Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի եւ հարակից թաղամասերի ջրամատակարարման խնդրին:
Հիշեցնենք, որ Եղվարդի, մասնավորապես` Նատի թաղամասի բնակիչները տեւական ժամանակ է` հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ օրերով, շաբաթներով տարածքում ջրամատակարարում չի իրականացվում: Վերջիններս ստիպված են լինում դույլերով, տարաներով ջուր կրել մոտակա համայնքներից: Բնակիչները մեզ վստահեցնում էին, որ ծորակներից հազվադեպ հոսող ժանգոտ, հակահիգիենիկ ջուրն անգամ վախենում են խմելու համար օգտագործել, հետեւաբար ստիպված են լինում հավելյալ գումարներ ծախսել մաքուր ջուր գնելու համար: Մեր այցելության ժամանակ Եղվարդի բնակիչները սպառնում էին բողոքի ցույց կազմակերպել:
Մեր նախորդ հրապարակմանն անմիջապես արձագանքեցին ինչպես Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային հսկողության տեսչությունից (ՊՀՀՀՏ), այնպես էլ` «Երեւան ջուր» ՓԲԸ-ից: Տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ մասնագետներն ուսումնասիրություններ են կատարում, եւ Եղվարդում մատակարարվող ջուրը լաբորատոր զննության է ենթարկվել: «Քանի որ այնտեղ ջուրը պատշաճ չի սպասարկվում, բնականաբար, խողովակաշարը ջրի պակասից ժանգոտվում է, դրա համար էլ բնակիչներն ունենում են ժանգոտ, դեղին ջուր: Ամեն դեպքում ուսումնասիրության արդյունքների մասին մենք անպայման ձեզ կհայտնենք»,- նշեց Ղ. Հակոբյանը` խոստանալով լաբորատոր հետազոտության պատասխանն անպայման հրապարակել: «Երեւան ջուր» ընկերության հաղորդակցման գծով գլխավոր քարտուղար Մանե Մամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ընդունում ենք ձեր ներկայացրած փաստը եւ հրապարակումն ընդունում ենք որպես ի գիտություն: Կոնկրետ խնդրի վերաբերյալ մենք նամակ ենք հղել համապատասխան պատասխանատուներին, որպեսզի կարողանանք ստանալ պաշտոնական դիրքորոշումը շահագործման մասով, ինչպես նաեւ՝ ջրի որակի անվտանգության վերաբերյալ»: Մ. Մամյանի հավաստմամբ` մասնագետները ներկայումս Եղվարդում ուսումնասիրություններ են կատարում ոչ պատշաճ ջրամատակարարում իրականացնելու պատճառները ճշտելու համար, բացի այդ` ջրի նմուշարվում է կատարվել ջրի որակն ու անվտանգությունը հետազոտելու համար, իսկ արդյունքներն արձանագրելուց հետ «Երեւան ջուր» ընկերությունը ձեռնամուխ կլինի բնակչությանը պատշաճ ջրամատակարարում իրականացնելու համար կատարել անհրաժեշտ աշխատանքները: Այդուհանդերձ, Մ. Մամյանը հաստատեց բնակիչների այն պնդումը, որ Եղվարդում խմելու ջրի հետ կապված մեծ խնդիր կա. «Տեղի է ունենում ոչ լիարժեք ջրամատակարարում: Մեր ներկայացուցիչը բնակիչների հետ զրույցից հետո դա ֆիքսել է, իսկ ջրի որակի հետ կապված` մասնագետները կկատարեն ջրի որակի ֆիզիկական, քիմիական եւ մանրէաբանական ուսումնասիրություն, որի արդյունքները մենք անպայման ձեզ կտրամադրենք: Ամեն դեպքում, մենք անհանգստության համար ներողամտություն ենք հայցում»:
Ի դեպ, եղվարդցիները մեզ հետ զրույցում պնդում էին, որ «Երեւան ջուր» ընկերությունը չի արձագանքում իրենց դիմում-բողոքներին, իսկ կենտրոնական գրասենյակի աշխատակիցները հրաժարվում են ընկերության ֆրանսիացի ղեկավարի հետ հեռախոսակապ հաստատել: Իսկ Մ. Մամյանն էլ պնդում էր, որ արդեն մի քանի օր է՝ իրենք փորձում են դիմում-բողոքները հայտնաբերել, բայց դեռեւս նման գրություն չեն գտել: Ինչ վերաբերում է ընկերության ֆրանսիացի ղեկավարին, ապա հաղորդակցման գծով գլխավոր քարտուղարը վստահեցրեց. «Նա պատրաստ է ընդունել ցանկացած բաժանորդի, որը նախապես գրանցվում է: Պետք է ասեմ, որ մեր ղեկավարը շատ ուշադիր է եւ անմիջապես արձագանքել է ձեր հրապարակմանը եւ հանձնարարել է հետամուտ լինել այս խնդրին»: Ամեն դեպքում մենք առաջարկեցինք Եղվարդում հանդիպում կամակերպել, որտեղ տեղի բնակիչները «Երեւան ջուր» ՓԲԸ-ի տնօրենին կներկայացնեն իրենց դժգոհությունները: Մ. Մամյանը խոստացավ այս առաջարկը հասցնել ղեկավարությանը, իսկ մենք կաշխատենք լուսաբանել այդ սպասված հանդիպումը: