«ԱՊՀ երկրների բոլոր նախագահներին Մոսկվան հրավիրել է ձիարշավի մասնակցելու, որն անցկացվելու է շաբաթ օրը Կենտրոնական ձիարշավարանում: Այնտեղ նրանց հանդիպումը չի համարվի որպես ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթաժողով»:
Այդ տեղեկատվությունը հրապարակել է ռուսական «Վեդոմոստի» թերթը` հղում անելով Կրեմլի անանուն աղբյուրին: Վերջինիս տվյալներով, «հանդիպման քաղաքական ենթատեքստը մինիմումի է հասցված` ով հետաքրքրված է ձիավարության մեջ, նա էլ կգա»: ԱՊՀ տասնմեկ երկրներից Մոսկվա են ժամանելու ոչ բոլորը: «Վեդոմոստիի» աղբյուրը տեղեկացրել է, որ նախագահի աշխատակազմին իրենց մասնակցությունը ձիարշավին հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Մոլդովայի նախագահները: Բոլոր այս երկրների նախագահները, բացի Տաջիկստանի ղեկավարից, ձիավարության համար իրենց ձիերն էլ ունեն: «Վեդոմոստին» գրել է, որ ձիարշավին մասնակցելու են նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախագահները: «Մեկ շաբաթ առաջ G8 գագաթաժողովում հայտարարվել էր, որ Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հերթական հանդիպումը կունենան: Այդ հանդիպումը հնարավոր է կայանա Կրեմլում»,- ասել է «Վեդոմոստիի» աղբյուրը: Ի դեպ, Բելառուսի նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ շաբաթօրյա հանդիպումը իրենց նախագահի օրակարգում կա, բայց դեռեւս վերջնականապես որոշված չէ նրա մասնակցության հարցը: Ուկրաինայի եւ Թուրքմենիայի նախագահները, ըստ «Վեդոմոստիի», Մոսկվա չեն մեկնի: Հարցականի տակ է նաեւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի այցը Մոսկվա: Վերջում «Վեդոմոստին» նշում է, որ նրանք, ովքեր կհասնեն Մոսկվա, շքեղ նվերներ են ստանալու: «Այսօր Պետդուման կվավերացնի «ԵվրաԶԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամի մասին պայմանագիրը: Հիմնադրամից, որտեղ Ռուսաստանը ներդրել է 7,5 մլրդ ԱՄՆ դոլար, տրանշներ կփոխանցվեն Բելառուսին եւ Ղրղըզստանին: Նախորդ շաբաթ ՌԴ Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ Մինսկին արդեն խոստացել են փոխանցել 500 մլն ԱՄՆ դոլար: Իսկ Հայաստանը եւ Տաջիկստանը վարկ ստանալու վերաբերյալ հայտեր են ներկայացրել»,- գրել է թերթը:
Հավելենք, որ Դուման արդեն վավերացրել է պայմանագիրը՝ ձայների 409 կողմ եւ 5 դեմ հարաբերակցությամբ եւ 7.5 միլիարդ դոլար կհատկացնի «ԵվրաԶԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամին։ Հիմնադրամի կառավարումն իրականացնելու է Եվրասիական զարգացման բանկը, որի ղեկավար է ընտրվել ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։ Քննարկման ժամանակ Դումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ է որպես արժույթ ընտրվել ոչ թե ռուբլին, այլ դոլարը։ Ֆինանսների փոխնախարար Դմիտրի Պանկինն էլ պատասխանել է, որ ի սկզբանե քննարկվում էր ներդրումներն ազգային արժույթներով ընդունելու հարցը, սակայն այդ դեպքում անհասկանալի էր դառնում՝ ի՞նչ անել մանաթների կամ տուգրիկների հետ։
Հիմնադրամի կապիտալը 10 միլիարդ դոլար է, որից 7.5 միլիարդը տրամադրում է Ռուսաստանը, 1 միլիարդ՝ Ղազախստանը։ Հայաստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ներդրումը շատ փոքր է՝ մեկական միլիոն դոլար։ Ռուս պատգամավորներին այս տարբերությունը շատ է զարմացրել, եւ նրանք Պանկինից պահանջել են բացատրել ներդրումների չափերի տարբերությունները։ Պանկինը նշել է, որ դա պայմանավորված է ներդրում կատարող երկրների ՀՆԱ-ների եւ ոսկու ու արտարժույթի պահուստների չափերով։ Այնուհետեւ ավելացրել է, որ դրանով իրենք օգնում են անդամ երկրներին։ Ահա այս «մեծահոգությունը» զայրացրել է Վլադիմիր Ժիրինովսկուն։ «Մենք արդեն իսկ օգնում ենք ամբողջ աշխարհին. մեզ պարտք են 150 միլիարդ դոլար»։ Նա կոչ է արել ոչ ոքի փող չտալ, առաջին հերթին՝ Բելառուսին։ «Բոլոր նրանք, ովքեր փող են վերցնում, անբաններ ու խաբեբաներ են։ Նրանք այդ գումարը երբեք չեն վերադարձնի»,- ասել է Ժիրինովսկին։ Նա նաեւ կոչ է արել ներողամիտ չլինել եւ պարտքերը չներել ոչ մեկին։ «Ինչո՞ւ մեր Ֆիննախն էլ Բրիտանիայի նման չի վարվում։ Բրիտանիան չներեց Եմենի պարտքը եւ անվճար վարձակալության վերցրեց այդ երկրի լավագույն տարածքները։ Մենք նույնպես պետք է այդպես վարվենք. մեզ էլ են պետք նավահանգիստներ եւ լողափեր»,- ասել է պատգամավորը։
Ժիրինովսկին, ըստ երեւույթին, կամ չգիտի, կամ էլ մոռացել է իր երկրի «մեծահոգության» մասին՝ կոնկրետ ռազմավարական գործընկեր Հայաստանի դեպքում, որից մի շարք գործարաններ պոկեցին 100 միլիոնանոց պարտքի դիմաց։ Սակայն ի տարբերություն նրա` մեր իշխանավորները շատ էլ լավ հիշում են ու հասկանում, որ Ռուսաստանն իրենց հենց այնպես գումարներ չի տալիս։ Վարկերը՝ տոկոսներով հանդերձ, վերադարձվելու են, եթե չենք ուզում ունենալ «Գույք՝ պարտքի դիմաց-2»-ը։ Ամենավատն այն է, որ այս ամենը գիտակցելով ու կուլ տալով «անբան», «խաբեբա» եւ այլ վիրավորանքները, մենք վիզներս ծռած նորից փող ենք խնդրելու «ԵվրաԶԷՍ»-ից, նույնն է թե՝ Ռուսաստանից։ Ընդ որում՝ որքան հնարավոր է շուտ։