Ապրենք միասի՞ն

17/07/2009

«Ե՛վ Լեռնային Ղարաբաղը, եւ՛ ողջ Ղարաբաղը պետք է պատկանեն թե հայերին եւ թե ադրբեջանցիներին»,- «Մեդիա ֆորում» գործակալությանը տված հարցազրույցում նման տարօրինակ կարծիք է հայտնել ադրբեջանցի գրող Աքրամա Այլիսլին: «Ես չգիտեմ, թե ինչպես են ապրում Լեռնային Ղարաբաղի հայերը, արդյո՞ք այնտեղ կաշառակերություն, չինովնիկական անօրենություններ գոյություն ունեն, թե՞ ոչ: Բայց եթե այստեղ կաշառակերություն եւ անօրենություններ կա, արդյո՞ք հայերը կհամաձայնեն գալ եւ ապրել մեզ հետ,- նման հռետորական հարցեր է հնչեցրել ադրբեջանցի գրողը` ավելացնելով,- «Եթե վաղը հայերը ասեն` հեյ, ադրբեջանցիներ, վերադարձե՛ք, եկեք ապրենք միասին, ապա քանի՞ շուշեցիներ կվերադառնան այնտեղ: Այստեղ նրանք ինչ-որ կերպ կենցաղային պայմաններ են ապահովել, կարողանում են հացի փող վաստակել, իսկ ինչպիսի՞ ենթակառուցվածքներ կան Շուշիում: Ես Նախիջեւանում ապրած մարդ եմ: Պատմականորեն մենք հայերի հետ հարեւաններ ենք եղել: Մեր Այլիս գյուղում հայերը եւ մահմեդականները երկար տարիներ ապրել են միասին` խաղաղության եւ համաձայնության մեջ: Խոսքը գնում է այն մասին, որ եթե լինի պետական քաղաքական կամք, ապա մերոնց մոտ այնտեղ ապրելու վախ կլինի: Խաղաղության ճանապարհին ես ավելի քիչ ողբ եմ տեսնում, քան պատերազմի ճանապարհին: Հակամարտության շարունակությունը, որը քարոզում է երկու կողմերի ղեկավարությունը, շահավետ է միայն իշխանությունների համար, այլ ոչ թե ժողովուրդների»: