Բուժիչ նամակներ

17/07/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Թութը կամ թթենին (շելկովիցա) ժողովրդական բժշկության մեջ

Այս հրաշք բույսն աճում է հարավում, այդ թվում նաեւ մեզ մոտ` Հայաստանում, իսկ ավելի շատ` Ղարաբաղում: Ղարաբաղում այս բույսին շատ հարգանքով են վերաբերվում` այն անվանելով «ծառերի ու պտուղների արքա»: Պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերեւները հումք են հանդիսանում մետաքսի համար: Դեռեւս հնագույն ժամանակներից այն համարվել է դեղաբույս: Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերեւները, ծառի արմատները, կեղեւն ու պտուղները շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ: Թթենու պտուղներն օժտված են արյունը մաքրող հատկությամբ, կարգավորում են նյութափոխանակությունը: Այն շատ լավ է հատկապես ճարպակալման դեպքում: Մրսածության ժամանակ թթենու տերեւները հաճախ գործածվում են որպես ջերմիջեցնող միջոց: Թթենու արմատների կեղեւն օգտագործվում է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ, իսկ այլ դեղաբույսերի հետ համակցված շատ լավ է հազին, բրոնխիտին եւ շնչուղիների այլ հիվանդությունների:

Թթի մեջ շաքարի պարունակությունը 12 տոկոս է (սպիտակ թթի մեջ` մինչեւ 20 տոկոս): Թութն իր մեջ պարունակում է շատ օգտակար էլեմենտներ, հանքային նյութեր ու վիտամիններ` B1, B2,P, C: Բացի թվարկված վերոնշյալ օգտակար հատկանիշներից, թթենու պտուղներն ամենամաքուրն են եւ ոչ մի աղտ իրենց վրա չեն վերցնում: Ի դեպ, հայտնի է նաեւ, որ թութը շատ օգտակար է տեսողության համար:

Թութը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցի, ստոմատիտի, բրոնխիտի, ֆարինգիտի բուժման միջոց:

Սուր եւ քրոնիկական բրոնխիտի ժամանակ ցուցված է օգտագործել թթի պտուղները, հյութը եւ թուրմը: Թուրմը պատրաստվում է հետեւյալ ձեւով. 1 ճաշի գդալ չորացրած աղացած պտուղները լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 4 ժամ, որից հետո քամել թանզիֆի մի քանի տակ ծալած կտորով եւ ընդունել օրը 3-4 անգամ` բաժակի 1/3 մասից:

Ծերունական փորկապությունների ու թութքի ժամանակ թթի սեզոնին առավոտյան նախաճաշից առաջ պետք է ամեն օր թութ ուտել: Ցանկալի է օրվա ընթացքում էլ սնվելուց առաջ անպայման թութ ուտել, մի քանի րոպե հետո՝ ճաշը կամ ընթրիքը:

Թթի թարմ պտուղներից պատրաստված խյուսանման զանգվածը շատ լավ օգնում է գլխի թեփին եւ նպաստում մազերի արագ աճին: Պետք է այն քսել մազարմատներին, կապել շորով ու թողնել մոտ 3 ժամ:

Թթենու տերեւների թուրմը շատ լավ օգնում է շաքարախտով հիվանդներին: Թուրմը պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը լցնում են 1 բաժակ սառը ջրի մեջ եւ 10-15 րոպե եռացնում գոլորշու վրա: Հետո քամում են, սառեցնում եւ խմում բաժակի 1/3-ից, օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Թութը ոչ մի հակացուցում չունի, բացառությամբ, որ թթի պտուղներն ուտելուց հետո, անմիջապես սառը ջուր խմել չի կարելի, քանի որ այդ դեպքում կխանգարվի աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Աղը հեշտությամբ կարելի է փոխարինել

Աղի փոխարեն կարելի է օգտագործել տարբեր համեմունքներ` պղպեղ, քացախ կանաչի: Մսի համար պատրաստվող սոուսին կարելի է ավելացնել սխտոր, ինչը եւ՛ համեղ է, եւ՛ օգտակար: Սխտորը սազում է նաեւ միջերկրածովյան կծու սննդամթերքների հետ: Մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխն առանց երկմտելու կարելի է ավելացնել եփած կարտոֆիլի վրա: Շատ լավ համեմունք է թարխունը, հատկապես ձկան հետ: Շատերն աղի փոխարեն օգտագործում են պատրաստի սոյայի սոուս կամ մանանեխ, ինչն այնքան էլ ճիշտ չէ: Պատրաստի սոյայի սոուսի ու մանանեխի անընդհատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների խնդիրների: Կարելի է նաեւ բանջարեղեններով ու մրգերով սոուս պատրաստել: Կարելի է 2 հատ լոլիկը, 1 հատ կիտրոնը, 1 հատ կանաչ խնձորը կտրատել ու հարիչով հարել: Ստացվում է շատ համեղ սոուս: Այն հատկապես համեղ է մսից պատրաստված կերակրատեսակների հետ:

Խորհուրդ կանանց

Մասնագետները խորհուրդ չեն տալիս ամռանը ներկել, գունափոխել կամ գունաթափել մազերը: Իսկ եթե ամռանը մազերի գույնը բացացնելու ցանկությունը մեծ է, ապա կարելի է հետեւել մեր տատիկների այն ժամանակվա օրինակին` մազերին թեթեւակի կիտրոնի հյութ քսել: Այս թեթեւակի պրոցեդուրան մազերը բաց գույնի ներկելու էֆեկտ է տալիս: