Ստեփանակերտում շաբաթ օրն ավարտվեց հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂ հարցի կարգավորմանը նվիրված խորհրդաժողովը, որը կազմակերպել էր ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը:
Ինչպես հայտնի է` խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի ու 25 պետությունների շուրջ 130 մասնակիցներ: Բացառությամբ ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի, ԼՂՀ մայրաքաղաքում էին նաեւ ներկայացուցիչներ բազմաթիվ քաղաքական ուժերից` ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՌԱԿ եւ այլն: Բաց եթե ՀՀԿ-ն չէր ընդունել հրավերը, ապա ՀԱԿ-ին ընդհանրապես հրավեր չէր ուղարկվել: ՀԱԿ-ի մեջ մտնող կուսակցություններից հրավիրված էր միայն Հնչակյան կուսակցությունը, որին համաժողովում ներկայացնում էր Վահան Շիրխանյանը: Քանի որ երկօրյա համաժողովի ժամանակ հնչող գրեթե բոլոր զեկույցներում ու ելույթներում կարմիր թելի պես անցնում էր այն գաղափարը, թե անհրաժեշտ է մոբիլիզացնել հայ ժողովրդի ուժերը առկա մարտահրավերներին դիմակայելու համար, համաժողովի կազմակերպիչներին հարց ուղղվեց այն մասին, թե ինչպես են իրենք պատկերացնում այդ «մոբիլիզացիան» առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի: «Մոբիլիզացիոն գործընթացները կամ համախոհության գործընթացները մեխանիկական ձեւով չեն կարող իրականացվել: Պետք է լինի գիտակցություն, քաղաքական կամք, տեսակետների միասնականություն: Հայ-թուրքական հարաբերությունների մեր տեսիլքը համընկնո՞ւմ է ՀԱԿ-ի տեսիլքի հետ: Նույնը վերաբերում է նաեւ Արցախյան հիմնախնդրին եւ այլ հարցերի: Բայց որքան մենք զգանք վտանգի մեծության աստիճանը, այդքան քաղաքական կուսակցությունները սկսում են հաղթահարել իրենց տարբեր տեսակետները»,- պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը` հավելելով, թե համաժողովն ընդունել է համապատասխան բանաձեւ, եւ որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ասի, թե ինչ դիրքորոշում ունի բանաձեւում նշված կետերի վերաբերյալ: Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե, հաշվի առնելով քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի այսօրվա կշիռները, համաժողովն ու մյուս կուսակցություններն ասեին, թե ինչ դիրքորոշում ունեն ՀԱԿ-ի առաջարկած համագործակցության պլատֆորմի` ԼՂ հարցին ու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող կետերի նկատմամբ: Հիշեցնենք, որ ընդամենը 1.5 ամիս առաջ կայացած Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ը հավաքել էր մոտ 17%, ՀՅԴ-ն` 4%, իսկ 1.5 տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածուն դարձյալ մոտ 3 անգամ քիչ ձայն էր ստացել Լ. Տեր-Պետրոսյանի համեմատ: Հիշեցնենք նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած համագործակցության առաջարկի 12 կետերից առաջին 3-ը վերաբերում են հենց այս խնդիրներին: Դրանք են` վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը, իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ ԼՂ հարցի կարգավորման գործում, վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի սահմանած կարգավիճակով, ԼՂՀ-ն հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ: Վերոնշյալ հարցին պատասխանելիս Լ. Մկրտչյանը ասաց, թե Հայաստանում չկա մի ուժ, որ «մեր չափ երկար ժամանակ հաստատուն ընտրազանգված ունեցած լինի»: «Եթե մենք տեսնեինք, որ Հայաստանի քաղաքական դաշտը կայացած է, չի զարգանում առճակատման, սեւ-սպիտակի տրամաբանությամբ, չլինեին ձեւավորված սնկի նման պայթող կուսակցությունները, ես ձեզ հետ կհամաձայնեի: Բայց մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես մեկ օրվա մեջ մի կուսակցությունը զրկվեց բազմաթիվ անդամներից: Արդյոք կա՞ մեծամասնություն այդ դաշտում: Որովհետեւ ժողովրդի դժգոհության հիման վրա կարելի է նաեւ խաղալ, բայց վստահություն ձեւավորել եւ այդ վստահողներին դարձնել կայուն, գաղափարական, ես չեմ կարծում, որ այդպիսի վիճակի մեջ է Հայաստանի քաղաքական դաշտը: Մենք գիտենք մեր գաղափարական դաշտը, ազդեցությունը, այդ դաշտը կայուն էր 1988-1990թթ., 1998-ին եւ հիմա: Մենք տեսել ենք դաշինքներ, որոնք դժգոհության վրա են հիմնվել, ինչպես 4-5 տարի առաջվա «Արդարություն» դաշինքը, եւ տեսեք, թե ինչ վիճակում են այսօր նրանք»,- ասաց Լ. Մկրտչյանը: Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ ՀՅԴ սփյուռքի կառույցները դժգոհ են հայաստանյան ՀՅԴ-ականների գործունեությունից, եւ, որ հենց նրանց ճնշմամբ է ՀՅԴ-ն դուրս եկել կոալիցիայից եւ այլն: Այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ, Կանադայի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանից: «Նման բաներ բացարձակապես չկան, դրանք անհիմն տեղեկություններ են: Պաշտոնապես ՀՅԴ-ն իր կամքն արտահայտում է միացյալ ձեւով, որովհետեւ, ինչպես գիտեք` համահայկական կառույց ունեցող կազմակերպություն է, եւ, ինչպես հավանաբար նկատեցիք, կոալիցիայից դուրս գալու հարցը հիմնականին մեջ խոսեցավ Գերագույն մարմնի մեջ, որ Հայաստանի մեր կազմակերպության բարձրագույն մարմինն է, եւ այնուհետ Բյուրոն եկավ հաստատելու այդ որոշումը: Ուրեմն` դրսի պահանջով չէր, այլ ներքին հասկացողությամբ էր: Ես որեւէ մեկ տարակարծություն չեմ տեսնում մոտեցումներու միջեւ, որովհետեւ ՀՅԴ-ի հիմնական նպատակն այն է, որ մեր ազգային տարբեր բաղկացուցիչ մասերի մեջ հայերն իրենք զգան տեր իրենց հայրենիքի, Արցախի եւ տիրոջ հանգամանքով մոտենան հարցին: Բնական է, որ Սփյուռքեն կարող են ձայներ հնչել, որոնք մի քիչ ավելի արմատական լինեն, քան վերջին որոշումը: Նույնիսկ Հայաստանից կարող են հնչել ձայներ, որոնք մի քիչ ավելի արմատական լինեն, քան վերջին որոշումը: Բայց, ի վերջո, կուսակցությունը երբ որ որոշումի է հանգում, էդ որոշումը բոլոր ընկերներն ընկալում են ամենայն հասկացողությամբ եւ գործածում»,- ասաց նա: Նշենք, որ տարբեր երկրներ ունեն ՀՅԴ բարձրագույն մարմին, Հայաստանի դեպքում դա կոչվում է Գերագույն մարմին, իսկ Բյուրոն ամբողջ ՀՅԴ բարձրագույն մարմինն է, որն ունի 11 անդամ, եւ որից 5-ը ներկայացնում են Հայաստանը: Մեր հարցին, թե համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ կան ՀՅԴ-ի եւ ընդդիմադիր մյուս ուժերի միջեւ, Հ. Տեր-Խաչատրյանը պատասխանեց. «Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն ուժերի համար, որոնք հստակ ազգային գաղափարախոսություն ունին, իրենց հետապնդած նպատակներն ամեն գնով եւ անմիջապես իշխանափոխության կամ աթոռատիրության հարց չէ, այլ կմեկնի իսկապես ընդհանրապես հայ ժողովրդի եւ մասնավորապես Հայաստանի շահերեն»: