Ուկրաինայի անցումը նոր ժամանակին տեղի է ունենում ավելի դանդաղ, քան
կարծում էին արեւմտյան շատ ներդրողներ, ովքեր գնալով ավելի ու ավելի են
բողոքում, որ բարեփոխիչ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ վարչապետ Յուլիա
Տիմոշենկոյի ղեկավարած երկիրը տնտեսական առումով դարձել է պակաս
կանխատեսելի։ Ներդրումային բոլոր ծրագրերը պետք է կրկին վերանայվեն. ասում
են Կիեւից։
«Անհասկանալի պայմանները դժվարություններ են առաջացնում։ Մի շարք
գործոններ կան, որոնք նպաստում են անորոշությանը, ինչը բացասաբար է
անդրադառնում ներդրումային մթնոլորտի վրա»,- ասել է գերմանական
տնտեսության Արեւելյան կոմիտեի Ուկրաինայի գծով մասնագետ Մարտին Հոֆմանը։
Առաջին պատճառը լարվածությունն է, որն առաջացել է սեփականաշնորհման
արդյունքների ստուգման մասին արված հայտարարություններից հետո։ Նախագահ
Յուշչենկոն վստահեցնում է, որ ստուգման ենթակա ընկերությունների ոչ մի
ցուցակ էլ չկա։ Մինչդեռ վարչապետը նշում է դրանց թիվը՝ երեք հազար։
Գերմանական ներդրողներին դա գրեթե չի վերաբերում, քանի որ Կուչմայի օրոք
նրանք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու սեփականաշնորհմանը։
Համբուրգում գտնվող «RSJ Erste Beteiligungsgesellschaft» ֆիրման, որը
ղեկավարում է բրիտանացի Ռոբերտ Շեթլեր-Ջոնսը, բացառություն է։ Անցյալ տարի
այն Ղրիմում ներդրել է 100 միլիոն դոլար «Ղրիմյան տիտան» եւ «Ղրիմսոդա»
արտադրական ձեռնարկությունների մեջ։ Հիմա Շեթլեր-Ջոնսն, ինչպես ինքն է
ասում, ագրեսիվ ճնշման է ենթարկվում։ Դատախազությունը պարզել է, որ
«RSJ»-ն չափազանց ցածր վարձավճար է մուծում։ Դրան հետեւել են աշխատանքի
անվտանգության եւ հակահրդեհային կանոնների պահպանման հետ կապված
մեղադրանքները։
Իսկ կուլիսներում ակտիվորեն գործում է ռուսական հումքային օլիգարխ Վիկտոր
Վեքսելբերգը, ով, ինչպես ասում են, Յուշչենկոյի հետ ունեցած զրույցում
արդեն «RSJ»-ի ղրիմյան բաժնեմասը գնելու հետաքրքրություն է ցուցաբերել։
«Ռուսաստանը պարտվել է Ուկրաինայի համար մղած քաղաքական պայքարում, հիմա
Մոսկվան ակնհայտորեն փորձում է հաղթել տնտեսական միջոցներով»,- պնդում է
Շելթեր-Ջոնսը։ Միաժամանակ Ուկրաինայում ռուս ներդրողների ակտիվացող
գործունեությունը ցույց է տալիս, որ ՅՈՒԿՕՍ-ի գործից հետո կապիտալի
արտահոսքը Ռուսաստանից ուժեղանում է։ Ուկրաինայում մի քանի առավելություն
կա՝ լեզվական անջրպետի բացակայությունը, ավանդական կապերը եւ արդեն
գոյություն ունեցող ներդրումները, որոնց կարելի է կապակցել հաջորդները։
Այսուհանդերձ, օտար փորձագետները մեծ խնդիր են տեսնում Ուկրաինայի պետական
բյուջեի մասին օրենքում։ Վարչապետ Տիմոշենկոյի նախաձեռնությամբ ստեղծված
այդ փաստաթուղթը ենթադրում է ոչ միայն Յուշչենկոյի նախընտրական
խոստումների իրագործում, այլեւ՝ նրա պարտված մրցակից Յանուկովիչի։ Դա
առաջին հերթին թոշակների եւ պետական ծառայողների աշխատավարձերի
բարձրացումն է, որը կարող է պայթեցնել պետական գանձարանը։
Այս խոստումները Ուկրաինայի ղեկավարները փորձում են իրականացնել համալիր
միջոցառումներով։ Անսպասելիորեն հանվել են հարկային եւ մաքսային
արտոնությունները, վերացվել հատուկ տնտեսական գոտիները։ Կասկածի տակ են
հայտնվում գործնականում բոլոր այն ընկերությունները, որոնք փորձում են այս
կամ այն կերպ շրջանցել նոր կանոնները։
Կիեւի գլոբալ ռազմավարության ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասեւը գտնում է,
որ Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ են դատական համակարգի
բարեփոխումներ, ինչը վերջ կդնի խառնաշփոթին, բայց նրա կարծիքով՝ դրան պետք
է սպասել շատ երկար, եթե ոչ՝ անվերջ։
Տ.Պ.