Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ուղղված ծավալուն կոչով եւ ՀՀ իշխանություններին ուղղված նամակով: Դրանում մանրամասն շարադրված են անցած ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված «Ժառանգության» դիրքորոշումն արտահայտող տեսակետները: Այնուհետեւ «Ժառանգությունը» ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս զարգացումների հետ կապված իր հետեւյալ պահանջները. «1. այսուհետ բացառել ՀՀ պաշտոնյաների սեպարատ մասնակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բանակցություններին ցանկացած ձեւաչափով, ուր քննարկվում են բացառապես ԼՂՀ իրավասությանը վերաբերող հարցեր` առանց ԼՂՀ օրինական իշխանությունների մասնակցության, առավելեւս` որեւէ փաստաթղթի ստորագրում. 2. անմիջապես սկսել ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը»: Հայտարարության այս մասն ուղղելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ժառանգությունը» նշում է. «Եթե այս պահանջի իրագործումը Ձեր պաշտոնավարման դեպքում անհնարին եք համարում, ապա պահանջում ենք Ձեզանից հրաժարական տալ` նշանակելով նախագահական ընտրություններ, ինչը հնարավորություն կտա ձեւավորել լեգիտիմ իշխանություն, որը, լինելով պակաս խոցելի արտաքին ճնշումների առումով, առավել արդյունավետորեն կկարողանա իրագործել հայ ազգային-պետական շահերը` թեգ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ միջազգային ասպարեզում: Ակնկալում ենք ստանալ Ձեր պատասխանը` մինչեւ Մոսկվայում հուլիսի 17-ին կայանալիք հանդիպումը»: