«2 տարի Հայաստանի լրագրողները, քաղաքական գործիչները, հասարակությունը գոռում էին, ճչում էին, պահանջում էին հրապարակել Մադրիդյան սկզբունքները: Ասում էիք` որոշում են մեր ճակատագիրը մեր թիկունքո՞ւմ, բոլորը խոսում են Մադրիդյան սկզբունքներից, իսկ դրանք մեզ ցույց չե՞ն տալիս, այ քեզ սարսափելի բան: Հիմա Մադրիդյան սկզբունքները հրապարակվեցին, էլի գոռում են` ինչ սարսափելի է, հրապարակեցին Մադրիդյան սկզբունքները»,- երեկ գնահատականներ տվեց Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով վերջերս հրապարակված Մադրիդյան սկզբունքների մասին: Նրա կարծիքով՝ վաղ թե ուշ այդ սկզբունքները պետք է հրապարակվեին: Իսկ հրապարակվեցին հենց այս պահին, քանի որ, ըստ Իսկանդարյանի, կա երկու պատճառ: «Ես երկու տեսակետ ունեմ, որոնք մեկը մյուսին չեն բացառում: Առաջին` արդեն հնարավոր չէր ձգձգել: Այսինքն` հրապարակումը հասարակություններում բանավեճ ու քննարկում ծավալելու համար ճնշում գործադրելու միջոց էր: Երկրորդն էլ այն է, որ հայ-թուրքական հարաբերություններում մինչեւ հոկտեմբեր պետք է ինչ-որ բան տեղի ունենա Թուրքիայի կողմից: Հայաստանի նախագահն իր քայլը կատարել է` հայտարարելով, թե կգնա Թուրքիա միայն բաց սահմանների դեպքում: Հետեւաբար հարկավոր էր էական նշանակություն ունեցող ինչ-որ մի քայլ: Ժամանակը քիչ է: Եվ այս հայտարարությունը, ավելի ճիշտ` հրապարակումը, կարող է Թուրքիայի իշխանություններին Թուրքիայի ներսում ու Ադրբեջանի աչքին դեմքը փրկելու հնարավորություն տալու նպատակ հետապնդել»,- հայտարարեց Ա. Իսկանդարյանը:
Ըստ Ա. Իսկանդարյանի` Թուրքիայի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, թե Հայաստանի սահմանը բացելու համար ԼՂ հարցում որոշ առաջընթաց պետք է լինի, այսինքն` նրանք չեն խոսում վերջնական կարգավորման մասին: Ուստի համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարությունը, Իսկանդարյանի ասելով, Թուրքիայի իշխանությունները կարող են ներկայացնել իրենց հասարակությանն ու Ադրբեջանին՝ որպես առաջընթաց ԼՂ հարցում: «Իսկ իրական առաջընթաց կատարվե՞լ է, թե՞ ոչ… դե, ինչ-որ չափով կատարվել է, Մադրիդյան սկզբունքների հրապարակումը ամեն դեպքում քայլ է»,- նշեց Ա. Իսկանդարյանը: «Բայց այն, ինչ կատարվել է, կատարվել է վաղուց, բանակցային գործընթացի զարգացման արդյունքում հայտնվել են Մադրիդյան սկզբունքները, հիմա այդ սկզբունքները ընդամենը հրապարակվել են: Նոր բան չի կատարվել: Այդ Մադրիդյան սկզբունքներն էլ մինչ այժմ գաղտնիք չէին: ԼՂ հարցով մի քիչ հետաքրքրվողները` թերթ կարդացողները, ընդհանուր պատկերացում Մադրիդյան սկզբունքների մասին ունեցել են: Իսկ մանրամասները հիմա էլ համաձայնեցված չեն: Եվ վերջին 2 տարվա ընթացքում, այսինքն` այն ժամանակից, երբ հայտնվեցին այդ սկզբունքները, կողմերը որեւէ նոր հարցի շուրջ համաձայնության չեն եկել»,- ավելացրեց Ա. Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է Հայաստանում Մադրիդյան սկզբունքների հրապարակման առնչությամբ նկատվող «ցավագին» արձագանքին, ապա Ա. Իսկանդարյանի ասելով՝ դա ներհայաստանյան սովորական դարձած երեւույթ է: «Համարյա ամեն 3-4 ամիսը մեկ, երբեմն՝ պատեհ առիթով, երբեմն՝ առանց առիթի բռնկվում է մի ինֆորմացիոն կրակ այն մասին, թե՝ վայ, Ղարաբաղը ծախեցին: Հետո, երբ էլի ոչինչ չի տեղի ունենում, հասարակությունը մոռանում է այն վիճակը, որում գտնվում էր: Հետո նորից ինչ-որ մի` թվով ասենք 389-րդ հայտարարությունը կամ Ալիեւի, կամ Բրայզայի, կամ մեկ ուրիշի, կամ էլ ոչ մի հայտարարություն էլ չի լինում, ու էլի ստեղծվում է այն նույն վիճակը, որ կա այսօր: Սա Հայաստանի ներսի իրավիճակի հետեւանք է, ոչ թե ԼՂ հարցում կատարվող զարգացումների»,- հայտարարեց Ա. Իսկանդարյանը: Նա, այնուամենայնիվ, նշեց, որ մի օրինաչափություն է նկատվում Հայաստանում` ԼՂ հարցի լուծման պատկերացումների հետ կապված: «Սկսած մոտավորապես Ռամբույեի բանակցություններից (2006թ. փետրվար.- Հ. Մ.) ձեւավորվեց «ոչ մի թիզ հող» մոտեցումը: Սա մի 4-5 տարի առաջ չկար: Ինչ-որ մարգինալ շրջանակներում, իհարկե, կար, բայց այսպես լուրջ, որ մենք պատրաստ չենք ընդհանրապես որեւէ զիջման գնալ, որ թող ԼՂ-ն մնա չճանաչված, միայն թե հողերը հետ չտանք, այ այս մոտեցումը գնալով ուժեղանում է: Եվ սա բնորոշ է նմանատիպ հակամարտություններին, երբ մի կողմը երկար ժամանակ վերահսկում է ինչ-որ տարածքներ ու հետո սկսում հրաժարվել վերադարձնել նույնիսկ այն տարածքները, որը վերցրել էր հենց հետ տալու նպատակով: Եվս մի ներհայաստանյան կարեւոր բան: Նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքի ճակատագիրը արդեն լրջորեն ոչ ոք չի քննարկում: Հայաստանում մարդկանց գիտակցության մեջ մտել է, որ այս հարցում ամեն ինչ հասկանալի է, ուշ թե շուտ, զիջումներով կամ առանց դրա, հանրաքվեով կամ էլ մեկ այլ ձեւով, ի վերջո ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողությանը չի հանձնվի: Այսինքն` մեր իշխանությանը մեղադրում են ոչ թե նրա համար, որ ԼՂ-ն են ուզում հանձնել, այլ, որ ինչ-որ բան են ուզում տալ: Սա տեղաշարժ է հասարակական իրավիճակում»,- հայտարարեց Ա. Իսկանդարյանը: Անդրադառնալով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի հիմնավորվածությանը, նա ասաց, որ Հայաստանի Արտգործնախարարությունը դեռ ոչինչ չի արել, Մադրիդյան սկզբունքների մշակման ու փաստաթղթի տեսքով կողմերին ներկայացման (2007թ. նոյեմբեր) ժամանակ Դաշնակցությունը իշխանության մեջ էր եւ նրան, ամենայն հավանականությամբ, հենց այդ ժամանակ էլ հայտնի էին Մադրիդյան սկզբունքները: «Բայց Դաշնակցությունը իրեն պետք է պահի այնպես, ինչպես պետք է պահի, դա հասկանալի է: Կոալիցիայից դուրս կուսակցություն է, ունի համապատասխան ընտրազանգված, սփյուռքի համապատասխան կառույցների աջակցություն եւ արձագանքում է այնպես, ինչպես պետք է արձագանքի»: Անդրադառնալով հրապարակված փաստաթղթի բովանդակությանը` Ա. Իսկանդարյանը նշեց, որ դա լուծման փաթեթային տարբերակ է(՞): Ըստ նրա՝ հստակ է մի քանի բան` առանձնացվում են նախկին ԼՂԻՄ-ի տարածքն ու հարակից շրջանները, երկրորդ` հանրաքվեն` որպես ԼՂ կարգավիճակի որոշման մեխանիզմ եւ ոչ թե միջոց: «Հենց մեխանիզմ, որովհետեւ, եթե դու գիտես, թե ով է քվեարկելու ու ինչպես է քվեարկելու, իսկ այս հարցը լուծվելու է նախօրոք, ուրեմն գիտես, թե քվեարկությունն ինչ արդյունք կունենա»,- ասաց Ա. Իսկանդարյանը` հավելելով, որ մյուս բոլոր հարցերը, այդ թվում` փախստականների վերադարձը շատ անորոշ են ու չհամաձայնեցված: