պահելու եւ ստացված եկամուտը սեփական կարիքների համար օգտագործելու վերաբերյալ: