Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական (ՌԱԿ) վարչության տարածած հայտարարության համաձայն, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հակակուսակցական գործունեության եւ «կուսակցական իր ուխտին երդմնազանց լինելու համար» վտարվել է ՌԱԿ-ից: Մեկնաբանելով այս փաստը, Հ. Ավետիքյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ առաջին անգամը չէ, որ ՌԱԿ կենտրոնական վարչությունը նման որոշում է կայացնում: Առաջինը 1996թ. էր, որից մեկ տարի հետո Հ. Ավետիքյանին հրավիրում են Փարիզ՝ հաշտության բանակցություններին մասնակցելու:
Վտարման այս երկրորդ որոշումը Հ.Ավետիքյանն իմացել է պատահաբար՝ մամլո հաղորդումներից, այն դեպքում, երբ ՌԱԿ կանոնադրությունը նախատեսում է վտարման հստակ ընթացակարգ: Անհրաժեշտության դեպքում կազմվում է դատական ատյան, որը տվյալ կուսակցականին գրավոր հրավիրում է ժողովի, քննում խնդրո առարկա հարցը, իր եզրակացությունը ներկայացնում Կենտրոնական վարչությանը: Վերջինս հաստատում կամ մերժում է դատական ատյանի որոշումը: Ընդ որում, դատական ատյանում ներգրավվում են Կենտրոնական վարչության անդամ չհանդիսացող կուսակցականներ: ԿՎ որոշումը Հ. Ավետիքյանը որակել է հակականոնադրական: Նրա խոսքերով, փոխանակ բարձրացրած հարցերի շուրջ խորհելու, լուծումներ ու գործնական քայլեր կատարելու, Կենտրոնական վարչության անդամները նախընտրել են վտարման որոշում կայացնել: