Առաջին մեծության աստղը

17/07/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«168 Ժամը» սկսում է «Դիվանագիտական ընթերցումներ» հոդվածաշարը, որի հեղինակը պրոֆեսիոնալ դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է: Հոդվածաշարում նախատեսվում է ընդգրկուն թեմատիկա: Ամեն հինգշաբթի կներկայացնենք նյութեր միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության վերաբերյալ` առանց կանխատեսող-վերլուծաբանի վերջին ատյանի ճշմարտությունը երեւալու հավակնության, առանց քաղաքական այս կամ այն հոսանքի կամ ուղղության խոսափողը վերածվելու միտումի: Օբյեկտիվ մոտեցում, օբյեկտիվ գնահատական` սա է հոդվածաշարի սկզբունքն ու նշանաբանը: Կպատմենք հայրենական եւ օտար նշանավոր դիվանագետների կյանքի ու գործունեության մասին, կանդրադառնանք հին ու նոր դիվանագիտության պատմության մոռացված, բայց հետաքրքրություն ներկայացնող էջերին: Հատուկ ուշադրություն կդարձվի դիվանագիտական արվեստին, տեխնոլոգիաներին ու մեթոդոլոգիային, ինչպես տեսական, այնպես էլ գործնական-կիրառական առումով: Կանդրադառնանք դիվանագիտության տարբեր ուղղություններին, նրա տեղին ու դերին պետությունների միջպետական հարաբերություններում, քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության ամրապնդման ու զարգացման գործընթացներում: Կներկայացնենք դիվանագիտության կապը գիտության ու սոցիալ-հասարակական կյանքի այլ ասպարեզների հետ, որոնք համեմատաբար քիչ են ուսումնասիրված եւ վերծանված: Օրինակ` դիվանագիտություն-հոգեբանություն, դիվանագիտություն-էթնոլոգիա, դիվանագիտություն-հետախուզություն, դիվանագիտություն-սփյուռք, դիվանագիտություն-արվեստ եւ այլն: Կնկարագրենք արտգործնախարարությունների, դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների գործառույթները, դիվանագետի առօրյան արտգործնախարարությունում եւ արտասահմանում: Եվ այդ ամենը` ոչ ինքնանպատակ: Հուսով ենք, որ մեր ձեռնարկը կհետաքրքրի ընթերցողների ոչ միայն լայն շրջանակին, որը կցանկանար գոնե մոտավորապես իմանալ, թե «ինչով եւ ինչպես են շնչում» դիվանագետները, այլեւ այն կունենա ուսուցողական նշանակություն երիտասարդների համար, ովքեր պատրաստվում են դառնալ պրոֆեսիոնալ դիվանագետներ: Հոդվածաշարը «բաց է» ընթերցողների առջեւ, եւ մենք կողջունենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան այս կամ այն ձեւով մասնակցել նրա ստեղծման եւ կայացման շնորհակալ, մեր կարծիքով, օգտաշատ գործին: Հոդվածաշարը սկսում ենք անցյալ դարի խորհրդային ականավոր դիվանագետներից մեկի` Համազասպ Հարությունյանի մասին հուշապատում-մտորումներով:

«Նկատել եմ, որ ցանկացած հուշապատում վերածվում է ինքնահիշողության: Իսկ հիշել իր մասին, այն էլ՝ կապակցված, խելամիտ ձեւով՝ առանց ուռճացնելու սեփական «զարմանալի անձը»` գործնականում անհնար է: Եվ դա ամենեւին էլ հեղինակի համեստության կամ, ընդհակառակը, անհամեստության խնդիրը չէ, այլ այն, որ նա իր կամքին հակառակ` անպայմանորեն դառնում է դատավոր, գերագույն ատյան, որը սկսում է գնահատական տալ մարդկանց, իրադարձություններին եւ դեպքերին: Եվ այդ աղավաղված, մտացածին աշխարհում թափառում է նույնքան թերիրական «հուշագրողը»:

Ռոբերտ Ռոժդեստվենսկի

1972թ. Ֆրանսիայում հրատարակված «Արմենի» տեղեկագիրը աշխարհի երեւելի հայերի` Անաստաս Միկոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ Ալիխանյանի, Արամ Խաչատրյանի, Անրի Թրուայայի, Վիլյամ Սարոյանի, Գառզուի, Գալուստ Գյուլբենկյանի եւ կարդինալ Աղաջանյանի կողքին նշում է դիվանագետ Համազասպ Հարությունյանի անունը: Նա դասվում է Չիչերինի, Կարախանի, Կոլոնտայի, Լիտվինովի, Գրոմիկոյի, Վինոգրադովի, Զորինի, Տրոյանովսկու եւ խորհրդային մյուս ականավոր դիվանագետների շարքին: Դժվար է գերագնահատել նրա մատուցած ծառայությունները Խորհրդային Միության արտաքին քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին եւ դիվանագիտությանը: Համազասպ Հարությունյանը առաջին մեծության աստղ էր 20-րդ դարի խորհրդային դիվանագիտության երկնակամարում:

Շվեյցարական չեզոքություն կամ հայկական տանդեմ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված խնդիրները, ինչպես եւ այսօր, եղել են գերտերությունների մտահոգության առարկան: Նրանք ապարդյուն փորձում էին վերահսկել եւ արգելափակել իրենց իսկ մեղքով ազատ արձակված ջինը: Այդ ուղղությամբ տարվող լարված աշխատանքը գտնվում էր Համազասպ Հարությունյանի գլխավորած ԱԳՆ-ի 1-ին Եվրոպական բաժնի ուշադրության կենտրոնում: Այստեղ Հարությունյանը նկատել էր մի զարմանալի եւ հակասական օրինաչափություն: Ատոմային ռումբին տիրապետող կամ դրա ստեղծմանը մոտ կանգնած մեծ տերությունները միջազգային բանակցություններում ավելի «դյուրամատչելի» էին, քան նրանց արբանյակները եւ նախկին դոմինիոնները, որոնք հեռու էին այդ զենքը ձեռք բերելու կարողությունից: Ժամանակ առ ժամանակ խնդիրներ էին առաջանում նաեւ չեզոք երկրների հետ: Ոչ բոլորի հետ եւ ոչ միանման խնդիրներ իհարկե: 3-րդ ռեյխի երեկվա դաշնակից Ավստրիան, օրինակ, նմանվում էր համեստ նորահարսի: Այլ կերպ չէր էլ կարող լինել. երկիրն իրար մեջ բաժանած դաշնակից զորքերի ներկայությամբ ավստրիացիները ռազմականացման մասին երազել անգամ չէին համարձակվի: Իսկ Շվեյցարիան` այդ կուշտ, երբեւիցե վառոդի հոտ չառած, աշխարհի փողերի վրա նստած Գոբսեկը, իրեն պահում էր ինչպես enfant gate-երես առած երեխա:

Շվեյցարիայի ֆեդերալ խորհուրդը, խախտելով սահմանադրությունը` շարունակում էր գանձել պատերազմի սկզբին շվեյցարացիների պարտադրված ռազմական տուրքերը: Մինչդեռ այդ մասին օրենքի գործողության ժամկետը ավարտվել էր դեռեւս 1951թ.-ին: Եվ այն երկարացնելու նպատակով իշխանությունները ծրագրում էին անցկացնել հանրաքվե սահմանադրությունում ուղղում մտցնելու վտանգավոր մտադրությամբ: Կարճ ասած, նրանք ձգտում էին երկիրը դնել ռազմականացման ուղու վրա: ԱՄՆ-ը եւ Անգլիան գաղտնի քաջալերում էին Բեռնի մարտաշունչ նկրտումները, Ֆրանսիան պահպանում էր չեզոք դիրքորոշում, իսկ ԽՍՀՄ-ը վճռականապես դեմ էր` լավ հասկանալով, թե որ բուրժուական ճամբարում կհայտնվի միջուկային զենք ունեցող նոր տերություն, եւ թե ում օգտին կփոխվի ուժերի փոխհարաբերությունը միջազգային գետնի վրա:

…Շվեյցարիայի դեսպան Ալֆրեդ Ցենդերը փորձում էր համոզել Հարությունյանին, որ իր երկրի քաղաքականության հիմքում ընկած է միանգամայն նոր մոտեցում` «ռազմականացված չեզոքություն»: Այդ հայեցակարգի էությունն այն էր, որ շվեյցարական բանակն ունենալու էր արդիական զենք` երկրի պաշտպանությունը ինքնուրույն ապահովելու համար: Իսկ Հարությունյանն ապացուցում էր նման կուրսի վտանգավորությունը Եվրոպայի եւ առաջին հերթին` Շվեյցարիայի համար: Հետաքրքիր այն էր, որ Ցենդերը խոստովանում էր, որ անձամբ ինքը սկզբունքորեն դեմ է միջուկային զենքին եւ անգամ, արտգործնախարարության գլխավոր քարտուղար եղած ժամանակ, իբր, հանդես էր եկել ռազմական ծախսերի մեծացման դեմ:

Այսպիսով, Շվեյցարիայի միջուկային տերություններին միանալու կամ չմիանալու հարցը գտնվում էր միջպետական հարաբերությունների ուշադրության կենտրոնում:

Շվեյցարիայի համար քաղաքական պայքարի դիվանագիտական փայլուն մանյովր կարելի է համարել հետեւյալ դեպքը, որի նկարագրությունն ամբողջովին վերցված է Հարությունյանի զրույցի գրառումից:

1958 թվական: Հունիսի 12: Մոսկվա: Կրեմլ: Ընդունելություն Չեխոսլովակիայի առաջնորդ Անտոնին Նովոտնիի պատվին: Ճաշից հետո օտարերկրյա դեսպանները շրջապատում են Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանին: Նկատելով Շվեյցարիայի դեսպանին` նա բարձրացնում է շամպայնի բաժակը.

– Առաջարկում եմ խմել Շվեյցարիայի եւ նրա չեզոք քաղաքականության կենացը:

Մի քանի քայլ այն կողմ կանգնած Հարությունյանին թվում է, թե վրան սառը ջուր է լցվում: Բանն այն էր, որ ճաշկերույթից մի քանի ժամ առաջ իրեն զեկուցել էին արտասահմանյան ռադիոլսումների տեսությունը, ըստ որի, Շվեյցարիայի կառավարությունը որոշել էր բանակը զինել ատոմային ռումբով: Սեղան նստելուց առաջ հարցրել էր դեսպանին այդ մասին: Վերջինս խուսափողական պատասխան էր տվել` ասելով, թե հարցի ուսումնասիրման նպատակով ստեղծված է կառավարական հանձնախումբ, սակայն որոշում դեռեւս չի կայացվել: Իսկ ինքը, լինելով համապատասխան բաժնի վարիչ, պարզապես ժամանակ չէր ունեցել ղեկավարությանը զեկուցել ռադիոհաղորդման մասին, որին եթե հավատալու լինեին, ապա Շվեյցարիայի չեզոքությունը անցնում էր պատմության գիրկը: Ճիշտն ասած, առանձնապես չէր էլ կարեւորել ոչ պաշտոնական տեղեկատվությունը. նման տեղեկատվություններն անպակաս են լրատվամիջոցներում: Ակնհայտ է, որ այդ պահին գործում էր «ստորության օրենքը». ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Միկոյանը ճաշկերույթի ժամանակ խաղարկելու էր հենց շվեյցարական չեզոքության խաղաքարտը:

Սակայն շփոթմունքը տեւում է մի ակնթարթ: Հարությունյանը Հարությունյան չէր լինի, եթե վայրկենապես չարձագանքեր:

– Տեղեկություն կա, որ նրանք ուզում են ձեռք գցել այն զենքը,- Միկոյանին հայերեն հասցնում է ասել Հարությունյանը:

Միկոյանն էլ դարի լավագույն քաղաքագետներից մեկը չէր լինի, եթե չիմանար, թե ի՛նչ է ասելու եւ ինչպե՛ս է ասելու:

– Այո,- առանց ընդհատելու շարունակում է նա,- ես առաջարկում եմ խմել Շվեյցարիայի եւ նրա վարած խելացի քաղաքականության կենացը: Այն բխում է Եվրոպայի ժողովուրդների եւ հենց շվեյցարացիների շահերից: Մենք հուսով ենք, որ Շվեյցարիայի չեզոք քաղաքականությունը կմնա անփոփոխ, եւ համոզված ենք, որ նրա ռազմականացման շուրջ պտտվող լուրերն անհիմն են: Դրանք կարելի է նետել քաղաքական բամբասանքների աղբարկղ: Այդպես չէ՞, պարո՛ն դեսպան:

Դեսպանը կարկամելով փորձում է բացատրել, որ լրատվական գործակալությունների, այդ թվում` «Ռոյթերի» հաղորդագրությունը, չի համապատասխանում իրականությանը, եւ այդ հարցում իր կառավարության դիրքորոշման եւ հաղորդագրության միջեւ մեծ տարբերություն կա: Այնուհետ, Ցենդերը թույլ է տալիս դիվանագիտական սայթաքում:

– Եվ հետո, մենք փոքր երկիր ենք, ո՞վ է մեզ ատոմային ռումբ վաճառողը,- հարցնում է նա եւ անմիջապես ստանում Միկոյանի պատասխան հարվածը։

– Մե՛նք կարող ենք ձեզ վաճառել այդ ռումբը,- ծիծաղում է Միկոյանը: -Բայց այն չեզոք Շվեյցարիայի ինչի՞ն է պետք:

Հարցը կախվում է օդում:

– Ես ընդհանրապես խորհուրդ չէի տա նման զենք ձեռք բերել: Հաշվի առեք, որ երբ այն ունենաք, անմիջապես կհայտնվեք միջուկային տերությունների գլխավոր շտաբների քարտեզների վրա՝ որպես կանխարգելիչ հարվածի նոր թիրախ: Իսկ դա ամենեւին չի բխում Շվեյցարիայի շահերից,- արդեն առանց ժպիտի ավելացնում է Միկոյանը:

Դեսպանը նկատելիորեն գունատվում է եւ շտապում հավաստիացնել, որ խորհրդային իշխանության տեսակետը անհապաղ կփոխանցի իր կառավարությանը:

– Եվ ճիշտ կանեք,- քաջալերող, խրատական տոնով նկատում է Միկոյանը: -Հայտնեք ձեր կառավարությանը, որ Խորհրդային Միությունը բարձր է գնահատում Շվեյցարիայի չեզոքությունը: Ավստրիայի հետ Պետական պայմանագրի ստորագրման ժամանակ մենք առաջարկեցինք հիմք ընդունել Շվեյցարիայի չեզոքության սկզբունքը: Աշխատեք հուսախաբ չանել ձեր հարեւաններին, մնացեք չեզոքության առաջամարտիկ:

Հետագայում, երբ Շվեյցարիան վերջնականապես հրաժարվեց միջուկային հավակնություններից, դեսպանը հայտնեց Հարությունյանին, որ այդ որոշման ընդունման վրա որոշակի ազդեցություն է ունեցել Անաստաս Միկոյանի Կրեմլում արած հայտարարությունը: Զուր չէ ասված, որ Միկոյանը Խորհրդային Միության ամենաակնառու դիվանագետն էր:

Մյասնիկյանի երաշխավորությամբ` Մոսկվա

Համազասպ Հարությունյանը ծնվել է 1902թ. հոկտեմբերի 14-ին, Բաքվում: Ծնողները բնիկ ղարաբաղցիներ էին: Պատանեկան հասակից մասնակցում է հեղափոխական շարժումներին, որի պատճառով վտարվում է Բաքվի առեւտրական ուսումնարանից: Անցնում է «կյանքի համալսարանի» բովով, որտեղ նրա ուսուցիչները հայտնի բոլշեւիկյան գործիչներ էին, ազգությամբ` մեծ մասամբ հայեր: Կուսակցության Բաքվի կոմիտեի նախագահ Եղիշե Չուբարի երաշխավորությամբ ընդունվում է բոլշեւիկյան կուսակցություն: Որոշ ժամանակ դասավանդում է գերմաներեն, որին տիրապետել էր գրեթե ինքնակրթությամբ: Ղեկավարում է Գանձակի, ապա Ղազախի գավառական կոմերիտական կազմակերպությունները: Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղափոխվելով Թիֆլիս, պատասխանատու պաշտոններ է վարում կոմերիտական-կուսակցական կազմակերպություններում, աշխատակցում երիտասարդական մամուլին: 1922թ. Հարությունյանի կենսագրության մեջ նոր էջ է բացվում: Հայաստանի նորաստեղծ կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով ժամանում է Երեւան եւ նշանակվում կոմերիտմիության կենտկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչ, ընտրվում բյուրոյի անդամ: Հարությունյանի կազմակերպչական կարողություններն ու աշխատասիրությունը լավ տպավորություն են թողնում խորաթափանց պետական գործչի վրա եւ, չնայած տարիքային տարբերությանը, նրանց միջեւ հաստատվում են ընկերական հարաբերություններ: Մյասնիկյանը որոշակի դեր է խաղացել Հարությունյանի աշխարհայացքի եւ ազգային մտածողության ձեւավորման վրա:

– Քեզ անհրաժեշտ են մոսկովյան կրթություն, հիմնարար ու լուրջ ֆունդամենտալ գիտելիքներ: Միայն այդ դեպքում դու կարող ես լիարժեք օգտակար լինել քո ժողովրդին եւ երկրին,- ասում է Մյասնիկյանը:

Նրա երաշխավորությամբ էլ Հարությունյանը ընդունվում եւ փայլուն ավարտում է Մոսկվայի պետհամալսարանի միջազգային բաժինը: Այնուհետ, լուսավորության նախարարության որոշմամբ ուղարկվում է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարան: Ամերիկայից նա վերադառնում է մասնագիտական եւ օտար լեզուների իմացության հարուստ պաշարով:

Շարունակելի