ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հուլիսի 10-11-ը Ստեփանակերտում գումարված համաժողովի ժամանակ` անդրադառնալով համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարությանն ու պատասխանելով այն հարցին, թե երբեւէ ԼՂՀ ղեկավարությունը տվե՞լ է իր համաձայնությունը ազատագրված տարածքները վերադարձնելու վերաբերյալ, ասել է, թե երբ որ իրենք հնարավորություն են ունեցել հանդիպել համանախագահներին, նրանց հայտնել են, որ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի կետերը ԼՂՀ-ի համար ընդունելի չեն: «Համանախագահների հետ խոսվել է, եթե կարելի է ասել` ոչ ջղային ձեւով, այլ բավականին հանգիստ ասվել է, որ ձեր ներկայացրած բոլոր փաստաթղթերը, այդ կետերը (շատ էլ չմանրացնելով, որ չմտնենք վեճի եւ բանակցային կոնսուլտացիաների մեջ) մեզ չի բավարարում, եւ մենք ունենալու ենք մեր մոտեցումը: Դա բազմիցս է ասվել: Իսկ թե կոնկրետ ի՞նչ մոտեցում է դա, կարծում եմ, մոտակա ժամանակ կերեւա»,- հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարը: