«Ռուսաստանը այսուհետեւ էլ եռանդագին օժանդակելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացմանը, այդ թվում` ակտիվորեն աջակցելով ժողովրդական դիվանագիտության գծով կատարվող քայլերին»,- այդ մասին ասված է Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակական ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հանդիպումների արդյունքների վերաբերյալ ՌԴ Արտգործնախարարության հաղորդագրության մեջ: «Ինչպես հայտնի է, առաջին նման միջոցառումը կայացել է 2007 թվականի հունիսին: Ներկայիս հանդիպումները դարձան այդ կարեւոր ձեռնարկի շարունակությունը: Կարծիքների շահագրգիռ փոխանակումը հավաստեց, որ հասարակայնությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները կոչված են ծանրակշիռ ավանդ ներդնելու ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված կողմերի միջեւ վստահության վերականգնման ու ամրապնդման, հակամարտության խաղաղ լուծման համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու գործում: Ռուսաստանյան կողմը դրականորեն է գնահատում կայացած հանդիպումների արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է այն փաստը, որ երկխոսության մասնակիցներին ընդունած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աջակցություն են հայտնել այդ ջանքերին: