Վիրահատվել է ԱՄՆ-ում

17/07/2009

Հայաստանի քաղաքացի, 22-ամյա Արթուր Ավագյանը երկուշաբթի օրը հաջողությամբ վիրահատության է ենթարկվել Գլենդելի հիվանդանոցներից մեկում (Glendale Memorial Hospital): Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն` մեջբերելով «Glendale News Press»-ին, ըստ որի՝ Արթուր Ավագյանը հրազենային վնասվածք էր ստացել, երբ 2008 թվականի մարտի 1-ին հազարավոր մարդկանց հետ միասին բողոքում էր նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Գնդակը դիպել էր Արթուրին` վզի ձախ կողմից, եւ դուրս եկել աջ այտի շրջանում: Հրազենային վերքերը բուժվել էին, բայց երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ. չէր կարողանում անգամ խոսել, ուտել եւ խմել: Նշենք, որ Արթուր Ավագյանի հետ կատարվածը արձանագրված էր նաեւ մարտի 1-ից հետո տարածված տեսագրություններում, որոնք տեղադրվել էին նաեւ ինտերնետում: Հենց ինտերտենտից, մասնավորապես YouTube կայքից էլ Հայ կրթական եւ բարեգործական միության Հարավային Կալիֆոռնիայի բաժանմունքի անդամները տեղեկացել են երիտասարդի խնդիրների մասին: «Բազմաթիվ հայերի համար նա դարձավ այդ օրվա ողբերգական իրադարձության խորհրդանիշը»,- ասել է բժիշկ Հարի Սարաֆյանը, ով կազմակերպել է Ավագյանի բուժումը Գլենդելում եւ նրա ուղեւորությունը ԱՄՆ: Երիտասարդի բուժմանը իրենց մասնակցությունն են բերել նաեւ մի շարք այլ հայկական կազմակերպություններ, պլաստիկ վիրաբույժ Վաչե Բարդակչյանը, բերանի խոռոչի վիրաբույժ Գաբրիել Ասլանյանը: Ավագյանը կմնա Գլենդելում մինչեւ լիակատար ապաքինումը: