Բացառության կարգով

17/07/2009

«Համոզված եմ, որ Թուրքիան կկատարի իր խոստումը եւ չի բացի Հայաստանի հետ սահմանը,- նախօրեին նման հայտարարություն է արել աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` նշելով,- Թուրքիան ասել է, որ Հայաստանի հետ սահմանը մի դեպքում կբացվի` եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: Ըստ նրա, սակայն, իրենք չեն խառնվում հայ-թուրքական բանակցություններին, քանի որ այլ երկրների ներքին խնդիրներին չմիջամտելը, Ալիեւի խոսքերով, իրենց արտաքին քաղաքականության մի մասն է կազմում: «Հարեւանների գործերին չենք խառնվում: Այս նույն մոտեցումը մենք դավանում ենք նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հետ կապված»,- ասել է նա: Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ կրկին Լոնդոնում Ալիեւը հայտարարել էր, թե «Ղարաբաղի անկախության մասին խոսք լինել չի կարող»: Նշենք նաեւ, որ Ալիեւը եւ նրա տիկինը` Մեհրիբան Ալիեւան, եղել են նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհու հյուրը: Նրանք իրենց զրույցն անցկացրել են թեյի սեղանի շուրջ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Իլհամ Ալիեւի եւ Էլիզաբեթ Երկրորդի հանդիպումը տեղի է ունեցել բացառության կարգով, քանի որ թագուհին ընդունում է միայն պաշտոնական այցով ժամանած պաշտոնյաներին, իսկ Ալիեւի այս այցը աշխատանքային է: