Ցնցվող հայրենիքը՝ երեխայի աչքերով

17/07/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ցուցադրվեց Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ցավով ու լուսավոր կարոտով լի հուզիչ ֆիլմը, որի հերոսը վրացա-աբխազա-ռուսական հակամարտության զոհ դարձած փախստական մի տղա է: Թեդոն որոշում է գնալ իր հայրենի գյուղը, թեեւ բոլորը նրան զգուշացնում են, որ գնում է թշնամու որջը եւ կարող է մահանալ: Այդ ճամփորդության ընթացքում բազում բացահայտումներ են տեղի ունենում, տղան կոփվում ու հասունանում է: Հանդիսատեսն էլ՝ նրա հետ… «Մյուս ափը» կտրուկ առանձնացավ այլ փառատոնային պսեւդո-ինտելեկտուալ ֆիլմերից` իր անկեղծ ու նուրբ մարդկային պատմությամբ: Եվ ճիշտն ասած, շատ հայերի մոտ բարի նախանձի զգացում առաջացավ: Սա այն պատմությունն էր, որը տարիներ առաջ կարող էինք մենք նկարահանել ու աշխարհ բաց թողնել Արցախյան թեման, եթե ունենայինք վրացի ռեժիսորի պես պրոֆեսիոնալներ: Ընդ որում` այս ֆիլմը Գ.Օվաշվիլիի դեբյուտն է, որը դեռ Վրաստանում էլ չի ցուցադրվել:

– Գեորգի, ռիսկային չէ՞ր արդյոք այդ թեման: Մենք, օրինակ, համարում ենք, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար պետք է «մարսել» ցավը, ինչը 20 տարի տեղի չի ունենում: Իսկ Դուք ուղղակի «այրվող» թեմայի մասին եք ֆիլմ արել:

– Իհարկե, կինոն թերթ չէ, որ արագ արձագանքի կոնֆլիկտային թեմային: Նման թեմային պետք է զգուշորեն «դիպչել»: Սկզբից եւեթ պետք է ընդունել, որ (ինչպես էլ որ անես ֆիլմդ) անպայման բացասական կարծիքներ էլ են հայտնվելու: Երբ երկու կողմ է լինում, մեջտեղում մնալը բարդ է: Բայց իմ խնդիրը ոչ մի դեպքում կողմերից մեկի դիրքորոշումն ընդունելը չէր, ես մեջտեղում պիտի լինեի:

– Նման կոռեկտ բացատրությունը չի բացառում Ձեր իրական դիրքորոշումը, այն կա ֆիլմի տողատակում, ցանկացած կադրում…

– Դա արդեն հանդիսատեսի կարծիքը պիտի լինի, բայց ես որպես հեղինակ՝ դա ձեզ պարտադրելու իրավունք չունեմ: Եվ մեղավորներ չեմ մատնանշում: Սա ֆիլմ է իմ հայրենիքի մասին, իսկ այդ դեպքում նշանակություն չունի, թե ինչ ազգություններ են այնտեղ ապրում` վրացիները, աբխազները, մենգրելները, օսերը, հայերը… Ես այդպես եմ զգում:

– Թեեւ ֆիլմում ցավը շատ է, բայց կա նաեւ հումոր, ինչը միշտ առկա է վրացական կինոյում:

– Փորձել եմ ցույց տալ կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա: Իսկ կյանքում ուրախն ու տխուրը միշտ իրար կողքի են: Ցավոք, եւ՛ մեր, եւ՛ ձեր իրականության մեջ տխուրն ավելի շատ է:

– Ֆիլմի ֆինանսավորման մեջ կա՞ եվրոպացիների ներդրումը:

– Ֆիլմին աջակցել է Վրաստանի Ազգային կինոկենտրոնն ու ղազախ մի ներդրող: Մենք շատ անգամներ ենք դիմել եվրոպական ֆոնդերի, բայց տարբեր պատճառներով` մերժում ենք ստացել: Չգիտեմ, թե իրական պատճառն ինչում է եղել, բայց բոլորը հրաժարվեցին մասնակցել այս նախագծին:

– Ֆիլմը ցուցադրվե՞լ է Ռուսաստանում:

– Մոսկվայի կինոփառատոնում այն ցուցադրվեց «Մոսկովյան էյֆորիա» մրցույթում, որը կազմակերպում է հայտնի ռուս կինոքննադատ Անդրեյ Պլախովը: Ես չեմ եղել Մոսկվայում, բայց ինձ պատմել են, որ ֆիլմը շատ էմոցիոնալ է ընկալվել: Հիմա գրեթե բոլոր ռուսական փառատոները ցանկանում են ֆիլմը մրցութային ծրագրի մեջ տեսնել:

– «Մյուս ափում» ռուս զինվորը վրացի է սպանում: Կարծում եմ, Դուք հասկանում եք, որ Ռուսաստանում եւ, նույնիսկ, Հայաստանում այդ ֆիլմը մրցանակ չի ստանա, քանի որ քաղաքական մեխանիզմներ կան: Վիրավորակա՞ն չէ:

– Վիրավորանքը սխալ եմ համարում, բայց շատ լավ հասկանում եմ, թե ինչպես կարող է իմ ֆիլմն ընդունվել տարբեր երկրներում: Օրինակ, վերջերս այն ցուցադրվեց Սերբիայում եւ չունեցավ այն արձագանքը, որը կուզեի լիներ: Վստահ եմ, որ Հայաստանում ֆիլմը ջերմ ընդունվեց այն պատճառով, որ մեր երկրներում ստեղծված իրավիճակները բացարձակ նույնն են: Ընդհանրապես ցանկացած կոնֆլիկտ ոչ թե պաշտոնական քաղաքական հանդիպումների շրջանակներում է լուծվում, այլ մշակութային ու անձնական քայլերի շնորհիվ է հանգուցալուծում ստանում: Մարդկային գործոնը միշտ ավելի մեծ էֆեկտ է ունենում: Իսկ վրացու սպանության էպիզոդը իրականում է տեղի ունեցել, խաղաղապահ ուժերի դրոշի տակ կանգնած զինվորը կրակել է վրացու վրա, երբ իմացել է, որ նա չի կարող ալյուրի պարկի համար մի քանի ռուբլի վճարել: Իհարկե, դա շատ տխուր պատմություն էր, բայց եթե ուշադրություն եք դարձրել, ես ցույց եմ տվել, որ այդ ռուս զինվորը նույնպես զոհ է: Նույնիսկ` հենց նա է գլխավոր զոհը, քանի որ ոչնչության վրա է կանգնած ու ինքն էլ չի հասկանում` ինչ է այդտեղ անում: Սպանությունը տեղի է ունենում օդում կախված մի տարածքում, կամրջի վրա, որի տակ հող էլ չկա, միայն ջուր է: Ես հատուկ եմ դա արել, որպեսզի պարզ դառնա, որ այդ կետը ռեալ չէ, եւ հանդիսատեսը ինքը պետք է ընկալի ենթատեքստը:

– Ձեր ֆիլմի հերոսը երեխա է, բայց նրան շրջապատող գյուղացիները, զինվորները, պարզապես անցորդները շատ մանկրակրկիտ մշակված տիպարներ են, որոնք կարծես հենց մենք ենք: Ուզում եմ դրա համար Ձեզ շնորհակալություն հայտնել:

– Ես ուրախ եմ դա լսել: Ընդհանրապես ես միշտ շատ ժամանակ եմ ծախսում քասթինգի վրա, ու այն էմոցիաները, որոնք ուզում եմ փոխանցել հանդիսատեսին, վստահում եմ իմ պերսոնաժներին: Ֆիլմը հսկայական նախապատրաստական աշխատանք է պահանջել:

– Հայաստանում շատ լուրջ խնդիր է լավ սցենարիստ գտնելը: Վրացական կինոյում ինչպե՞ս է:

– Լրիվ նույն պատկերն է, շատ դժվար է գտնել այնպիսի սցենարիստի, որը հասկանում է, թե դու ինչ ես ուզում: Պատմությունները շատ են, բայց գրողներ չկան: Շատ եմ ցավում, որ իմ ֆիլմի սցենարիստը վերջերս մահացավ, ու մենք անավարտ թողեցինք մեր հաջորդ ֆիլմը: Ուզում էինք անել ֆիլմ մի փակ տարածության մեջ հայտնված թշնամիների մասին, որոնք սկզբում ատում են իրար, իսկ հետո նույնիսկ` սիրահարվում ու երեխա են ունենում:

– Իսկ հնարավո՞ր է՝ որեւէ համատեղ հայ-վրացական ֆիլմի ստեղծման մասին մտածենք:

– Ես շատ կուզեի անել այդ քայլը: Մեր տարածաշրջանը լեցուն է նմանատիպ կոնֆլիկտներով, Կովկասն ուղղակի ցնցվում է պրոբլեմներից: Ի՞նչ արած, մենք այս հողի վրա ենք ապրում եւ պետք է փորձենք հասկանալ իրար: Միգուցե ես իդեալիստ եմ, բայց հավատում եմ, որ կարելի է համերաշխ ապրել ու դադարել իրար վրա կրակել: Լինում են, չէ՞, դեպքեր, երբ նույն մորից ծնված եղբայրներն են իրարից որեւէ բան խլում, բայց չեն դադարում եղբայր մնալ: Ուզենք թե չուզենք` մենք դատապարտված ենք կողք կողքի ապրել: