Վերջից` առաջինը

17/07/2009

«Միավորված եվրասիական փորձագիտական ցանց» կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկային աղյուսակը` որտեղ պետությունները դասակարգվել են ըստ տնտեսական, քաղաքական եւ սոցիոմշակութային ոլորտներում ճգնաժամին դիմադրելու աստիճանի: Այդ աղյուսակում Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Այդ մասին ասված է «Միավորված եվրասիական փորձագիտական ցանցի» առաջին հաշվետվությունում: Վերջին` ութերորդ հորիզոնականը Հայաստանի հետ միասին կիսում են Ղրղըզստանը, Վրաստանը եւ Տաջիկստանը: Մյուս երկրներից մեծ տարբերությամբ առաջին հորիզոնականում է Ղազախստանը: Վերջինիս հաջորդում են Ադրբեջանն ու Բելառուսը: Չորրորդ տեղը կիսում են Լիտվան եւ Էստոնիան, որոնց հաջորդում է Թուրքմենստանը: Վեցերորդ տեղում են Լատվիան եւ Ուկրաինան, յոթերորդում` Ուզբեկստանը եւ Մոլդովան: Հետազոտության նպատակն է՝ բացահայտել հետխորհրդային պետությունների զարգացման հիմնական միտումները ճգնաժամի պայմաններում: Վարկանիշային աղյուսակի հիմք է հանդիսացել հարցումը, որն անցկացվել է նախկին Խորհրդային Միության երկրների փորձագետների, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ինչպես նաեւ իշխանական կառույցների ներկայացուցիչների շրջանում: Վարկանիշային աղյուսակի մեջ չի ընդգրկվել Ռուսաստանը: Վարկանիշային աղյուսակի հեղինակները դա բացատրում են նրանով, որ աշխարհի խոշորագույն պետություններից մեկը, բոլոր ցուցանիշներով, կարող էր հետին պլան մղել մնացած երկրներին: