Ոսկեզօծ ծիրան

17/07/2009 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Արդեն հինգերորդ օրն է` Երեւանում կինոյի տոն է: Ինչպես եւ սպասվում էր, այս տարին ճգնաժամային էր նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համար: Ցուցադրվել են արդեն միջազգային մրցույթի 12 խաղարկային ֆիլմերից յոթը, որոնցից թերեւս երկուսին կարելի է համարել փառատոնի ֆավորիտներ:

Դեպրեսիվ կանայք եւ հոմոսեքսուալ օրգիան

Փառատոնի առաջին օրը սկսվեց հայաստանցի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ցուցադրմամբ: Վերջինս նկարահանվել է Հայաստանի, Նորվեգիայի եւ Ֆրանսիայի համատեղ միջոցներով: Երկու պատմություն, երկու զուգահեռներ, որոնք հատվում են ճակատագրի բերումով: Մի կողմից՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ռազմագերի Առաքելը սիրավեպ է սկսում նորվեգացի մի կնոջ հետ, մյուս կողմից՝ նրանց դուստրը` չամուսնացած ուսուցչուհի Լաուրան, 1988թ. Երեւանում սիրային հարաբերություններ է սկսում իր անչափահաս աշակերտի հետ: Ֆիլմը դիտարժան է իր սյուժեի շնորհիվ, որտեղ նկարագրվում է տարբեր ժամանակներում ապրող եւ արգելված սիրո համը տեսած երկու կանանց հոգեվիճակը: Սակայն այս ֆիլմով դեպրեսիայի մեջ գտնվող կանանց մասին պատմող ֆիլմերը չավարտվեցին: Լեհ ռեժիսոր Միխալ Ռոսան «Ոսկե ծիրանին» ներկայացրել է իր «Քերծվածք» ժապավենը, որը պատմում է, թե ինչպես է երկար տարիներ միասին հաշտ ապրած ամուսինների հանգիստը խաթարվում, երբ կինն իր ամուսնուն սկսում է կասկածել երիտասարդ տարիքում գաղտնի գործակալ աշխատելու մեջ: Այդ ժամանակ սկսվում է կնոջ դեպրեսիան, որը հանդիսատեսին ուղեկցում է մինչեւ ֆիլմի ավարտը: Ֆիլմը դիտելիս հասկանալի է դառնում, որ ռեժիսորը փորձել է գնալ իր հայրենակից, լեգենդար Քշիշտոֆ Կիսլյովսկիի հետքերով, որը կարողացել է վարպետորեն նկարագրել երեք տարբեր կանանց հոգեվիճակը: Այն, ինչ Ռոսային չի հաջողվել:

Մեկ այլ հոգեբանական խնդիր ունի ֆրանսուհի Ժյուլիետ Գարսիայի «Խելոք մնա» ժապավենի երիտասարդ հերոսուհին, որը հատուկ մեկնում է բուրգունդական մի գյուղ` սեփական հոր հետ քնելու նպատակով: Ֆիլմը նկարահանված է ֆրանսիական կինոյին հատուկ անհարկի միապաղաղությամբ, սյուժեի անհիմն երկարաձգմամբ եւ անհասկանալի կերպարներով:

Հանդիսատեսը դեռ չէր հասցրել «ուշքի գալ» կանացի ծանր հոգեվիճակը նկարագրող ֆիլմերից, երբ ցուցադրվեց ինդոնեզացի երիտասարդ Էդվինի «Կույր խոզը, որն ուզում է թռչել» ժապավենը: Բացարձակ անհասկանալի ժապավենի կեսն արդեն անցել էր, երբ երեւանյան էկրաններին հոմոսեքսուալ օրգիա սկսվեց. երկու ինդոնեզացի տղամարդ սեռական հարաբերություն էին ունենում կույր ու տարեց մի բժշկի հետ: Հենց այդ տեսարանի ժամանակ էլ դահլիճը դատարկվեց` ազդարարելով նաեւ այս ֆիլմի տապալումը:

Ամերիկյան կինոդպրոցի հմայքը

Մինչ այժմ միջազգային մրցույթի ֆիլմերից երկուսն են արժանացել բուռն ծափահարությունների: Վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլին իր «Մյուս ափը» ժապավենում վարպետորեն ներկայացրել է 12-ամյա Թեդոյի ներաշխարհն` այն բոլոր դժվարություններով, որ նրա համար ստեղծել են վրաց-աբխազական անհիմն պատերազմն ու սեփական ընտանիքի դաժան ճակատագիրը: Ի դեպ, Օվաշվիլին ավարտել է Հոլիվուդի «Universal» կինոստուդիային կից Նյու Յորքի կինոակադեմիան, եւ «Մյուս ափը» նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է:

Ամերիկյան կինոինստիտուտում ուսանած, ազգությամբ լեհ ռեժիսոր Անջեյ Կրակովսկին «Ոսկե ծիրանին» ներկայացրել է իր «Պալադինին որոնելիս» ժապավենը: Գվատեմալայում նկարահանված այս ֆիլմը մարդկային ճիշտ հարաբերությունների մասին է, հստակ ներկայացնում է այն, թե զավակների կայացման գործում ինչ հսկայական դերակատարում ունեն ծնողները, եւ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ բախվում ես սեփական անցյալիդ: Ֆիլմի բոլոր հերոսները յուրատեսակ կերպարներ են: Երբ այդ մասին ասացինք ռեժիսորին, նա համեստորեն նկատեց. «Դրանք իրական կերպարներ են, ես չեմ նրանց հորինել»: Սակայն, ռեժիսորական աշխատանքի վարպետությունն էլ հենց այդ կերպարները ճիշտ ներկայացնելն է:

Հարկ է նշել նաեւ «Հայկական համայնապատկերի» բացահայտումներից մեկին` ֆրանսահայ երիտասարդ ռեժիսոր Տիգրան Ավետիքյանին: Դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդին ներկայացրել էր իր «Ջուրն ընկնելով» կարճամետրաժ ժապավենը, որի 16-ամյա հերոսն իր վրա ուշադրություն գրավելու համար ձեւացնում է, իբր խեղդվում է: 18 րոպեում ռեժիսորին հաջողվել է արտահայտել այն հավերժական ներանձնային խնդիրը, որն առկա է յուրաքանչյուր մարդու ներսում, եւ ցույց տալ, թե ինչ ավարտ կարող է ունենալ այդ խնդրի դրսեւորումը: