Չուզողություն

17/07/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հաստատվեց: Կամ միջազգային հնչեղություն ստացավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ գրում էր մեր մամուլը: «Միավորված եվրասիական փորձագիտական ցանց» կազմակերպության հրապարակման համաձայն՝ Հայաստանը միջազգային տնտեսական ճգնաժամին դիմակայելու հարցում ամենաթույլ երկրներից է: Հատկապես տխուր է այն, որ մենք ամենաթույլն ենք ԱՊՀ երկրներից: Բոլորը պատեպատ են խփվում, միջոցառումներ ծրագրում ու իրականացնում: Բոլոր երկրների կառավարությունները փորձում են կանխել կամ մեղմել ճգնաժամի հետեւանքներն ու հարվածները: Իսկ մերոնք` ոչ: Ավելին, մերոնք սեփական տնտեսական գործընթացները վերլուծելիս հայտարարում են, որ դրանք ածանցյալ են: Ածանցյալ են ու համաշխարհային ճգնաժամի հետեւանք: Արձանագրում են արտահանման նվազում ու ասում, որ միջազգային շուկայում պահանջարկն է նվազել: Արձանագրում են շինարարության կրճատում` բացատրում են, որ այդ ոլորտի աճը փուչիկ էր: Փուչիկ, որ մեր իշխանությունները չէին փչել: Դրանք, պարզվում է, փչվել են մեր երկրից դուրս ընթացող տնտեսական գործառույթների հետեւանքով: Իսկ մեր կառավարությունը ոչ օրենքով, ոչ ադաթով երկրից դուրս ընթացող տնտեսական գործառույթների համար պատասխանատու չէ: «Միավորված եվրասիական փորձագիտական ցանց» կազմակերպությունը ճգնաժամի դիմակայման տեսանկյունից երկրների վարկանիշային աղյուսակը կազմել է ըստ տնտեսական, քաղաքական եւ սոցիոմշակութային ոլորտներում կատարված միջոցառումների: Քաղաքական գործընթացներով չհետաքրքրվող մարդու տեսանյունից կարող եմ համաձայնել, որ տնտեսական ու սոցիոմշակութային ոլորտներում մենք համարյա ոչինչ չենք ձեռնարկում: Բացարձակ ոչինչ, եթե իհարկե հաշվի չառնենք մեր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրապարակային դասախոսություն-ելույթները: Բայց դրանք փառահեղ են: Հետեւաբար մշտապես տեղ են գտնում հասարակական հիշողության գանձարանում: Իսկապես դժվար է պատկերացնել կրթության նվազագույն ցենզ ունեցող հայաստանցու, ով կմոռանա ճգնաժամի մասին չխոսելու վարչապետական հորդորը: Մինչդեռ արդեն կես տարուց ավելի է անցել այդ պատմական պահից: Մոտ մեկ ամիս առաջ կառավարության ղեկավարը բարկացել էր սեփական կաբինետի արձակուրդ գնալու հավակնություն ունեցող անդամների վրա: Ավելին` վարչապետը պետական չինովնիկներին հորդորել էր արձակուրդը անցկացնել Հայաստանում: Հավանաբար բարի նպատակ կար այս հորդորի հիմքում: Եթե մեր մեծամեծները արտասահման չմեկնեն հանգստանալու, նույնքան մեծամեծ արձակուրդայինները կծախսեն հայրենիքում: Այսինքն, հորդորը կարելի էր որակել «բյուջեանպաստ» բառով: Որովհետեւ ՀԴՄ-ներն արդեն տեղադրված են: Մեծամեծները հյուրանոցի կամ ճաշի համար վճարելիս ՀԴՄ կտրոն կպահանջեին ու աշխատանքի վերադառնալիս կստուգեին, թե այդ գումարներից որքան է փոխանցվել պետբյուջե: Եթե ամեն ինչ ընթանար ըստ վարչապետական հորդորի, կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամից ստիպված չէր լինի 320 մլն դոլար պարտք խնդրել թոշակ ու աշխատավարձ բաժանելու ազնիվ մղումով: Կարելի է ենթադրել, որ հորդորը չընկալվեց: Այլապես ինչո՞վ բացատրել այն, որ բառացիորեն երեկ վարչապետն իր ներկայությամբ պատվեց Երեւան-Բաթում նորոգված գնացքի երթուղու շնորհանդեսի արարողությունը: Այդ նորոգված գնացքով հայաստանցիներին հրապուրում են հանգիստն անցկացնել արտերկրում:

Գուցե այս ու նման կարգի հակասություններն են ընկած «Միավորված եվրասիական փորձագիտական ցանց» կազմակերպության հետազոտության հիմքում: Հետազոտությանը կցված բացատրության մեջ նշվում է, որ վարկանիշային աղյուսակ կազմելու հիմք է հանդիսացել հարցումը: Այն «անցկացվել է նախկին Խորհրդային Միության երկրների փորձագետների, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ինչպես նաեւ իշխանական կառույցների ներկայացուցիչների շրջանում»:

Այսինքն՝ պատկերը ձեւավորվել է նաեւ պետական պաշտոնյաների կարծիքների համադրմամբ: Առաջիկա մեկ-երկու օրերին մեր իշխանությունները հավանաբար կհայտարարեն, որ իրենք չեն ընդունում այս ուսումնասիրության արդյունքները: Այլապես կստացվի, որ իրենք էլ են տեղյակ, որ ոչինչ չեն ձեռնարկում ճգնաժամի հետեւանքների հաղթահարման կամ մեղմման նպատակով: Իսկ դա ինքնախոստովանության պես բան է: Ինքնախոստովանություն` սեփական անգործունակության մասին: Հայ իշխանավորների հետ ոչկոմպետենտության վարկային աղյուսակում հայտնվել են Ղրղըզստանը, Վրաստանը եւ Տաջիկստանը` իրենց չինովնիկներով: Մինչդեռ մասնավոր զրույցներում հայ չինովնիկը սիրում է մեր տնտեսական վիճակը համեմատել հենց վրացականի հետ ու շեշտել մեր առավելությունները: Առավելություններ, որ իրենցից բացի՝ ուրիշ ոչ ոք չի նկատում: Մինչդեռ մերոնց մասնագիտական որակների ու ամենակարեւորը` ինտելեկտի առավելությունն ալամ աշխարհի չինովնիկների նկատմամբ չնկատելը պարզ նախանձի ու չուզողության արդյունք է: Թե՛ հայաստանցիների, թե՛ արտասահմանցիների կողմից: