25 միլիոն ամուրի չինացի

27/08/2005

Ամերիկյան հետազոտողները գտնում են, որ դա հետեւանքն է չինական այն
քաղաքականության, որով ընտանիքներին արգելվում է ունենալ մեկից ավելի
երեխա եւ նպատակաուղղված կերպով ոչնչացվում են իգական սեռի ձվաբջիջները։

Ենթադրաբար, 2015-2030 թվականների միջակայքում Չինաստանում տղամարդկանց
թիվն ավելի կլինի 25 միլիոնով։ Այդ կանխատեսումն են արել Տեխասի
համալսարանի մասնագետները ֆրանսիական Տուր քաղաքում տեղի ունեցած
դեմոգրաֆների միջազգային համաժողովում։

Ի՞նչ պիտի անեն այդ «ակամա միայնակներն» աշխարհի ամենախիտ բնակեցված
երկրում, հետազոտողների համար դեռ պարզ չէ։ Արվամոլների թվի մեծացումն ու
երկսեռության տարածումը նրանք քիչ հավանական են համարում։

Մասնագետները չեն բացառում, որ Պեկինում, Շանհայում եւ երկրի այլ խոշոր
քաղաքներում առաջանան տղամարդկանց իսկական գետոներ, եւ վախենում են, որ
ծաղկում ապրեն հանցագործությունը, պոռնկությունն ու վեներական
հիվանդությունները։

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ բանը հասնի սիրուց զրկված դժբախտ տղամարդկանց ապստամբության, մասնագետները պատասխան չունեն։

Սովորաբար հասարակության մեջ տղամարդկանց եւ կանանց հարաբերակցությունը բավականաչափ կայուն է՝ 105 տղա-100 աղջիկ։

80-ականների սկզբին Հարավային Կորեայում նկատվում էր նույն միտումը, ինչ
Չինաստանում է՝ ավելի շատ տղաներ էին ծնվում։ Դրա պատճառը հղիության ուշ
շրջանում կատարվող արհեստական վիժեցումներն էին, երբ ուլտրաձայնի միջոցով
հնարավոր էր որոշակիացնել՝ տղա՞ է, թե՞ աղջիկ։

2000 թվականին Չինաստանում հարաբերակցությունը եղել է այսպիսին՝ 117
տղա-100 աղջիկ։ Փորձագետները նշում են սրա հնարավոր հետեւանքները։

Տ.Պ.