Բոլոր ժամանակներում կանանց մեջ ընդունված է եղել հոնքերին մեծ ուշադրություն դարձնելը: Հին Եգիպտոսում հոնքերը ներկվում էին մուգ գույնով, իսկ միջին դարերում ամբողջովին մաքրում էին` դեմքն ընդգծելու համար: 70-ական թվականներին կանայք հակված էին ունենալ բարակ հոնքեր, ինչը ոչ բոլորին էր սազում: Այսօր ավելի շատ ընդունված են հոնքերի բնականին մոտ ձեւերը:
Դժվար է պատկերացնել գեղեցիկ կնոջ` առանց խնամված հոնքերի եւ թարթիչների: Ճիշտ ձեւով խնամված հոնքերը աչքերին հատուկ արտահայտչություն են պարգեւում: Հոնքերը եւս մշտական ու ճիշտ խնամքի կարիք ունեն: Երեկոյան դեմքը մաքրելիս, պետք է հոնքերը եւս մաքրել, քանի որ օրվա ընթացքում հոնքերի մեջ շատ փոշի է հավաքվում: Խնամքի համար ստեղծված առաջին եւ կարեւոր պարագան խոզանակն է, որը շատ նման է ատամի խոզանակին: Դրանով սանրում են հոնքերը: Շատ օգտակար է հոնքերը սանրելուց առաջ խոզանակը մտցնել գերչակի կամ ձիթապտղի ձեթի մեջ: Դրանք նպաստում են հոնքերի մազերի խտացմանը, ամրացմանը եւ հոնքերին հատուկ փայլ են հաղորդում: Հոնքերը սանրելիս պետք է հիշել, որ շարժումները նախ պետք է լինեն հոնքերի բնական ուղղվածությանը հակառակ, ապա` համընթաց: Հոնքերի ձեւավորման համար օգտագործվում է բոլորիս լավ հայտնի ունելին: Այն գործածելուց առաջ պետք է ախտահարել ինչպես գործիքը, այնպես էլ` հոնքերն ու ձեռքերը:
Բնական հոնքեր ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր պայմաններ: Հոնքերի ձեւը որոշելիս, պետք է առաջնորդվել ըստ աչքերի դիրքի. իդեալական է համարվում այն տարբերակը, երբ աչքերի միջեւ եղած հեռավորությունը 3 սմ է: Եթե հոնքերն ի սկզբանե նոսր են, ապա դրանք հարկավոր է ներկել հոնքերի համար նախատեսված կոշտ միջուկով մատիտով: Հոնքերի գույնը պետք է մազերի գույնից 1 տոն բաց լինի: Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել սեւ մատիտ, ավելի լավ է նախապատվությունը տալ մուգ շագանակագույնին: Հոնքերը պետք չէ հավասար ներկել, ավելի լավ է մանր գծիկներ անել` ասես մազեր ես նկարում:
Հոնքերի ձեւը հաճախ փոփոխվում է` կախված նորաձեւության պահանջներից` տատանվելով հաստից բարակի, մուգ գույներից բաց գույների եւ այլն: Սակայն պետք չէ կուրորեն հետեւել նորաձեւության թելադրանքին, քանի որ հոնքերը պետք է բնական տեսք ունենան եւ համապատասխանեն դեմքի ձեւին:
Փոքր աչքերն ավելի մեծ կթվան, եթե հոնքերի գիծը մատիտի օգնությամբ երկարացվի, իսկ դրանց միջեւ ընկած տարածությունը մեծացվի` քթարմատի մոտ աճող հոնքերը հեռացնելու միջոցով:
Եթե աչքերն իրար չափազանց մոտ են տեղակայված, դրանց միջեւ տարածությունն ավելի մեծ կթվա, եթե հոնքերն իրարից ավելի հեռու լինեն, այսինքն, դա եւս կատարվում է քթարմատի մոտ աճող մազերը հեռացնելով: Հոնքերի միջեւ հեռավորության մեծացման միջոցով ապահովվում է նաեւ դեմքի առավել երիտասարդ տեսքը: Այս դեպքում հոնքերի միջեւ ընկած լայնությունը փոխելու կարիք չկա:
Երկարավուն դեմքին ավելի հարմար են ուղիղ հոնքերը:
Եռանկյունաձեւ դեմքը գեղեցկացնում են փոքր-ինչ բարձրացված եւ կորավուն հոնքերը:
Օվալաձեւ դեմքին առավելապես սազում են աղեղնաձեւ հոնքերը:
Քառակուսի ձեւ ունեցող դեմքն անհամեմատ նրբացնում են երկար, բարձր հոնքերը, որոնց կարելի է թեթեւ կորություն հաղորդել:
Կլոր դեմքին հարմար են վեր բարձրացված եւ ծայրերում մի փոքր կորացված հոնքերը:
Իսկ ամեն դեպքում գեղեցիկ հոնքեր ունենալու համար հարկավոր է ճիշտ սահմանել դրանց սկիզբն ու վերջը: