Կոտայքը՝ Շահգալդյանների «բիզնես-կենտրոն»

17/07/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ըստ մեր տեղեկությունների, Չարենցավան քաղաքի ավագանու բազմաթիվ անդամներ դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով իրենց տրամադրել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմից ներկայացված բազմահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգման կատարողական ակտը:

Այդ դիմումի պատճառն այն է, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով, ինչպես հայտնի է` մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է, հրաժարվել է փաստաթուղթը տրամադրել ավագանու անդամներին` թերեւս մտավախություն ունենալով, որ ավելի շուտ կբացահայտվեն իր կողմից կատարված ֆինանսական չարաշահումները: Կոնկրետ այդ փաստաթղթում պարունակվող տվյալներով, Կ. Շահգալդյանի կողմից փոշիացված գումարի չափն այնքան մեծ է, որ հաշվելիս խճճվում ես: Ի դեպ, Չարենցավանի ավագանու անդամները կառավարությանը դիմել են չարենցավանցիների պահանջով, ովքեր խնդրել էին պարզել, թե ինչու են այդքան անորակ նյութերով վերանորոգել իրենց շենքերի տանիքները: Իսկ այդ նյութերի որակի կամ անորակության տակ, ինչպես կարելի է կռահել, միլիոններ են թաքնված:

Դեռեւս 2007թ. կառավարությունն իր պահուստային ֆոնդից 10 մլրդ դրամ էր հատկացրել հանրապետության մարզերին` դա ձեւակերպելով որպես լրացուցիչ օգնություն: Կառավարության թիվ 997 որոշմամբ` այդ գումարից 100 մլն դրամը տրամադրվել էր Չարենցավան քաղաքին, որից 60 մլն դրամը պետք է ծախսվեր բնակֆոնդի` բազմահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար, 22 մլն դրամը` ասֆալտապատման, իսկ 18 մլն դրամը՝ փախստականների թաղամասը գազիֆիկացնելու նպատակով: Կոնկրետ հարթ տանիքների վերանորոգման նպատակով հատկացված 60 միլիոն դրամով Կ. Շահգալդյանը պարտավորվել էր վերանորոգել Չարենցավանի թվով 43 շենքերի տանիքներ, ինչը, սակայն, չի կատարվել: Կառավարությանը ներկայացրած կատարողական ակտում Շահգալդյանը նշել է, թե կատարել է բոլոր պահանջները, այսինքն` ըստ պահանջվող չափանիշների, ինչպես պարտավորվել է` վերանորոգվել են Չարենցավանի թվով 43 շենքերի տանիքներն, ու 60 մլն դրամը կոպեկ առ կոպեկ ծախսել է տանիքների վրա: Այնինչ 43 շենքերի տանիքների փոխարեն նա կառավարության հատկացրած գումարով վերանորոգել է ընդամենը 22 շենքերի հարթ տանիք, այն էլ` ոչ թե պահանջվող եւ տեխնիկատնտեսական չափանիշներին համապատասխանող նյութերով, այլ` էժանագին շինանյութերով: Բացի այդ, ինչպես պարզ դարձավ բազմաթիվ չարենցավանցիների հետ զրույցներից, Շահգալդյանն այդ տանիքների վերանորոգման համար որոշ շենքերի բնակիչներից 300.000 դրամի չափով գումար է հավաքել, սակայն կատարողական ակտում այդ գումարները ներկայացրել է որպես մարզպետարանի կողմից փոխանցված փողեր: Մինչդեռ բնակիչները պնդում են, որ այդ նպատակով մարզպետարանի աշխատակիցները յուրաքանչյուր շենքից 300.000 դրամի չափով գումար են հավաքել: «Կովալը «ռեկետ» է արել»,- ասում էին մեր զրուցակիցները: Սակայն, սա ամբողջը չէ. պարզվում է` կառավարություն ներկայացրած փաստաթղթերով, Կ. Շահգալդյանը պետք է տանիքները վերանորոգեր բիկրոստ կոչվող նյութով (դա տոլի տեսակ է), այնինչ դրա փոխարեն նա օգտագործել է սովորական «տոլ», որը «բիկրոստից» էժան է մոտ 6 անգամ: Բայց նա այնքան «բարեխիղճ» է եղել, որ «ցուցադրության» համար, մի քանի շենքեր, այնուամենայնիվ, վերանորոգել է «բիկրոստով»: Որպեսզի պատկերավոր դառնա, թե որքան գումար է գրպանվել միայն «բիկրոստի» փոխարեն սովորական «տոլ» օգտագործելու արդյունքում, նշենք, որ սովորական «տոլի» մեկ կապոցն արժե 5000 դրամ, իսկ բիկրոստինը` 30.000 դրամ:

Ըստ մեր աղբյուրների, Չարենցավանի ավագանու անդամները Կ. Շահգալդյանի կողմից կառավարությանը ներկայացրած կատարողական ակտում իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ թվային տվյալներ են հայտնաբերել, եւ այժմ ուսումնասիրություններ են անցկացվում այդ շենքերում: Օրինակ, հարթ տանիքները վերանորոգելուց առաջ նախ պետք է քանդվեր բետոնե հին ծածկը, մաքրվեր, նոր բետոնե ծածկ արվեր, այնուհետեւ «բիկրոստով» ծածկվեր: Սակայն շենքի բնակիչների ասելով, ոչ միայն «բիկրոստ» չեն գցել, այլեւ` չեն հեռացրել անգամ բետոնե հին ծածկը: «Ուղղակի բերել են վրայից տոլ են գցել ու գնացել են, մի ժամում մի շենքի հարթ տանիք էին փոխում»,- պատմում են բնակիչները:

Համաձայն Կովալենկո Շահգալդյանի ներկայացրած կատարողական ակտի` յուրաքանչյուր շենքի համար ծախսվել է 1 մլն 850.000 դրամ (այն ժամանակվա` 1 ԱՄՆ դոլարը 300 դրամ փոխարժեքով), սակայն իրականում մեկ շենքի վրա կատարած աշխատանքները, ըստ մասնագետների` չեն գերազանցում 300.000 դրամը: Այսինքն` ճիշտ այն գումարի չափը, որքան հավաքել են որոշ շենքերի բնակիչներից:

Չարենցավանցիները մեզ հետ զրույցում հիշեցին նաեւ Ալափարս գյուղի ջրագծերի պատմությունը` ասելով. «Մարդը (խոսքը Կ. Շահգալդյանի մասին է.- Լ.Ս.) տեսավ, որ էդ ջրագծերի պատմության տակից դուրս եկավ, հիմա էլ որոշեց տանիքների փողերն ուտի»: Հիշեցնենք, որ Ալափարս գյուղում ջրագիծ կառուցելու համար կառավարության տրամադրած 90 մլն դրամը նույնպես մեծ մասամբ մսխվել է: Օրինակ, մետաղական խողովակների փոխարեն տեղադրել են պլաստմասսե խողովակներ, ինչից ձմռանն ընդհանրապես հնարավոր չի լինում օգտվել: Խախտումներից մեկն էլ այն է, որ ապահովված չէ ջրագծի կառուցման խորությունը: Եվ երբ նախկին գյուղապետ Եղիշե Մնացականյանը հրաժարվել էր ստորագրել Կ. Շահգալդյանի ուղարկած կատարողական ակտի տակ` ասելով, որ գյուղում ջուր չկա, Կ. Շահգալդյանը նրա հետ թշնամացել էր ու ամեն ինչ արեց, որ նա այլեւս գյուղապետ չընտրվի: Մեր տեղեկություններով, Կ. Շահգալդյանը ջրագծի կառուցման համար կատարողական ակտում նշել է, թե գնել է 7200 դրամանոց խողովակ, սակայն իրականում նա գնել է ամենաէժան տեղական պլաստմասսե խողովակներ: 2007թ. նաեւ ջրավազան էր կառուցվել գյուղում, որտեղից ջուրը պետք է խողովակների միջով մատակարարվեր գյուղացիներին: Այդ ջրավազանի տարողությունը պետք է լիներ 500 խորանարդ մետր, սակայն, չգիտես ինչու` կատարողական ակտում նշված է, որ այն կառուցելու համար այդ տարածքից 4300 խորանարդ մետր հող է հեռացվել: «Դա էլ է սուտ, այդ ամեն ինչը գրել են, որ փողերը ուտեն: Այդ չեղած աշխատանքի համար 5 մլն դրամ փող են դուրս գրել»,- ասում էր մեր զրուցակիցներից մեկը: Անվտանգության համար այդ ջրավազանը պետք է շրջապատված լիներ ցանցով ու մետաղական փշալարերով, որպեսզի ոչ ոք չկարողանար այնտեղ ինչ-որ բան գցել: Կառավարությանը ներկայացրած կատարողական ակտում Կ. Շահգալդյանը նշել է, որ այդ աշխատանքները կատարված են, սակայն իրականում ոչինչ արված չէ: Բնակիչների ասելով, ոռոգման ցանցի խողովակները գցելու համար հողային աշխատանքները նույնպես ուռճացված են, քանի որ կատարողական ակտում նշված խորությունն ու իրական վիճակը իրար չեն համապատասխանում: «Քանի որ ջրագծերի հարցում ինքն անպատիժ մնաց, այս տանիքների հարցում էլ նույնը կլինի: Նրա թիկունքում երեւի մարդիկ կան, որ անընդհատ նրան փրկում են էս վիճակներից: Բայց մենք մի բան կանենք ու դրա դեմը կառնենք»,- ասում էին չարենցավանցիները` հավելելով, թե հնարավոր չէ այլեւս այսպես «Կովալի ստրկության» մեջ ապրել:

Չարենցավանցիները պատմում էին նաեւ Կովալենկո Շահգալդյանի հարազատների ունեցվածքի մասին, որոնք նրանք հասցրել են ձեռք բերել Կ. Շահգալդյանի պաշտոնավարման տարիներին: Սակայն Շահգալդյան եղբայրների ունեցվածքն այնքան մեծ է, որ մարդիկ դժվարանում էին նույնիսկ ամբողջությամբ հիշել: Օրինակ, Կ. Շահգալդյանին է պատկանում Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանը, որն աշխատելիս է եղել մինչեւ այն պահը, երբ Կ. Շահգալդյանը մտադրվել է այն գնել: Նրանց ասելով` որպեսզի Կ. Շահգալդյանն այն էժան գնով ձեռք բերի, մի քանի ամիս գործարանի աշխատանքները դադարեցվել են, ու նա ցածր գնով սեփականաշնորհել է այն: Պատմում են նաեւ, որ Կ. Շահգալդյանի եղբայրը տարիներ առաջ ընդամենը 92.000 ԱՄՆ դոլարով գնել է Չարենցավանի նորակառույց, դեռեւս չգործարկած հսկայական տրոլեյբուսների գործարանը, որից այժմ ոչինչ չի մնացել, քանի որ նա հետագայում` 2002թ., այդ գործարանի բոլոր արտադրական մասնաշենքերը քանդել է եւ, գործարանի մետաղական մասը վաճառելուց հետո, այն վերածել է ֆերմաների ու դարձյալ վաճառել: Իսկ Կ. Շահգալդյանը հսկայական տարածքներ ունի ոչ միայն Ծաղկաձորում, այլեւ Չարենցավանին հարակից գրեթե բոլոր գյուղերում: Ծաղկաձորում նա անցած տարի հանգստյան տուն է կառուցել, իսկ Չարենցավանի քաղաքային զբոսայգում իր որդու` Հակոբ Շահգալդյանի համար բացել է «Մակու» անունով ռեստորանը, որին կից տարածքում բազմաթիվ ծառեր են կտրվել առանձին քոթեջներ կառուցելու համար: Ի դեպ, այդ ռեստորանը բացելուց հետո Չարենցավանում այլեւս մեծ ծառեր չկան, քանի որ Շահգալդյաններն այն կտրում-տանում են ռեստորան, որպես խորովածի փայտ:

Չարենցավանցիների ասելով, իրենք անզոր են պայքարել Կովալենկո Շահգալդյանի դեմ, քանի որ, երբ իրենք որեւէ չարաշահման կամ ապօրինի շինությունների հարցով բողոք են ներկայացնում կառավարություն, կառավարությունը դիմում է Կոտայքի մարզպետարան` համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու համար: Ու քանի որ Կոտայքի մարզպետը նույն

Կ. Շահգալդյանն է, իսկ Չարենցավանի քաղաքապետը՝ մարզպետի որդին, բնակիչների բողոքը դառնում է անիմաստ: Ինչեւէ, հիշեցնենք նաեւ, որ Կ. Շահգալդյանին են պատկանում նաեւ Չարենցավանի ԲՏԱՎ-ի շենքն ու Չարենցավանի 5-րդ թաղամասի մանկապարտեզը, որոնք նա վարձակալության է տվել Ջրմուղին եւ Տարածքային հարկային տեսչությանը: Իսկ Ջրմուղի պետը Շահգալդյանի մորաքրոջ որդին է` Մանուկ Ասատրյանը, որին նա անցյալ տարի ծեծուջարդով դարձրեց ավագանու անդամ: Առհասարակ բոլոր տեղերում Շահգալդյաններն աշխատանքի են ընդունում բացառապես իրենց բարեկամներին:

Օրինակ, Կ. Շահգալդյանի հարազատ քույրը` Գայանե Շահգալդյանը, Չարենցավանի հարկային ծառայության վարչություններից մեկի պետն է, քեռու երկու աղջիկները Չարենցավանի թիվ 1 եւ 6 դպրոցների տնօրեններն են: Կոտայքի մարզպետարանի ՏԻՄ հարցերով վարչության պետը` Սամվել Հակոբյանը, նույնպես նրա ազգականն է, իսկ նրա որդին` Վահե Հակոբյանը, Չարենցավանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետն է: Բացի այս, Շահգալդյանն ամեն ինչ անում է, որ մարզում իրականացվող բոլոր տենդերներում հաղթող ճանաչվեն իր հարազատներին պատկանող ընկերությունները: Եվ արդյունքում, այնպես է ստացվում, որ, օրինակ, այն դպրոցում, որի տնօրենը մարզպետ Կ. Շահգալդյանի մորաքրոջ աղջիկն է, տենդերային սկզբունքով մեկուկես տարվա ընթացքում երկու անգամ վերանորոգում է իրականացվում, որի համար օգտագործվող նյութերը շուկայականից կրկնակի բարձր գներով պատվիրվում են իրենց պատկանող արտադրամասերում:

Սույն մարզպետի հետ կապված պատմությունները ամենեւին չեն սահմանափակվում վերը նկարագրածով: Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում ներկայումս այնպիսի պայմաններ ու բարքեր են հաստատվել, որ այդ տարածքը վերածվել է Շահգալդյանների «բիզնես-պարկի»: Ընդ որում, այդ մասին գիտեն բոլորը` թե բնակիչները, թե իշխանությունները: Եվ արդեն մի քանի տարի: Սակայն ցանկացած նման պատմություն ավարտվում է առավելագույնը Կառավարության կողմից` որդու գործունեության մասին հորը ուղարկված նամակով: Տիգրան Սարգսյանի բարձր հովանու, խրոխտ հայացքի եւ հուժկու առոգանության ներքո: