Բրուցելիոզը վարակիչ հիվանդություն է, որը ժամանակի ընթացքում ախտահարում է սիրտ-անոթային համակարգը, նյարդային համակարգն ու ոսկրահոդային ապարատը:
Վարակի փոխանցողը բրուցելլա խմբի բակտերիան է, որը բավականին կայուն է արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցության ներքո: Այն չի մեռնում շատ ցածր ջերմաստիճանի տակ: Տվյալ բակտերիան ջրի մեջ պահպանվում է մինչեւ 5 ամիս, կաթի մեջ` 45 օր, սառեցրած մսի մեջ` 5 ամիս: Կաթն օգտագործելիս, անպայման պետք է պաստերիզացնել ու եռացնել, քանի որ միայն այս դեպքում է, որ այդ բակտերիաները մեռնում են: Ընտանի կենդանիները համարվում են վարակի առաջին փոխանցողները: Բրուցելիոզի հարուցիչները փոխանցվում են հիվանդ կենդանիների ու կաթի միջոցով: Մարդը վարակվում է օգտագործելով հում կաթ ու ոչ այնքան լավ եփած միս: Բրուցելիոզով կարելի է վարակվել նաեւ հիվանդ կենդանու հետ անմիջական շփումից` կաշին կամ մորթին մշակելիս կամ հիվանդ կենդանի խնամելիս: Այդ պատճառով բրուցելիոզով ամենաշատը վարակվում են անասնաբույժները, կթվորներն ու հովիվները:
Հիվանդության գաղտնի շրջանը տեւում է 6-30 օր: Մարդկանց մի մասի մոտ հիվանդությունն ընթանում է սուր ձեւով, մի մասի մոտ առաջանում է առաջնային ձեւն առանց կլինիկական նշանների: Գոյություն ունի հիվանդության առաջնային եւ երկրորդային քրոնիկական մետաստատիկ ձեւեր: Բրուցելիոզին հատուկ են չափավոր գլխացավը, ամբողջ մարմնով մեկ ցավի զգացումը եւ բարձր քրտնարտադրությունը: Նկատվում է լյարդի եւ փայծախի մեծացում: Հաճախ հիվանդության քրոնիկական զարգացման ժամանակ տեղի են ունենում այլ օրգանների փոփոխություններ: Ախտահարվում են մեծ հոդերը (արտրիտ, պերիարտրիտ), պերիֆերիկ նյարդային համակարգն ու մկանները: Բրուցելիոզի ամենավատ հետեւանքներից մեկը ինքնաբերաբար աբորտն է:
Բրուցելիոզի սրված վիճակում բուժումն անց է կացվում ստացիոնար պայմաններում: Բժշկի կողմից նշանակվում են անհրաժեշտ հակաբիոտիկները: Բայց, ինչպես գիտենք, նախկինում էլ են մարդիկ հիվանդացել բրուցելիոզով, երբ չկային հակաբիոտիկների այսքան տեսակներ ու խմբեր: Մարդկանց վիճակը թեթեւացնում էին տարբեր դեղաբույսերն ու ժողովրդական բուժամիջոցները: Առաջարկում ենք այդ միջոցներից մի քանիսը.
– 0,5կգ խնոցու կարագը, մանրացրած սխտոր, չքամած մեղր` մեկ շրջանակ, 2-3 րոպե մարմանդ կրակի վրա հալեցնել, բայց չթողնել, որ եռա, խառնել փայտե գդալով` մինչեւ միատարր զանգված դառնալը: Վերցնել կրակից, հովացնել, դնել սառնարանում, ուտել օրական 3 անգամ` քաղցած վիճակում, ուտելուց 30 րոպե առաջ` 1 աղանդերային գդալ: Հոտը մի քիչ տհաճ է, բայց անչափ օգտակար բուժամիջոց է: Կարելի է նաեւ գնդիկներ անել ու կուլ տալ մի փոքր ջրով: Այս միջոցը հակացուցված է ստամոքսի սուր բորբոքումներ ունեցողներին:
– Վերցնել 200գ սխտորի հյութ, 200գ մեղր, 200գ կիտրոնի հյութ, 200գ լավ կոնյակ, խառնել իրար, լցնել ապակե տարայի մեջ եւ դնել մութ տեղում` թողնելով 1 շաբաթ: Այս մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ ուտել ավելուկ եւ խմել ավելուկի ջուր: Իսկ 1 շաբաթ հետո ձեր պատրաստած խառնուրդը խմել 2 օրվա ընթացքում:
– Նախկինում բուժակները բրուցելիոզով հիվանդի վիճակը թեթեւացնելու համար խորհուրդ էին տալիս օգտագործել դեղաբույսերով գինու հիմքի վրա պատրաստված թուրմեր: Նաեւ հոդային բրուցելիոզով հիվանդներին խորհուրդ էին տալիս խմել գազարի եւ նեխուրի հյութ: Նեխուրի չափը պետք է լիներ 300գ, իսկ գազարինը` 700գրամ:
Առհասարակ խորհուրդ է տրվում այս հիվանդության բուժումը սկսելուց առաջ մաքրել օրգանիզմը` քաղցի կամ այլ մեթոդներով: