«Ղարաբաղցիների մոտ առկա է այն զգացումը, որ իրենք անձամբ պաշտպանել են իրենց մարդկային եւ քաղաքական իրավունքն՝ ապրել այնպես, ինչպես ապրում են: Այդ զգացումը կարող է Բաքվի կամ Երեւանի սրտով չլինել, այնուամենայնիվ, այն առկա է եւ ստեղծում է հակամարտության յուրահատուկ հոգեբանական համատեքստ: Ղարաբաղցիները որոշակի առումով դիմադրում են ողջ աշխարհին, ինչպես նրանք անձամբ դա զգում են»,- «1news.az» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Առաջին ալիքի «Ինքներդ դատեք» հաղորդման հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն: Նա նաեւ նշել է, որ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել` առանց Ղարաբաղի կամքը հաշվի առնելու: «Եթե նույնիսկ Երեւանն ու Բաքուն Ղարաբաղի մեջքի հետեւում պայմանավորվեն ինչ-որ ձեւաչափերի շուրջ, ապա Ղարաբաղի ժողովուրդը դա չի ընդունի, եւ նրանք պատրաստ կլինեն հակամարտել թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ»,- նշել է լրագրողը` ավելացնելով, որ ղարաբաղցիները չեն ցանկանում լինել այն պայմանավորվածությունների գերին, որոնք ձեռք են բերվելու առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: «Իսկ իրենց կարծիքը բարդ է, քանի որ այնտեղ կան թե կառուցողական մտածելակերպով օժտված մարդիկ, թե ծայրահեղականներ, ովքեր Ադրբեջանի հետ ոչ մի բանակցություն չեն ցանկանում: Բայց կան նաեւ շատ խելացի մարդիկ, ովքեր Ադրբեջանի հետ խաղաղություն են ցանկանում, ովքեր պատրաստ են նրան, որ ադրբեջանցիները` հատկապես Ղարաբաղի բնակիչները, վերադառնան: Սակայն նրանց համար քննարկման ենթակա չէ մի հարց. նրանք պարզապես ձեռքները ծալած, վայր դնելով զենքերը, չեն ենթարկվի ոչ մեկին, ով կցանկանա առանց իրենց մասնակցության որոշել իրենց ճակատագիրը»,- հայտարարել է ռուս լրագրողը: