Շտապօգնությունն ուշանում է

27/08/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Մարդիկ ժամերով սպասում են, մինչեւ Շտապօգնությունը տեղ կհասնի: Օրինակ,
վերջերս փոքր երեխայի համար կանչ արեցինք, 50 րոպե հետո նոր եկան»,- ասում
է Նուբարաշենի բնակիչներից մեկը: Տեղացիների վկայությամբ` եղել են նաեւ
դեպքեր, երբ Շտապօգնության մեքենան մնացել է կես ճանապարհին. «Բենզինն է
վերջացել»,- պատճառաբանել են նրանք: Այս համայնքի շուրջ 13.000
բնակիչներին առողջապահական ծառայություններ մատուցում է թիվ 21
պոլիկլինիկան, որն ընդգրկված է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի
կազմում: Այստեղ բժիշկներն աշխատում են մինչեւ երեկոյան ժամը 6-ը:
Այսինքն, այդ ժամից հետո եթե բնակիչներից մեկը «համարձակվեց» վատանալ, ապա
նրա առողջությունը հնարավոր կլինի վերականգնել առնվազն 1 ժամ հետո: Բայց
դա միայն այն դեպքում, եթե Շտապօգնության մեքենայի «բենզինը չվերջանա»:
Պոլիկլինիկայի ավագ բուժքույրը եւս վկայում է, որ տներից կատարված կանչերը
ճիշտ ժամանակին չեն սպասարկվում: «Շտապօգնություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ
Պետրոսյանն իր հերթին չի ժխտում նման ուշացումների առկայությունը, քանի որ
Նուբարաշենն իրենց ենթակայանից բավականին հեռու է: «Բոլոր նման դեպքերը
լինում են նաեւ տեխնիկական թերությունների հետ կապված: Սակայն արդեն
համալրված նոր մեքենաներով նման դեպքերը կբացառվեն»,- շտապով ավելացրեց
ընկերության տնօրենը: Նուբարաշենի թաղապետ Ռոբերտ Ասատրյանը տեղեկացրեց,
որ «մտադրված» են քաղաքում ներդնել Շտապօգնության ծառայության համակարգ,
թեեւ վերջինիս խոսքերով՝ ներկայիս «շուկայական հարաբերությունների
պայմաններում այդ գործը շահութաբեր չի լինի»: