«Չեմ կարծում, որ այդ հանդիպմանը որեւէ փաստաթուղթ կստորագրվի, ինչ-որ մանրամասնությունների շուրջ գուցե համաձայնության գան»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով հուլիսի 17-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը՝ նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը: «Բայց ես սա դիտում եմ այն համապարփակ պատկերի վրա, որ սկսվել է մի գործընթաց, որ այս քայլը կնպաստի այդ գործընթացի զարգացմանը: Ես նկատի ունեմ ղարաբաղյան հակամարտությունը»,- նշել է նա: Ծավալվելով ղարաբաղյան հակամարտության թեմայի շրջանակներում՝ Ռ. Հակոբյանը հայտարարել է. «Բոլոր նախագահները (Հայաստանի.- խմբ.) նախագահ են դարձել Ղարաբաղի նկատմամբ իրենց ունեցած անանձնական վերաբերմունքի պատճառով»: Ըստ նրա, նախկին նախագահներն ու արտգործնախարարներն այն եզակի մարդիկ են, որ լավագույնս տիրապետում են ղարաբաղյան բանակցային գործընթացի էությանը ու այսօր, փոխարեն միմյանց փոխանցեն իրենց ինֆորմացիան, միասին քննարկեն իրավիճակից դուրս գալու ելքը, թշնամացած են միմյանց հանդեպ: