Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող եւ իր գործունեությունը դադարեցրած Փաստահավաք խմբում Հայ Ազգային կոնգրեսը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ իր գործընկեր Սեդա Սաֆարյանի («Ժառանգություն») հետ պատրաստում են նոր զեկույցներ: «Ես եւ տիկին Սաֆարյանը այս պահին էլ աշխատում ենք շատ լուրջ մի փաստաթղթի վրա, որը կներկայացնենք հանրությանը առաջիկա 10 օրվա ընթացքում»,- նշել է Քոչարյանը` հավելելով, որ այն վերաբերելու է «կոնկրետ անձի մահվան հանգամանքներին»: Հարցին, թե 10 զոհերից կոնկրետ ում մահվան հանգամանքներին է վերաբերելու զեկույցը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Թույլ տվեք մինչեւ զեկույցը հրապարակելը այդ մասին չասեմ: Բայց, կարող եմ ասել, որ սա, իմ կարծիքով, ամենալուրջ ուսումնասիրություններից մեկն է Փաստահավաք խմբի»: «Եթե մեզ տրվեր հնարավորություն, ոնց որ մնացած 5 դեպքը, մյուս մահվան հանգամանքներում էլ մենք կհասցնեինք բավականին խորանալ եւ մեր տեսակետները հայտնել հանրությանը: Բնականաբար, այդ նյութերը պետք կլինեին նաեւ նախաքննական մարմնին»,- նշել է նա: Հարցին, թե պատրաստելո՞ւ են արդյոք այլ զեկույցներ, փորձագետը պատասխանել է. «Հաջորդ զեկույցները կվերաբերեն արդեն առավոտյան դեպքերին, բանակի հետ առնչվող խնդիրներին, որտեղ կան բավականին մեծ նյութեր, եւ էլի մի քանի զեկույցներ, որոնք, կարծում եմ, կհասցնենք մինչեւ սեպտեմբեր ներկայացնել եւ (խորհրդարանական ժամանակավոր) հանձնաժողովին, եւ հանրությանը»: Իսկ հարցին, թե Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հավաքած նյութերը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի վերաբերյալ, որոնք նաեւ հրապարակվել են մամուլում, լիարժեք չեն, Քոչարյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, մեր ունեցած փաստերը ավելին են, քան ժամանակավոր հանձնաժողովը կարողացել է հավաքել: Եվ ճիշտ կլինի, որ իրենք համադրեն այդ բոլորը եւ ամբողջությամբ ներառեն իրենց զեկույցի մեջ: Չներառելու դեպքում, ես կարծում եմ, որ մենք ուշադիր կհետեւենք այդ փաստաթղթին, եւ եթե որեւէ բացթողում լինի, անպայման այդ մասին կհնչեցնենք»: