Անհնարին վիճակ

27/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

– Ինչո՞ւ եք ջղայնացած:

– Ջղայնացած եմ, որովհետեւ մարդկային անմտությունը կորցրել է չափի
զգացումն առհասարակ: Դարձել է անհնարին եւ անկառավարելի: Այս ազգը ոչ մի
եզրակացություն չհանեց՝ էլ չեմ ասում երկրաշարժից կամ ինչից: Դարեր
շարունակ արաբը, մոնղոլը, սելջուկը, պարսիկը, ռուսը հերթով կոտորել են այս
ազգին: Ինչի՞ համար: Որովհետեւ այս ազգն ահավոր ծանրաբեռնված է չարիքի
աուրայով: 5000 տարվա մեր գոյությունից ընդամենը 50 տարվա անկախություն
ենք ունեցել, մեկ տասներորդը՝ մեր գոյության, այն էլ՝ նարեկացիների,
շնորհալիների, աշոտ ողորմածների շնորհիվ. նրանք են մի կերպ պահպանել այդ
տասը տոկոսը: Այսօր դեպի ինքնակործանում ենք գնում՝ հարուստները հղփացած
են իրենց հարստությամբ եւ ոչնչի մասին չեն մտածում, ամբոխները գազազած են
իրենց նախանձով եւ ոչնչի մասին չեն մտածում, ամբոխն ու վերնախավը
փոխադարձաբար իրար հոշոտում են, եւ այս ամենը տեղի է ունեցել տասնյակ
անգամներ: Ընդ որում, Անիի կործանումից առաջ է եղել՝ եթե ոչ մարգարե, ապա
կանխագուշակ մարդը, ով ասել է՝ «Ձեր չափն իմացեք, վաղը-մյուս օրը այս
քաղաքը կկործանվի», եւ իրոք կործանվեց, եւ Անիի կործանումը չէ միայն,
բոլոր քաղաքակրթությունների կործանումն այդ տեսակետից ակունք ունի իր մեջ
… Այսօր ինքնասպանություն են կատարում՝ դանդաղ հարբեցողությամբ, պլան
քաշելով, սրսկվելով… Ինքնասպանություն ու մարդասպանություն են կատարում՝
մարդկանց հասցնելով այդ վիճակին…

– Ոչ մի ելք չունե՞նք…

– Ելքը միայն այնպիսի ֆենոմեններին իմաստավորելու մեջ է, ինչպիսին Մայր Թերեզան էր, մեր սրբերն էին…

– Դուք այսօր ինչպե՞ս եք ապրում:

– Շատ վատ:

– Ի՞նչ առումով:

– Հոսանքս կողոպտում են, «Կանչ» թերթը լույս չի տեսնում, հոնորարները չենք ստանում…

– Լավ, գոնե էլեկտրաէներգիայի գողության դեպքում չե՞ք կարող դուք ձեզ պաշտպանել…

– Տեխնիկան այնպիսի բան է, որ ինչ ուզեն՝ կանեն… Հատկապես, երբ մենակ
ես, ընտանիք չունես… Ընտանիքն ուրիշ բան է, ընտանիքում լինում են
զոռբաներ, հազարումի ձեւի մարդիկ, ովքեր պահպանում են ընտանիքը… Մի անձը
ի՞նչ պիտի անի, ո՞ր մի գողին հետեւի… Հարեւաններն են գողանում, էն
հարեւանները, որոնց ես անգամ լավություն եմ անում՝ ինձ հասանելիք
մարդասիրական օգնության ալյուրը նրանց տալով… Բայց ես չեմ կարող
հաստատել, ասելն էլ իմաստ չունի, որովհետեւ չեմ կարող ապացուցել, եթե չես
կարող ապացուցել, ուրեմն ավելորդ է քո վրդովմունքը…

– Էս երկրում կա՞ մի բան, որ հնարավոր է ապացուցել:

– Էս երկրում գործում է չգրված օրենքը: Քանի դեռ մենք հնազանդ չլինենք
գրված օրենքին եւ անհնազանդ լինենք չգրված օրենքին, անհնարին է որեւէ բան:
Չգրված օրենքը միշտ էլ խախտելու է գրվածը: Սա նկատել է նույնիսկ Բալզակը,
երբ ասում էր՝ «Սարդոստայնի մեջ փոքր ճանճերն ընկնում մնում են, մեծերն
ընկնում են ու դուրս գալիս»: Հիմա հատուկենտ խեղճ մարդկանց դատում են,
ասում են՝ տեսեք, օրենքը գործում է… Անհնարին վիճակ է… Ուզածդ ըմբոստ
անձնավորության, արդարամիտ մարդու կյանքը, կամքը ժամանակի ընթացքում
մաշվում է: Մաշում են: Մաշում են եւ դարձնում իրենց գործիքը… Անհնարին
վիճակն այնտեղ է, որ եթե չինացիները, ճապոնացիները, Արեւմուտքը ինչ-որ
եզրակացություն հանում են իրենց պատմական սխալներից, այս ազգը բացարձակ ոչ
մի եզրակացություն չի անում: Եվ ազգային նիհիլիզմն այսօր դարձել է
չափանիշ, այսինքն՝ ինչքան այս ազգին ոչնչացնես, այնքան իրենց համար լավ
է… Ես ինքնասպանություն կկատարեի, եթե արգելված չլիներ, եթե
ինքնասպանությունը չլիներ քաղաքացիական պարտություն:

– Դուք ինչո՞ւ եք միշտ այսպիսի փնթի հագուստով…

– Կարծում ես՝ չեմ ուզո՞ւմ նորմալ հագնվել, նորմալ ուտել, նորմալ խմել,
նորմալ ընտանիք ունենալ… Բայց այդ նորմալն իրականացնելու համար մարդ
պիտի վատթարագույնը անի…

– Ո՞րն է վատթարագույնը:

– Վատթարագույնը փոխադարձ պարտությունն է, փոխադարձ հիվանդացումներն են,
փոխադարձ ատելությունն է, կազմակերպված ապերախտությունն է՝ նույնիսկ երբ
մարդը չի ուզում ապերախտ լինել, բայց կազմակերպում են, որ լինի այդպիսին,
ամեն ինչ ուղղված է այն բանին, որ մարդիկ բացարձակապես իրար ո՛չ վստահեն,
ո՛չ սիրեն, ո՛չ մի բան. անհնարին վիճակ է…

– Հիմա դուք այդ ախտերից կամ հիվանդացումներից զե՞րծ եք…

– Հիվանդություններն առաջացնում են արհեստականորեն, դա պատմական փաստ է,
դա այնպիսի ճշմարտություն է, որ բոլորն էլ գիտեն ու պարզապես լռում են:
Որովհետեւ մարդուն հիվանդացնելով՝ նրան խեղճացնում են: «Վարք սրբոցի» մեջ
շատ որոշակիորեն դա կա, այսինքն մարդուն փորձում են աղքատությամբ, մարդուն
փորձում են հարստությամբ, եւ՝ հազար ու մի բանով, եւ փորձում են
հիվանդություններով, հիվանդությունը մաշում է մարդու հոգեկան
կարողությունը… Ի՞նչ է նշանակում՝ սրտոտ. սիրտը եւ քաջությունն իրար հետ
առնչություն ունեն, սիրտը հիվանդացրին՝ էլ ի՞նչ քաջություն կմնա… Բոլոր
տեսակի հոգեկան առաքինությունները կապված են կամքի հետ, կամքը մաշում են
եւ մաշում են աստիճանաբար, ու՝ դու ոչինչ ես, դու զիբիլ ես, քեզ ուզածդ
ժամանակ կոչնչացնեն, բայց չեն ոչնչացնում, որովհետեւ ուզում են, որ դու
ավելի վատը դառնաս՝ նոր ոչնչացնեն՝ սա է խնդիրը. իրադրությունն այդպիսին
է: Ես ինչո՞ւ պետք է քեզ ատեմ, ես քեզ ատելու ոչ մի հիմք չունեմ, դու ինձ
ոչ մի վատ բան չես արել, լավագույն դեպքում դարձել ես, ենթադրենք, մաֆիոզի
կամակատարը եւ ինձ վնաս ես պատճառում, բայց եթե դու չլինես, մեկ ուրիշն է
լինելու՝ ես ինչո՞ւ պետք է քեզ հետ թշնամանամ, երբ դու ընդամենը խեղճացած
գործիք ես, հասկանո՞ւմ ես, դա է խնդիրը…

– Իսկ սերը ինչ բան է…

– Սե՞րը… Օ-օ-օ-օ-օ՜… Պողոս Առաքյալը տվել է սիրո բնորոշումը, ես չեմ ուզում դա նորից ասել, ինքդ բաց կարդա՝ տես:

Բայց հիմա ասեմ իմը՝ սերն այն է, որ պիտի մի բան հասկանաս՝ եթե դու ինքդ
քեզ չզոհես հանուն ուրիշների, միեւնույն է, քեզ կզոհեն… Միեւնույն է,
քեզ ոչնչացնելու են:

Ես գրել եմ Համլետի եւ Ջուլիայի հանդիպումը՝ Ռոմեոյի Ջուլիետայի («Գարուն»
ամսագիրը տպագրությունն հետաձգեց մինչեւ 7-8 համարները), այնտեղ
ամենակատաղած ձեւով ես առաջադրել եմ այսօրվա ամենակատաղած վիճակը՝ Համլետը
փիլիսոփան է մոտավորապես, Ջուլիա-Եվան բոլորովին այն միամիտ աղջիկը չի,
կատաղած մի բան է… Պարզապես իմ ներվերի վրա փորձարկում են կատարում, թե
ինչքան ես կհամբերեմ: Համբերելը կհամբերեմ՝ բա ի՞նչ պիտի անեմ… Այսօր մի
բան գոյություն ունի՝ այն, որ ուզում են ես ինքնասպան լինեմ…

– Ո՞վ է ուզում…

– Հասարակությունը եւ նրան ղեկավարող հանգամանքը… Իսկ ես սպասում եմ՝ երբ պիտի ինձ սպանեն…

– Էդ ո՞ր հանգամանքի մասին եք ասում…

– Դա հանգամանք է՝ կապված հասարակության ամբողջ դրվածքի հետ:
Հասարակության դրվածքը համահուդայացումն է, եւ այսօրվա օրով աթեիզմը շատ
ավելի է քաջալերվում, քան որեւիցե մի հավատք:

– Իսկ իրենք ձեզ կսպանե՞ն, թե՞ ինքնասպան կլինեք… Պարզ է՝ դուք գիտեք…

– Հա՛-հա՛-հա՛… հենց այդ է խնդիրը… Իրենք էլ գիտեն, որ ես գիտեմ:
Իրենք նույնիսկ գիտեն, որ ես գիտեմ, որ իրենք դա գիտեն… Ո՛չ ես եմ
միամիտ, ո՛չ դու, բոլոր դեպքերում քաղաքակրթության մեջ մենք ասում ենք
կիսաճշմարտություններ, որոնց մյուս կեսը բոլորն էլ գլխի են ընկնում…

Տե՛ս, դու ինձ օղի տվեցիր, եւ ես խմում եմ՝ առանց վախենալու, որ կարող է
թունավորած լինես, հիվանդացնող թունավորումը նկատի ունեմ, մահացու չէ՝
հիվանդացնող է, պիտի ցավի էս տեղը, էն տեղը, ես խմում եմ քո բերած թույնը,
դու զարմանում ես՝ հիմա՞ր եմ՝ քո թույնը չխմեմ, ուրիշի թույնը պիտի խմեմ,
ի՞նչ տարբերություն… Ես ուր էլ գնամ, ով էլ որ լինի՝ ես դատապարտված եմ,
այսինքն՝ հիվանդությունները դատապարտում են ինձ, եւ՝ բոլորիդ, էշի
գլուխներ, իմ եւ ձեր տարբերությունը մեծ չի, պարզապես դուք
ինքնախաբեությամբ ասում եք՝ ինձ չի վերաբերի, ուրիշին կվերաբերի, ես առանց
ինքնախաբեության ասում եմ՝ եւ ինձ է վերաբերում, եւ ուրիշին: Ես ուրիշին
չեմ էլ կարող օգնել, նույնիսկ լավ բան ասեմ՝ ինքը մտածելու է, որ ուժը
ուրիշ կողմի վրա է, կապավինի էն ուժին՝ բացասական ուժին, չի ապավինի այն
ճշմարտությանը, որ ես իրեն կասեմ, որը ինքն էլ գիտի… Ես տասնյակ
օրինակներ գիտեմ… Ես 18 տարեկան հասակից այստեղ եմ…

– 18 տարեկանի՞ց եք Հայաստանում…

– Հայաստանում չէ՝ արտասահմանում… Ես ծնվել եմ Եգիպտոսում եւ եկել եմ արտասահման…

– Ինչո՞ւ եկաք, վա՞տ էր այնտեղ…

– Ոչ, պարզապես առաքելություն էր… Ես հետո պարզեցի, որ դա
նախախնամություն էր, հետո՝ ուշացումով… Ես ֆրանսիական ժուռնալում
ֆրանսերեն լեզվով երկու պատմվածք էի տպագրել, մի պատմվածքն այն մասին էր,
որ անմեղ տեղը մի կիսախելագար հալածվում է երեխաների կողմից… Այսօր ես
այդ վիճակի մեջ եմ… Երեխաներին օգտագործում են չափահասների դեմ,
որովհետեւ երեխաները քեն ունեն դեպի չափահասները, որովհետեւ նրանք միշտ
չափահասների ճնշման տակ են եւ քեն ունեն, եւ «լիշ բի» մի չափահաս ընկնի
նրանց ձեռքը, պատրաստ են հոշոտել «լյուբոյին», բացարձակ «լյուբոյին»…
Այն նվաստացումից, որին ենթարկվում է մանկությունը չափահասների կողմից,
մանկությունն ահավոր քինոտ է դառնում եւ վրեժ է լուծում, վրեժ է լուծում
ծնողներից…

Ես ահավոր վատ եմ զգում, գիտե՞ս ինչից, վատ եմ զգում, շատ կներես, որ էս
էշերը իրենց լավ են զգում, ոչ թե վատ եմ զգում, որ նախանձում եմ, վատ եմ
զգում, որ սրանք այնքան ապուշ են, որ վատ զգալու այսպիսի երանգավորում
չունեն, այսինքն՝ խիղճ չունեն…

Ենթադրենք՝ դու պոռնիկ ես, բայց ես քեզ սիրում եմ… Համաշխարհային
մասշտաբով բոլորը պոռնիկ են՝ որը սկզբունքներն է ծախում, որը հավատքը,
բոլորն են պոռնիկ, դու վատ մի զգա, որ դու պոռնիկ ես՝ ոչ թե այն պատճառով,
որ դու ճիշտ ես, նրանք չեն արդարացնում քեզ, նրանք պարզապես օգնում են քեզ
մխիթարվել, որովհետեւ ինքնարդարացումն արդեն մեղքի զգացողություն է…
Հասկանում ես, ամեն ինչ խճճված է, բոլոր չափանիշները խճճված են,
հարաբերականության տեսությունը բերում, ամեն ինչը դարձնում է մի կեղտոտ
քաոս, հարաբերականության տեսության նման սատանայական տեսություն չի կարող
լինել: Ինչպե՞ս: Ամեն ինչ պարզ է՝ սա լավ է, թե վատ է: Էդ ո՞նց կարող է
պատահի, որ դու կարեկցես մեկին իսկապես անկեղծորեն ու պարզվի՝ դու վատ ես
անում… Չի կարող պատահի՝ դա վատ լինի…

– Եթե դուք Եգիպտոսում մնայիք, ինչպիսի՞ն կլինեիք…

– Նույն մարմելադն էր…

– Ընտանիք ունեցե՞լ եք:

– Ընտանիք ունենալու փորձարկում կատարել եմ, ընտանիքն ինձ համար չի:

– Ինչո՞ւ:

– Ընտանիքը նրանց համար է, ովքեր կոչված են գաղափարին ծառայելու, ոչ մի
բան է, կաշկանդող էշի գլուխ մի բան է… Ես փորձեցի ապրել, ինչպես
մյուսները՝ եկամուտս տալիս էի տուն եւ այլն, անում էի ամեն ինչ կարծես թե
այնպես, ինչպես մյուսները՝ ահավոր վատ էր, եւ ես պատահաբար Հին Կտակարանը
մի օր բացեցի, Աստված ասաց՝ «Ես քեզ զրկում եմ սերունդ ունենալուց,
որպեսզի դու արդարացման տեղ չունենաս», ալիբի չունենաս՝ ընտանիք, երեխա…

– Բայց երբեւէ չե՞ք ուզել երեխա ունենալ…

– Ուզեցել եմ, ես էլ մարդկային նույն անասնական տեսակին եմ պատկանում, որ
ուզում է իր նման մի լակոտ լինի… Նույնիսկ կին կար, որ ուզում էր ինձ
տրվել՝ երեխա ունենալու համար, ինչ-որ մի բան, ինչ-որ մի ձայն ինձ
խանգարեց, որ ես այդ բանն անեմ… Այդ կինը սրտի բնածին արատ ուներ,
ամուսինն էլ ալկաշ էր, էն ժամանակ ես չէի խմում, հետո այդ կինը ուրիշից
տղա երեխա ունեցավ, 20 տարեկանում այդ երեխան մահացավ սրտի արատից…
Աստված ինձ փրկեց երեխա ունենալուց, որը 20 տարեկանում պիտի մեռներ,
որպեսզի 20 տարի հետո ես չտառապեմ, հասկանո՞ւմ ես… Ինչ-որ մի բան իջավ
վրաս եւ ես չուզեցի այդ կնոջը… Դա գիտե՞ս ինչի նման էր, դա Բուդդայի
նման էր՝ Բուդդան թագավորի տղա էր, արքայազն, ամեն ինչ ուներ՝ հարեմ,
պոռնիկներ՝ փայլուն կանանոց, եւ Աստված որպեսզի Բուդդային փրկի, նրան
տեսնել տվեց այդ կանանց լրիվ պառաված, թորշոմած, քայքայված, եւ Բուդդան
զգաց, որ՝ չէ… Սարտրն ինչ էր ասում, ասում էր՝ «Կինը քաքի տոպրակ է», է
տղամարդն էլ է քաքի տոպրակ՝ ինչ տարբերություն… Այստեղ ի՞նչ է տեղի
ունենում, ահավոր մի բան է տեղի ունենում՝ ճշմարտությունների,
կիսաճշմարտությունների, այս ամբողջ խառնածին հարաբերականության մեջ
սատանայական ինչ-որ կոկտեյլ է ստացվում, որը բոլորին, համարյա բոլորին
իջեցնում է դեպի դժոխք… Մի ուրիշ հետաքրքիր բան՝ բոլոր սրբերը
ֆենոմեններ են, որ մեծամասնությանը մի քիչ զգաստացնում են, օգնում են,
ինչ-որ բան են անում, բայց մի՜ քիչ, շատ քիչ… Իսկ մեծամասնությունն
ի՞նչ, մեծամասնությունն ամբոխն է՝ նախանձով լցված դեպի հարուստները,
մեծամասնությունը անմտությունն է հարուստների, որ հղփացած են իրենց
հարստությամբ եւ կարծում են՝ իրենց հարստությունն ամենի ինչ է… եւ ոչ
հայկական ուղղափառությունը, ոչ կաթոլիցիզմը, եւ ամեն ինչ այնպես խառնված է
իրար, որ անհնարին վիճակ է… Հիմա ես այսքան քեզ հետ խոսում եմ, չէ՞, ես
նույն անասունն եմ, որովհետեւ մարմինը անասուն է, հիմա քանի որ մարդիկ
առավելապես որպես մարմին են իրենց զգում, չեն հասկանում, որ միեւնույն
է…, որ միեւնույն է…

– Ի՞նչն է միեւնույն…

– Միեւնույն է՝ դու կդիմանա՞ս, թե՞ չես դիմանա… Մինչեւ վերջ շատ քչերն
են դիմանում, նույնիսկ Հիսուսի չափանիշներով… Անհնարին վիճակ է… Մենք
բոլորս կեղտ ենք, որովհետեւ ուզեցինք ավելին իմանալ, քան պետք է, ավելին
չի կարելի իմանալ, քան պետք է, Ակուտագավան 30 տարեկան հասակում իմացավ
ավելին եւ ինքնասպան եղավ, երեխային չես ասում ամբողջ ճշմարտությունը,
ասում ես մոտավորապես ինչ-որ բաներ, ճշմարտությունը տրվում է աստիճանաբար,
ճշմարտությունը տրվում է այնքան աստիճանաբար, այնքան դանդաղ, որքան որ դու
արժանի ես դրան, եւ յուրաքանչուր ընկալածդ ճշմարտության շերտի հետ
միաժամանակ պատասխանատվությունն է ծանրանում… Այսօր Վարուժան
Նալբանդյանն ի՞նչ է՝ զերո է, բայց եթե Վարուժան Նալբանդյանը դառնա
Սատանայի գործիք, գոնե մի 15 հոգի, ովքեր նրան ճանաչում էին, հեշտությամբ
կգնան դեպի դժոխք, կասեն՝ դե Վարուժանը որ չդիմացավ (նույնիսկ ընտանիք
չուներ, նույնիսկ էսպես-էնպես), էլ ի՞նչ նշանակություն ունի՝ մենք
կդիմանանք, չենք դիմանա…