Երեկ Եվրամիության անդամ 4 երկրներ եւ Թուրքիան Անկարայում միջկառավարական պայմանագիր են ստորագրել «Նաբուկո» գազատարը կառուցելու մասին: 3 հազար 3 հարյուր կիլոմետր երկարությամբ այս գազատարը շրջանցելու է Ռուսաստանի տարածքը, եւ դրա «փիլիոսփայությունը» գազի մատակարարման հարցում եվրոպական երկրների Մոսկվայից ունեցած կախվածության թուլացումն է: Պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի առաջնորդները: Արարողությանը մասնակցել են 20 երկրների նախարարներ, այդ թվում` Ադրբեջանի էներգետիկայի եւ վառելիքի նախարար Նաթիգ Ալիեւը: Խողովակաշարը Կասպյան հանքավայրերի գազը փոխադրելու է Թուրքիա, որտեղից այն կհասնի Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Ավստրիա, ապա նաեւ Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի շուկաներ: Թուրքիայի տարածք հասած վառելիքը գազատարի մեկ այլ հատվածով կփոխադրվի նաեւ Մերձավոր Արեւելք: «Նաբուկո» ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 8 միլիարդ եվրո: Գազատարի շահագործումը նախատեսված է սկսել 2014 թվականին: «Համաձայնագրի ստորագրումն ի ցույց կդնի մեր պատրաստակամությունը` կյանքի կոչել «Նաբուկո» նախագիծը մաքսիմալ կարճ ժամկետներում»,- ստորագրման արարողությունից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Իրանը եւս կմասնակցեն «Նաբուկո» նախագծի իրականացմանը: «Մենք հանդես ենք գալիս նախագծին Իրանի միանալու օգտին, երբ դա թույլ կտան պայմանները, ինչպես նաեւ ակնկալում ենք դրան Ռուսաստանի մասնակցությունը»,- ասել է նա: Իսկ Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը լիովին աջակցում է «Նաբուկո» գազամուղի նախագծին»: «Ես վստահ եմ, որ այդ նախագիծը հաջողությամբ կիրացվի»,- ասել է նա: Ալիեւի խոսքով` Ադրբեջանը փոխադրամիջանցք է նախագծի համար: «Նաբուկո» նախագծի իրացումը, ըստ նախարարի` կամրապնդի երկրի դիրքերը աշխարհի շուկաներում: Անկարայում կայացած միջոցառմանը մասնակցել է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Նաբուկոն» ամենահետաքրքիր ու մասշտաբային նախագիծն է տարածաշրջանի համար: Մենք բազմաթիվ հռչակագրեր ենք ընդունել եւ համերաշխ ենք ոչ միայն խոսքով: Երբեմն այն զգացումը կար, որ մենք նույն տեղում ենք մնացել, բայց ի վերջո այս գործընթացը արդյունք տվեց»,- հայտարարել է Սահակաշվիլին: Նշենք, որ Վրաստանն այս նախագծին մասնակցում է որպես տարանցիկ երկիր: