Ռուսաստանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման նախաշեմին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հարցազրույց է տվել թուրքական «Hurriyet Daily News & Economic Review» պարբերականին: Հարցազրույցի ընթացքում Բրայզան, մասնավորապես, ընդգծել է, որ երկու երկրների միջեւ երկխոսության ամրապնդումը միջնորդների ջանքերը դուրս են բերել «նոր եւ հուսալի մակարդակի»: «Բանակցություններում նկատվում է էական առաջխաղացում,- ասել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան` ավելացնելով,- Երկու նախագահների հանդիպումների հաճախականությունն արտացոլում է նախագահների միջեւ երկխոսության ամրապնդումը»,- հավելել է ՄԽ ամերիկացի համանախագահը: «Բացի այդ, հույս ունենք, որ երկու նախագահների հանդիպումը կհստակեցնի այն հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերին Մադրիդում»,- ասել է Բրայզան` ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իրենց անհատական աջակցությունն են ցուցաբերում իր ջանքերին` որպես ամերիկացի համանախագահ-միջնորդի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից, աշխատում են միասին՝ որպես ուժեղ եւ միահամուռ թիմ: Մենք նաեւ ողջունում ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից կատարված կարեւոր եւ դրական ներդրումը»,- հայտարարել է Մեթյու Բրայզան: